Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԳԱԶԱՏԱՐԻ ՎԱՃԱՌՔԸ ՉԻ՞ ՄՏԱՀՈԳՈՒՄ

Հուլիս 15,2010 00:00

ՀՀ կառավարությունը ոչ մի մտահոգություն չունի Հայաստան-Վրաստան գազատարի հնարավոր վաճառքի առնչությամբ: Երեկվա ասուլիսում հայտարարեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը. «Այս պահին Վրաստանի իշխանությունները ոչ հայտարարել են, ոչ էլ պատրաստվում են վաճառել Հայաստան-Վրաստան գազատարը, ընդամենը հանել են ստրատեգիական օբյեկտների ցանկից, եթե նույնիսկ այն վաճառքի հանվի, մեր երկրի համար որեւէ ցնցող իրավիճակ չի ստեղծի»: Նախարարը տեղեկացրեց, որ այս տարվա առաջին կիսամյակին էլեկտրաէներգիայի արտադրությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 15%-ով: Ըստ նրա, աճի արձանագրումը պայմանավորված է հանրապետությունում էլեկտրաէներգիայի ներքին սպառման ավելացմամբ: Նախորդ տարվա համեմատությամբ աճել է նաեւ հանքարդյունաբերությունը՝ մոտ 125%-ով, իսկ ապրանքային արտադրանքի տեսքով՝ 180%-ով: Պարոն Մովսիսյանի խոսքերով, 1 ամսից կմեկնարկի Մեղրիի ՀԷԿ-ի բարձր լարման էլեկտրահաղորդման գծի շինարարությունը, աշնանից էլ կսկսվեն նավթամթերքատար խողովակաշարի շինաշխատանքները: Նախարարն ասաց, որ այն մեզ համար ստրատեգիական նշանակություն է ունենալու եւ մրցույթով հանձնվելու է մասնավոր ընկերությունների: Խողովակաշարը հնարավորություն կտա բենզին ու դիզելային վառելիք ստանալ Պարսից ծոցում վաճառվող գներով: Ներդրումներն իրականացնում է պետությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել