Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՐՁ ԿԱ, ՍՊԱՍԱՐԿՈՒՄ՝ ՈՉ

Հուլիս 15,2010 00:00

Բնության «տերերը» միայն փող հավաքե՞լ գիտեն

\"\"\"\"

Ամռան տապը քաղաքաբնակներին ստիպում է կանաչ, թթվածնառատ ու զով վայրեր փնտրել քաղաքից դուրս: Փոքրիշատե հնարավորություն ունեցողներն իրենց թույլ են տալիս հանգստյան օրերն անցկացնել Սեւանի ափին, իսկ ավելի համեստ եկամուտ ունեցողները նախընտրում են իրենց հանգիստը սահմանափակել մեկ օրվա շրջանակում եւ կազմակերպել այն Աշտարակի, Գառնու, Արզնու ձորերում, Ապարանի ջրամբարի ափերին կամ Բյուրականի անտառներում:
Քաղաքի տոթից հենց այս վայրերում զովացողների տարեցտարի աճող թիվը սեզոնային բիզնեսի սիրահարներին ստիպել է վերանայել իրենց նախորդ տարիների գնային քաղաքականությունը: Եթե 1-2 տարի առաջ Աշտարակի ձորում մի քանի ժամ անցկացնելու համար ձորն իրենցով արածները տեղի վարձ էին գանձում մինչեւ 10 000 դրամ, ապա այս տարի գները սկսում են 10 000-ից եւ հասնում 35 000 դրամի: Գործում են նաեւ հավելյալ ծառայություններ: Օրինակ, եթե ցանկություն ունես օգտվել սառնարանից, ապա 1 շիշ օղին սառը պահելու համար պետք է վճարես եւս 1000 դրամ: Իսկ որքան բարձր է տեղի վարձը, այնքան «բարձրակարգ» են սեղանն ու աթոռը կամ՝ «բեսեդկան», որոնք տարածքի տերերը էլիտար են կոչում:
Ի տարբերություն Աշտարակի ձորի, Ապարանի ջրամբարի ափերի «սեփականատերերը» ավելի խղճով են: Ոչ միայն տեղի հաստատագրված գին ունեն՝ 3000 դրամ, նաեւ սակարկելու հնարավորություն են տալիս:
Դեպի ջրամբար մուտքը հանգստացողներից բաժանում է արգելափակոցը, որը բարձրանում է միայն 3000 դրամը կլլելուց հետո: Նկարում պատկերված խոժոռադեմ տղամարդը, ում ձեռքում էր արգելափակոցի «բանալին», տարածքը նայողն է եւ անվճար տարածք մուտք գործել ցանկացողներին՝ արգելողը: Որեւէ լեզու անզոր էր նրան բացատրել, որ հայրենի բնության մեջ, գողտրիկ մի անկյունում մեկ-երկու ժամ նստել՝ թթվածին շնչելը որեւէ օրենքով կամ փակոցով չի արգելվում: «Վճարեք եւ ինչքան ուզում եք՝ շնչեք»,- ասաց: Անիմաստ համարելով համառ «գործարարին» դիմակայելը, պահանջվող գումարը վճարեցինք եւ մենք էլ մեր հերթին ՀԴՄ կտրոն պահանջեցինք: Ցնցող կլիներ՝ եթե ստանայինք: Երիտասարդի հայացքը ամեն ինչ ասում էր՝ «ՀԴՄ-ն ի՞նչ է… ՀԴՄ կտրոնը ի՞նչ է…» տրամաբանության մեջ: Ամեն դեպքում՝ գործարքը կայացավ, ու մենք անցանք Ռուբիկոնը:
Այն, ինչին ականատես եղանք՝ բարբարոսություն էր բնության հանդեպ: Համատարած աղբն ու փնթիությունը միանգամից աչքի զարնվեցին: Ամենուրեք կրակի հետքեր էին, կոտրված ճյուղեր, դատարկ շշեր ու կերակուրի մնացորդներ, ոտքերի տակից փախչող աղբ, ցելոֆանե տոպրակներ: Բարեբախտաբար, այցելուների թիվն այստեղ էականորեն զիջում է Աշտարակի ձորը նախընտրողներին, այլապես ջրամբարի մերձակայքում թափված աղբի ծավալները մի քանի անգամ ավելին կլինեին: Ցավոք, քիչ այցելությունները չեն ենթադրում մաքուր տարածք: Ո՞վ է Ապարանի ջրամբարում տիրություն անողը, որ փող գանձել գիտի, իսկ սպասարկել՝ ոչ:
Այն մասին, որ մենք ոչինչ չենք խնայում բնությունից հնարավոր ամեն ինչ վերցնելու եւ փոխարենը ոչինչ չտալու, բնության «հերն անիծելու» համար՝ շատ է խոսվել: Որքան էլ հասարակական կազմակերպությունները, երբեմն էլ՝ կառավարության ներկայացուցիչները անձնական օրինակներով բնության սանիտարներ դառնան, միեւնույն է՝ շարքային քաղաքացին էլի մնում է նույն անտարբերը, բնության նկատմամբ նույն բարբարոսն ու սպառողը: Այստեղ ոչ երկրորդական դեր են խաղում հենց բնության յուրաքանչյուր քառակուսի մետրից գումար սարքողները կամ, ինչպես ընդունված է ասել՝ օդից փող «կպցնողները»: Իրենց ո՞ր ծառայության դիմաց են փող վերցնում, երբ հաճախորդին, աղբակույտերից բացի, այլ բան չեն առաջարկում: Ու «տարածք նայողի» դեմ անզոր քաղաքացին բնությունից է իր «մուռը» հանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել