Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՎԱՔԸ ՏԱՊԱԼՎԵՑ

Հուլիս 15,2010 00:00

Աշոտ Պապյանը չարդարացրեց ժողովրդահայրենասերների հույսերը

Երեկ Մոսկվայի տանը պետք է կայանար Ժողովրդահայրենասիրական ուժերի կազմակերպած հերթական հավաքը, որի ժամանակ համատեղ հայտարարություն էր հնչեցվելու «Սովետական սպաների միություն» կազմակերպության հետ: Ուշագրավն այն է, որ միության նախագահ Աշոտ Պապյանը Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի քարտուղարներից է: Ի դեպ, նա միակ կոմունիստը չէ այս կառույցում. ժողովրդահայրենասերների ամենաակտիվ անդամներից է նաեւ Իշխան Թովմասյանը, ով ժամանակին հեռացավ Կոմկուսից, հետո վերադարձավ ու նորից համալրեց Կոմկուսի շարքերը: Երեկվա միջոցառումը չկայացավ, որովհետեւ Աշոտ Պապյանը խախտեց ժողովրդահայրենասերների հետ իր նախնական պայմանավորվածությունը, ու չնայած իր ղեկավարած միության անդամները ժամանել էին՝ ինքն այդպես էլ չներկայացավ. միջոցառումը տապալվեց: Դա անակնկալի բերեց միջոցառման կազմակերպիչներին էլ, մասնակիցներին էլ, բոլորը լռելյայն հեռացան՝ բացատրություններ տալու ծանր բեռը թողնելով Իշխան Թովմասյանին, ով «Առավոտին» ասաց, որ Պապյանը «հարգելի պատճառով» է բացակայում՝ չնայած այդպես էլ չկարողացավ բացատրել, թե ինչո՞ւ հնարավոր չեղավ հրավիրյալներին նախապես տեղեկացնել, որ միջոցառումը չի կայանալու կամ ինչո՞ւ հնարավոր չէ Պապյանի բացակայությամբ այն անցկացնել եւ հրապարակել համատեղ հայտարարությունը: Ամեն դեպքում, Իշխան Թովմասյանը վստահ էր եւ մեզ էլ վստահեցնում էր, որ մեկ շաբաթ հետո այս միջոցառումն անպայման կկայանա եւ ավելի ընդլայնված ֆորմատով, քանի որ տասնյակ հասարակական կազմակերպություններ միանալու են իրենց շարժմանը: Իսկ համատեղ հայտարարությունը, որը բաղկացած է հինգ կետից, հիմնականում շոշափում է Հայաստանի ներքին իրավիճակը, արտաքին սպառնալիքները, ռազմական անվտանգությանը վերաբերող հարցեր: Հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ են կոմունիստներն այսպիսի մեծ հետաքրքրություն ցուցաբերում Ժողովրդահայրենասիրական ուժերի նկատմամբ, ի՞նչ է տալիս իրենց այս շարժումը, որը Կոմկուսում չեն գտնում, ինչո՞ւ նույն ակտիվությամբ չեն մասնակցում կուսակցական աշխատանքին: Իշխան Թովմասյանն ասաց, որ շարժումն անհատ քաղաքացիների նախաձեռնություն է, եւ ինքն այդտեղ մասնակցում է իբրեւ անհատ քաղաքացի, կուսակցության անունից հայտարարություններ չի անում, հետեւաբար ներկուսակցական խնդիրների առաջացման պատճառ չի դառնում: Իսկ որպես կոմունիստ՝ համոզված ասաց. «Կոմունիստական կուսակցությունը եղել է, կա ու մնում է իր ժողովրդի կողքին՝ ցանկացած օրհասական պահին: Ես համոզված եմ, որ շատ շուտով ՀԿԿ-ն ի ցույց կդնի իր ուժն ու կարողությունները»: Ասաց, որ չի պատրաստվում եւ չի կարող դավաճանել հարազատ կուսակցությանը եւ առանց Կոմկուսի չի պատկերացնում իր գոյությունն ու գործունեությունը: Եթե Կոմկուսն ակտիվ գործողությունների անցնի, ինքը կրկնակի եռանդով կներգրավվի այդ աշխատանքներին: «Այն, որ բոլորը խոսում են սոցիալիզմի վերականգնման մասին՝ հենց ապացույցն է, որ ՀԿԿ-ի դրույթները միակ ճիշտն ու ճշմարիտն են, բայց՝ նախկինում տեղ գտած թերություններից ձերբազատված: Այս շարժման հիմքում էլ է դրված համակարգի փոփոխություն»:
Աշոտ Պապյանն էլ «Առավոտի» հարցին՝ ինչո՞ւ «քաշեց» ժողովրդահայրենասերներին, բացատրեց. «Չեմ քաշել, ես հիմա քաղաքում չեմ, դեպք էր պատահել, շրջան եմ մեկնել, բայց ասացի՝ եթե ուզում են, թող առանց ինձ անցկացնեն: Եթե չեն արել, որոշ ժամանակ հետո անպայման կանենք, կոնկրետ չեմ կարող ասել, թե երբ»: Ընկեր Պապյանը մանրամասնեց, որ ժողովրդահայրենասերների հետ համատեղ գործունեություն ծավալել առայժմ չի պատրաստվում՝ «դրա համար դեռ բավականին ժամանակ է պետք, ավելի ճիշտ՝ ժամանակը ցույց կտա», ընդամենը համատեղ հայտարարություն պետք է հնչի: Նա ակնհայտորեն նեղսրտեց «Առավոտի» այն հարցից, թե ինչպե՞ս են Կոմկուսում վերաբերվում այդ նախաձեռնությանը: Ասաց, որ իրենց կառույցն առանձին, ինքնուրույն կառույց է, բայց իրենք կուսակցության ծրագրերի եւ կանոնադրության շրջանակներից դուրս չեն գալիս, կուսակցությանը դավաճանել չեն պատրաստվում. «Երկրի անվտանգության հարց կա, եւ մենք մեր լուման ցանկանում ենք ներդնել: Ժողովրդահայրենասիրական ուժերում Արկադի Կարապետյանը (Ագո) բավականին լուրջ հեղինակություն ունեցող, պատերազմին մասնակցած մարդ է, հայրենասեր տղա է, եւ իրեն ճանաչելով՝ այդ քայլին գնացել ենք, բայց ընդհանուր միավորումը բացառվում է»: «Առավոտի» ունեցած տեղեկություններով, սակայն, ընկեր Պապյանի ինքնագործունեությունը վրդովեցրել է կուսակցական ընկերներին ու ղեկավարությանը, եւ դա է պատճառը, որ վերջին պահին նա չներկայացավ հավաքին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել