Աշխատանքային այցով Երեւանում գտնվող Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին երեկ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նա ծաղիկներ է դրել հուշահամալիրում եւ ծառ տնկել Հիշողության ծառուղում: Այս մասին տեղեկացնում է «ԱրմԻնֆո» գործակալությունը:
Հիշեցնենք, որ 2005 թվականին Լեհաստանի Սեյմը ճանաչել է Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում: «Հայաստանը չափազանց գործնական դիրքորոշում է դրսեւորում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում»,- հայտարարել է Լեհաստանի արտգործնախարարը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում: Նա ողջունել է Հայաստանի դիրքորոշումն այդ հարցում եւ հույս հայտնել, որ առկա իրավիճակը կփոխվի դեպի լավը: