Լրահոս
Օրվա լրահոսը

«Արյան կանչը շովինիզմ է»

Հուլիս 14,2010 00:00

Ասում է գերմանաբնակ թուրք կինոռեժիսոր Ֆաթիհ Աքինը

«Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային փառատոնի շրջանակներում երեկ մեկնարկեց «Ռեժիսորներ առանց սահմանների» տարածաշրջանային համագործակցության ֆորումը: Փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանի խոսքով՝ 2007 թ.-ից «Ռեժիսորներ առանց սահմանների» նախագիծը դարձավ տարածաշրջանային համագործակցության ֆորում, որի միջոցով Հայաստան են ժամանում մեծ թվով ռեժիսորներ: Ֆորումն անցկացվելու է երեք օր, որի ընթացքում ֆորումականները վարպետության դասեր են անցնելու հանրահայտ կինոգործիչների մոտ:

Ռոտերդամի կինոփառատոնի ներկայացուցիչ Լյուդմիլա Ցվիկովան նկատում է, որ ֆորումին կան հին ու նոր դեմքեր: Ըստ նրա, հին դեմքերի առկայությունն ապացուցում է, որ ֆորումն իր դրական ազդեցությունն է ունեցել իրենց գործունեության վրա եւ նրանք նորից են որոշել մասնակցել: Հայ-թուրքական կինոպլատֆորմի մասին էլ, որը զուգահեռաբար անցկացվում է կրկին «Ոսկե ծիրանի» շրջանակներում, ասաց. «Դա կարելի է համարել առաջին քայլ՝ հայ-թուրքական սահմանները բացելու»:

Փառատոնի գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը նշում է, որ «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագիրը հայկական կինոյի համար մեծ նշանակություն ունի: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, որը կայացավ ֆորումից անմիջապես հետո, երեւանյան տապից դժգոհեց ծագումով թուրք, ծնունդով գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքինը՝ հավելելով. «Բայց շոգը չի խանգարում հիանալ այս քաղաքով: Առաջին հայացքից քաղաքն ընկալեցի որպես հյուրընկալ, ջերմ, կախարդական մի վայր»:

Ֆ. Աքինը Գերմանիայում մեծ համբավ ունեցող ռեժիսոր է: Չնայած, ինչպես ինքն է ասում՝ իրեն աստղի «պիտակն» այդքան էլ դուր չի գալիս. «Ռեժիսուրան արհեստ է, իմ խնդիրն է միայն լավ արհեստագործությամբ զբաղվել, այնպես, ինչպես լավ հյուսն է սեղան պատրաստում»:

Հարցին՝ թուրքական ծագում ունեցող գերմանաբնակ երիտասարդն ինչպե՞ս է վերաբերվում արյան կանչին եւ իր արմատներին, նա պատասխանեց. «Ես ինձ գերմանացի եմ համարում: Ծնվել եւ մեծացել եմ այնտեղ, անգամ առաջին աղջիկը՝ ում համբուրել եմ, գերմանուհի է եղել: Չեմ ուզում դրամատիկացնել, թե ինչ ճնշումներ եմ ունեցել թուրքական ծագմանս համար… Թուրքական պետությանը դեռ չեմ հասկացել: Ուզեմ, թե չուզեմ՝ ես Թուրքիային նայում եմ որպես դրսի մարդ: Իմ ֆիլմերը նպատակ ունեն բացահայտել այդ երկիրը: Բայց ինձ մոտ դա չի ստացվում: Արյան կանչի «չափանիշներով» չեմ ապրում, որովհետեւ դա առնվազն շովինիզմ կլիներ: Ինձ համար արյունը նշանակություն չունի: Այն ամեն տեղ նույնն է. տարբերվում է միայն իր խմբով՝ A, B, C… Եթե սկսես արյունդ կատեգորիաների բաժանել, դա քեզ կխանգարի ապրել»:

Հայ-թուրքական հարաբերությունների մասին էլ Ֆ. Աքինը սեփական կարծիքն ունի: Ըստ նրա՝ «Այդ հակամարտությունը հիմնված է վախի վրա: Խնդիրն այն է, որ երկու պետություններն էլ պետք է հաղթահարեն իրենց միջի վախը: Իսկ վախը ճշմարտությանն ուղիղ նայելու մեջ է: Եթե ես մի օր անդրադառնամ հայ-թուրքական հարաբերություններին, գուցե դա անեմ սպորտի միջոցով, օրինակ՝ բոքսի: Մեծ երկրպագուն եմ ձեր հայրենակից Սյուզի Կենտիկյանի եւ Արթուր Աբրահամի: Գուցե նրանց միջոցով մի բան ստեղծվի, բայց դեռ չեմ մտածել: Այսինքն՝ երբեք այդ մասին չէի մտածել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031