Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԴ-ն ինքն է շարժվում դեպի Արեւմուտք»

Հուլիս 16,2010 00:00

Արձանագրում է Էդվարդ Անտինյանը

«Դեմպրոս» հասարակական կազմակերպության նախագահ Էդվարդ Անտինյանն «Առավոտի» ուշադրությունը հրավիրեց հետեւյալ հանգամանքի վրա. «Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը վերջերս հայտարարեց, որ իրենց երկրի արտաքին քաղաքական հայեցակարգի օրակարգում առաջին հերթին Եվրամիությունն է, երկրորդ հերթին՝ ԱՄՆ-ն, եւ երրորդ հերթին՝ ԱՊՀ երկրները։ Ի՞նչն է շատ տարօրինակ. տարիների ընթացքում անընդհատ ներկայացնում էինք, որ Հայաստանի համար որպես արտաքին քաղաքական զարգացման ուղենիշ պետք է լինի եվրաինտեգրացիան, նշում էինք, որ Արեւելքում մենք նման համակարգեր չունենք, որ մենք քաղաքակրթական արժեհամակարգային առումով դեպի Արեւմուտք ենք։ Բայց Հայաստանում փորձում էին ճնշել այդ կարծիքները, անգամ որպես այլընտրանքային կարծիքի էին դեմ, որ դա Հայաստանում հնչի: Ասում էին, թե մենք չպետք է դավաճանենք ՌԴ շահերին, պետք է շարժվենք դեպի Ռուսաստան։ Այսօր ի՞նչ է ստացվում՝ Ռուսաստանն ի՛նքն է շարժվում դեպի Արեւմուտք։ Տպավորությունն այնպիսին է, որ մենք գնում ենք Ռուսաստան՝ մեկ էլ տեսնում, որ ՌԴ-ն «տեղում չէ, բայց տարածքում է», եւ Ռուսաստանը դեպի Արեւմուտք է գնացել»:

Որպես մի օրինակ, թե ժամանակին ինչ արձագանք էին ստանում իր պնդումները՝ մեր զրուցակիցը նշեց. «Երբ ժամանակին Ռուսաստանի տարածքում ազգությամբ հայերին սպանում էին՝ մի քանի անգամ ինձ հրավիրեցին հեռուստաելույթի, ու նաեւ հրավիրում էին կա՛մ միացված, կա՛մ նորացված, կա՛մ իսկական, բայց ժամկետանց կոմունիստի, որը հակադրվի, թե ինչու ենք խոսում, որ հայերին սպանում են Ռուսաստանում, ՌԴ-ն մեր բարեկամն է, դաշնակիցը, ու պետք չէ սեպ խրել, եւ Ռուսաստանում եթե հայ են սպանում, ապա դա ընդամենը կենցաղային հողի վրա է՝ հայերն իրենց լավ չեն պահում, եւ դրա համար են սպանում: Այնքան այդպես ասվեց՝ մինչեւ ռուսական իշխանություններն իրենք խոստովանեցին, որ իրենց մոտ այդ խնդիրը՝ օտարատյացությունը, կա, եւ լուրջ քաղաքականություն սկսեցին դրա դեմ: Բայց չէ՞ որ այդ ընթացքում շատ հայեր զոհվեցին: 2,5 միլիոն հայ կա Ռուսաստանում՝ շատ հայ ծնողներ իրենց երեխաներին ուղարկում էին դասի՝ կարծես ուղարկեին ռազմաճակատ, չգիտեին՝ օրվա վերջում երեխայի՞ն կտան, թե՞ սեւ թուղթը: Եվ ո՞րն էր մեր անելիքը՝ որպես պետություն. գոնե այդ ամենին պետք է ժամանակին արձագանքեինք»:

Էդվարդ Անտինյանը նաեւ հիշեցրեց. «Տարիներ շարունակ ասել ենք, որ եվրաինտեգրացիան ոչ միայն Հայաստանի ուղղությունն է, այլ դեռ 2006 թվականին հոդվածներիցս մեկում հստակ նշել եմ, որ անգամ Ռուսաստանի ճանապարհն է դեպի եվրաինտեգրացիա, որ ՌԴ-ն չպիտի հակադրվի Արեւմուտքին եւ փորձի գործընկեր ման գալ՝ ի դեմս Չինաստանի եւ Հնդկաստանի։ Եվ այսօր, բարեբախտաբար, Ռուսաստանն ինքն է ընդունում, որ այդ ճանապարհը ճիշտ է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել