Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՇՈՈՒ

Հուլիս 16,2010 00:00

\"\"ՀՀՇ լրատվական ծառայության ղեկավար Կարեն Կարապետյանն այսպես է որակում կուսակցության համագումարից առաջ պառակտումների մասին թեժացող լուրերը:

Մոտ մեկ ամիս առաջ Հայոց համազգային շարժում կուսակցությունում ստեղծված իրավիճակի շուրջ թեեւ բոլոր հնարավոր պարզաբանումները տրվեցին, սակայն նախահամագումարյան շրջանում մամուլում եւ քաղաքական դաշտում վերսկսվել են ՀՀՇ-ի պառակտումների մասին ամենատարբեր խոսակցություններն ու մեկնաբանությունները: Հիշեցնենք, որ ՀՀՇ 16-րդ համագումարը կայանալու է հուլիսի 17-ին: Երեկ «Առավոտի» հետ զրույցում մեկնաբանելով «աշխուժացման» այս ալիքը՝ ՀՀՇ վարչության անդամ, լրատվական բաժնի պատասխանատու Կարեն Կարապետյանը մեկ անգամ եւս հավաստիացրեց, որ իրականում կուսակցությունում «երկու թեւ», այն է՝ պառակտում, գոյություն չունի. «Պարզապես շատ հաճախ մամուլում միտումնավոր կերպով նման հրապարակումներ են ի հայտ գալիս, որոշ լրատվամիջոցների պարզապես ձեռնտու է նման իրավիճակներ տեսնել եւ դրանք սեփական շահին ծառայեցնել, դրանք հաճախ ստեղծվում են արհեստականորեն՝ շոուի, բեմականացման վերածելու համար, քանի որ ամեն մի հերքում տեղիք է տալիս մի նոր հարցազրույցի կամ մեկնաբանության»: Մեր զրուցակիցը չի բացառում, որ այդ հրապարակումների ետեւում կանգնած են նաեւ քաղաքական ուժեր, որոնք երազում են ընդդիմության պառակտումը, ինչպես նաեւ չի բացառում, որ նման հրապարակումները երբեմն նաեւ սուբյեկտիվ վերլուծությունների արդյունք են. «Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ՀՀՇ-ում պառակտում գոյություն չունի»: Դիտարկմանն էլ, որ ամեն դեպքում կուսակցությունը հաշտ-համերաշխ չի գնում համագումարի, հակադարձեց. «Համագումարն, ի դեպ, նաեւ կանոնադրական պահանջ է: ՀՀՇ-ն չի գնում արտահերթ համագումարի, այսինքն՝ մենք ստիպված չենք համագումար անում, պարզապես կատարում ենք կուսակցությունների մասին ՀՀ օրենքի եւ մեր կուսակցության կանոնադրական պահանջը՝ երկու տարին մեկ անգամ կուսակցությունը պարտավոր է համագումար գումարել, վերընտրել վարչություն: Սա 1989 թվականից առ այսօր պարբերաբար տեղի ունեցող պրոցես է, եւ շատ բնական է, որ համագումարների միջեւ ընկած ժամանակահատվածում կուսակցությունում հարցեր են առաջանում, որոնք իրենց լուծումը գտնում են հենց համագումարում»:

Օրերս տեղի ունեցավ նաեւ «Ժառանգություն» կուսակցության համագումարը, որը քաղաքական դաշտում եւ մամուլում դարձյալ քննարկումների ու մեկնաբանությունների առիթ տվեց: Կարեն Կարապետյանից հետաքրքրվեցինք՝ ՀՀՇ-ում ներկուսակցական քննարկումներ եղե՞լ են «Ժառանգության» համագումարում տեղի ունեցածի, հնչած կարծիքների եւ դրանց շուրջ շրջանառվող մեկնաբանությունների վերաբերյալ. ՀՀՇ-ում «Ժառանգության» հետ հնարավոր համագործակցության եզրեր տեսնո՞ւմ են: «ՀՀՇ-ն ինքն այս օրերին զբաղված է իր համագումարի նախապատրաստություններով, եւ այդ եռուզեռի մեջ շատ այլ հարցերի քննարկման ժամանակ պարզապես չենք ունեցել: Սակայն, լինելով ՀԱԿ անդամ կուսակցություններից մեկը, ՀՀՇ-ն համագործակցում է այն ուժերի եւ անհատների հետ, ովքեր համագործակցում են Կոնգրեսի հետ»:

ՀՀՇ համագումարը Կարեն Կարապետյանը չի համարում պատրաստություն առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Ընդունվելիք բանաձեւն, ըստ նրա, կլինի դասական՝ գնահատական ներքին եւ արտաքին քաղաքականությանը: Իսկ ինչ մնում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, մեր զրուցակիցը կասկած չունի, որ գործող վարչախումբը գործի է դնելու ապօրինությունների՝ իրեն լավ հայտնի ողջ շղթան՝ խորհրդարանում մեծամասնություն «փախցնելու» համար: «Հայաստանում տարիներ շարունակ արդեն ստեղծված է մի վիճակ, որ Ազգային ժողովում մեծամասնություն չի կազմում այն կուսակցությունը կամ ուժը, որը ստացել է ժողովրդի քվեն, այլ այն ուժը, որի ընտրական ցուցակը կազմվում է ՀՀ նախագահի նստավայրում: Հանրությունը բազմիցս ապացուցեց, որ այս իշխանությանն ինքն իր վստահության քվեն չի տա որեւէ ընտրական մակարդակում, այս անգամ էլ ժողովուրդը չի հանդուրժի ապօրինությունները, եւ յուրաքանչյուր քաղաքացի, օգտվելով իր քաղաքացիական իրավունքներից, կպայքարի ապօրինությունների դեմ ու տեր կկանգնի իր իրավունքին»: Հնարավոր քաղաքական վերադասավորումների մասով էլ մեր զրուցակիցը նկատում է. «Բավականին ժամանակ խոսակցություններ են պտտվում, որ «Ժառանգությունն» ու Դաշնակցությունը ցանկանում են համագործակցել. չգիտեմ՝ նախընտրական շրջանում նման դաշինք կձեւավորվի, թե ոչ: Ինչ վերաբերում է վարչախմբի շահերը սպասարկող կուսակցություններին, ապա վստահ եմ, որ եթե ամեն ինչ մնա ժողովրդի քվեին, կառավարող ոչ մի կուսակցություն չի հայտնվի ԱԺ-ում: Եթե այս ընտրությունները լինեն արդար եւ թափանցիկ՝ Հայ ազգային կոնգրեսն այս ընտրություններում ստանալու է ժողովրդի բացարձակ մեծամասնության քվեն եւ ԱԺ-ում կզբաղեցնի առաջին տեղը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել