«Ոսկե ծիրանի» շրջանակներում Հայաստանում է կորեացի հռչակավոր գրող, 2003-05 թթ. նորընտիր լիբերալ կառավարության՝ Հարավային Կորեայի մշակույթի եւ տուրիզմի նախարար, կինոռեժիսոր, Կաննի մրցանակակիր Լի Չան-Դոն:
Կինոռեժիսորը երկրորդ անգամ է Հայաստանում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոստովանեց. «Երջանիկ եմ, որ գտնվում եմ Հայաստանում: 3 տարի առաջ եմ եղել այստեղ: Այն ժամանակ հիացած գնացի. զարմացած էի, թե ինչ ուշադրությամբ եւ հետաքրքրասիրությամբ է հայ հանդիսատեսը դիտում իմ ֆիլմերը: Հույս ունեմ, որ այս տարի էլ այդպես կլինի»:
Փառատոնին Լի Չան-Դոն ներկայացել է «Պոեզիա» ֆիլմով. «Հուսամ՝ կհասկանան ֆիլմս եւ չեն դժգոհի բարդությունից: Իմ ֆիլմերը միշտ բոլորը չեն հասկանում կամ դժգոհում են, որ դժվար ընկալելի է»:
Իսկ թե ինչու են դժգոհում եւ ինչու են նրա ստեղծած ֆիլմերն այդքան բարդ ու երկար, Լին քմծիծաղով պատասխանեց. «Ֆիլմը զվարճանալու ապրանք չէ: Այն պետք է հարց ունենա, ինչը պետք է հուզի հանդիսատեսին: Ես չեմ ստեղծում ֆիլմեր՝ զվարճության համար: Ֆիլմ նկարելիս փորձում եմ կրճատել իրականության եւ կինոյի միջեւ ընկած տարածությունը, փորձում եմ իրականությունը պատկերել: Իսկ իմ ֆիլմերը միշտ հեռու են երազ լինելուց, եւ երբ իմ հանդիսատեսը դուրս է գալիս երազից եւ մոտենում է իրականությանը, այսինքն՝ նրան պարզ է դառնում, որ դա կարող է իրականություն լինել, սկսում է վախենալ: Հենց այդ վախն է, որ չի թողնում մարդուն հեշտ ընկալել ֆիլմս, հանգիստ դիտել»:
Թե ինչպես է կարողանում միաժամանակ եւ գրել, եւ ֆիլմեր ստեղծել՝ ասաց. «Երբ գրում եմ, մտածում եմ, թե դա մի սիրային նամակ է՝ ուղղված մեկին, իսկ սցենար գրելիս մտածում եմ, որ այն դիտելու են շատերը»:
Հարավային Կորեայի նախկին մշակույթի նախարարը չհպարտացավ իր երբեմնի պաշտոնով, ավելին, ըստ նրա, այդ պաշտոնն այն չէր, ինչ ինքն էր ցանկանում. «Դժվար գործ է, սակայն ես ամեն ինչ անում էի, որպեսզի կարողանայի պատվով դուրս գալ»: