Այդպես են ներկայացնում Օսլոյում իրենց երեք օրերը ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամները:
ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը վերադարձել է Օսլոյից, որտեղ մասնակցել է Խորհրդարանական վեհաժողովի տարեկան 19-րդ նստաշրջանին: Ըստ պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանի, հայաստանյան պատվիրակությունը այնտեղ լավ է աշխատել, իսկ լրագրողները՝ վատ, քանի որ չեն լուսաբանել այդ նստաշրջանը եւ դրա մասին տեղեկությունները ներկայացրել են՝ հղումներ անելով ադրբեջանական լրատվամիջոցներին: «Առավոտը» նկատեց, որ տարիներ շարունակ ԵԱՀԿ ԽՎ չեն գործուղվում լրագրողներ՝ տեղում Վեհաժողովի աշխատանքները լուսաբանելու համար, մինչդեռ Ադրբեջանի լրատվամիջոցների ներկայացուցիչները ուղղակի «տնավորված» են այս կարգի կառույցներում: Նաեւ ասացինք, որ մենք բազմիցս ենք փորձել նստաշրջանի աշխատանքների օրերին զանգահարել պարոն Արամ Սաֆարյանին՝ տեղեկություններ ստանալու ակնկալիքով, բայց նրա հեռախոսահամարը անջատված է եղել: Արամ Սաֆարյանը երեկ հայտարարեց, որ եւ ինքը՝ որպես պատվիրակության ղեկավար, եւ անդամները՝ Արտակ Դավթյանը եւ Խաչիկ Հարությունյանը, այնտեղ լավ են աշխատել: Արտակ Դավթյանը հատուկ շնորհակալություն հայտնեց նաեւ պատվիրակության քարտուղար Անահիտ Գասպարյանին: Արտակ Դավթյանը հայտնեց նաեւ, որ հայկական որեւէ լրատվամիջոց այս բոլոր տարիներին չի դիմել ԵԱՀԿ ԽՎ-ում մամուլի հարցերով պատասխանատուներին: Հերքեց ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունները, որ իբր ներկայացրած բանաձեւում տեղ է գտել ադրբեջանական լրացումը, համաձայն որի՝ ԼՂՀ-ն եւս ներառված է չվերահսկվող տարածքների ցուցակի մեջ. «Մեր պատվիրակությունը միացել է հույների առաջարկին՝ նախապես զգալով վտանգը, որ ադրբեջանցիները եւս կարող են լրացում կատարել, եւ փաստորեն, երբ ընդունվեց մեր առաջարկը, ադրբեջանցիներն ավտոմատ դուրս մնացին: Այսինքն՝ ընդունվեց մեր առաջարկությունը, եւ ադրբեջանական առաջարկությունը, որին միացել էին նաեւ վրացիները, ուղղակի դուրս մնաց: Այսինքն՝ այս ամբողջ ապատեղեկատվությունը, որն ուղղված է ՀՀ-ի դեմ, ինձ համար առնվազն զարմանալի է, թե ինչպես կարող է տեղ գտնել մեր լրատվամիջոցներում»: Խաչիկ Հարությունյանը եւս խնդրեց, որ աշխատենք մեր պատվիրակության հետ. «Որեւէ մեկից մենք որեւէ զանգ կամ կապ չենք ստացել, որպեսզի կարողանանք ձեզ տեղեկացնել այն մասին, ինչ կատարվում է, մինչդեռ ադրբեջանական պատվիրակությունը իրենց լրատվամիջոցների հետ միշտ կապի մեջ է եղել: Երբ ծանոթացա նրանց կայքէջերի հետ, զարմացա, նրանք այնպես էին ներկայացնում՝ կարծես շատ մեծ հաղթանակներ էին տարել, այնինչ նրանց պատվիրակության աշխատանքը միարժեքորեն ձախողված էր»: