Մինչ նախագահականը լռում է՝ կառավարությունը գործով հաստատում է շրջանառվող լուրերը
ՀՀ վարչապետի օգնական Արամ Անանյանը երեկ tert.am-ի հետ զրույցում հաստատել է Արարատի մարզպետ Վարդգես Հովակիմյանին պաշտոնից ազատելու տեղեկությունը եւ ասել, որ Հովակիմյանը ազատման դիմում է ներկայացրել: Կառավարությունն այսօրվա նիստում կընդունի Հովակիմյանի՝ Արարատի մարզպետի պաշտոնից ազատման ու Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Էդիկ Բարսեղյանին այդ պաշտոնում նշանակելու որոշում։
Մինչդեռ «Առավոտը» դեռեւս հունիսի 21-ին էլեկտրոնային հարցում է ուղարկել ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանին եւ խնդրել պատասխանել մարզպետների հնարավոր փոփոխությունների մասին հարցերին: «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 9-րդ հոդվածի համաձայն, նախագահի մամուլի քարտուղարը պարտավոր էր հնգօրյա ժամկետում պատասխանել մեր հարցմանը: Հունիսի 21-ից 22 օր է անցել: Պատասխան դեռ չենք ստացել: Հրապարակում ենք մեր հարցումը:
«Այս տարվա մայիսի 20-ին ՀՀ Շիրակի մարզպետ նշանակվեց Աշոտ Գիզիրյանը: Նշանակումից հետո խոսակցություններ կային, թե այլ մարզերում էլ են մարզպետների փոփոխություններ լինելու: Հունիսի 12-ին Սերժ Սարգսյանը աշխատանքային հանդիպում ունեցավ Լոռու մարզպետ Արամ Քոչարյանի, իսկ հունիսի 17-ին՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ: Այս հանդիպումների մասին պաշտոնական տեղեկատվության մեջ ոչ մի մանրամասն չկար: Խնդրում ենք պատասխանել հետեւյալ հարցերին: 1. Որքանո՞վ են իրականությանը համապատասխանում մարզպետների փոփոխությունների մասին խոսակցությունները: Սերժ Սարգսյանը մտադի՞ր է նման փոփոխություններ առաջարկել ՀՀ կառավարությանը: 2. Եթե հանդիպումները աշխատանքային են, ինչո՞ւ է այդ մասին պաշտոնական հաղորդագրություն տարածվում: 3. Եթե ՀՀ նախագահի աշխատակազմը նպատակահարմար է գտել աշխատանքային հանդիպման մասին տեղեկացնել հանրությանը, ինչո՞ւ պաշտոնական հաղորդագրության մեջ հանդիպումներից ոչ մի մանրամասն ներկայացված չէ: 4. Ի՞նչ հարցեր է քննարկել ՀՀ նախագահը հունիսի 12-ին Լոռու, իսկ հունիսի 17-ին՝ Սյունիքի մարզպետի հետ աշխատանքային հանդիպումների ժամանակ: 5. Աշոտ Գիզիրյանը արդեն երրորդ մարզպետն է, ով երկար տարիներ աշխատել է ոստիկանությունում: ՀՀ նախագահի համար որքանո՞վ է ընդունելի ոստիկանին մարզպետ նշանակելու կառավարության մոտեցումը»: