Երեկ միասնական քննությունների լրացուցիչ փուլը եզրափակվեց անգլերենի, ֆրանսերենի, իսպաներենի, պարսկերենի քննություններով: Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում 256 դիմորդ-շրջանավարտ քննություն հանձնեց անգլերենից, 8-ը՝ ֆրանսերենից, 26-ը՝ գերմաներենից եւ մեկական դիմորդ՝ իսպաներենից ու պարսկերենից: Պարսկերենից քննություն հանձնող ազգությամբ եզդի դիմորդ-շրջանավարտ Մամե Ամիրյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Դիմել եմ ԵՊՀ արեւելագիտական ֆակուլտետի իրանական բաժինը, ուղղակի պարսկերենը հետաքրքիր էր նրանով, որ Իրանը հին պետություն է եւ նրա պատմությունն առնչվում է հայերի եւ այլազգիների հետ: Բացի այդ, ինձ ավելի հեշտ է սովորել պարսկերենը, քանի որ եզդիերենն ավելի շատ նմանություններ ունի այս լեզվի հետ, քան անգլերենի կամ այլ օտար լեզվի հետ»: Իսկ դրսում հավաքված ծնողները դժգոհում էին, թե իրենց թույլ չեն տալիս բարձրանալ քննասենյակ եւ տեսնել երեխաներին: Այս մասին քննակենտրոնի ղեկավար Ալեքսան Եսայանն ասաց. «Թույլ չենք տալիս, քանի որ նրանք խանգարում են իրենց երեխաներին: Եթե ծնողը լինի քննասենյակում կամ փոքր-ինչ դուրս, երեխան կտեսնի նրան եւ կհուզվի, ու քննական ընթացքը կխանգարվի»: ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյանն էլ ամփոփեց միասնական քննությունները. «Բոլոր երկրները գնում են զարգացման ճանապարհով, նույն Օբաման էլ էր ասում, որ ԱՄՆ-ն մաթեմատիկայով ետ է մնում Չինաստանից, Հնդկաստանից եւ համարում է, որ դա ազգային կատաստրոֆա է: Մենք էլ պիտի ձգտենք առաջ գնալ, բայց մյուս կողմից հաշվի առնելով այս տարվա ցածր արդյունքները, երեւի մյուս տարի արժե մի փոքր թեթեւացնել թեստերը՝ բոլոր առարկաների մասով»: Միասնական քննություններից հետո առարկաների միջին միավորները տեսնելով՝ անզեն աչքով էլ պարզ է դառնում, որ մրցութային շեմը համարյա թե բոլոր մասնագիտությունների գծով իջնելու է: Սա նաեւ փաստեց Գ. Խաչատրյանը: