Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՄԻՏԱՍ, «ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ» ՇՈՒՐՋՊԱՐ, ՏՈԼՄԱ՝ ՕՍԼՈՅՈՒՄ

Հուլիս 14,2010 00:00

Մոտ օրերս Երեւանի Ն. Աճեմյանի անվան առեւտրի եւ սպասարկման պետական քոլեջի աղջիկների եւ «Միկա» ակումբի 1996 թ. ծնված տղաների թիմերը մեկնելու են Օսլո՝ մասնակցելու արդեն 32-րդ անգամ անցկացվելիք պատանեկան ֆուտբոլի «Norway Cup» միջազգային մրցաշարին:

«Առավոտը» ժամանակին մի քանի անգամ տեղեկացրել է, որ «Norway Cup»-ը աշխարհի ամենամասսայական մարզական միջոցառումն է, որի միայն մասնակիցների թիվը հասնում է 30 հազարի եւ Նորվեգիայի մայրաքաղաքում հավաքվում է շուրջ 60 երկրի մինչեւ 19 տարեկան տղաների եւ աղջիկների ավելի քան 1700 թիմ: Սկսած 2002 թվականից, Հայաստանն այս ֆուտբոլային փառատոնում մշտապես ներկայացված է Երեւանի առեւտրի եւ սպասարկման պետական քոլեջի աղջիկների տարբեր տարիքային խմբերի թիմերով: Ճիշտ է, դրանից առաջ այդ ճանապարհը բացել են մեր տղաները՝ ի դեմս «Կիլիկիայի», որն իր նորամուտը նշել է հաղթողի գավաթը նվաճելով: Վերջին երկու տարիներին քոլեջի հետ միասին «Norway Cup»-ում հանդես են եկել նաեւ «Բանանցի» պատանի ֆուտբոլիստները: Իսկ այս տարի առաջին ագամ «Երեւան» անունով մրցավայր մեկնող հայ աղջնակների թիմին ընկերակցելու է անցած տարի Դանիայում անցկացվող նմանատիպ, բայց մասշտաբներով անհամեմատ ավելի համեստ նմանատիպ մրցաշարի հաղթող «Միկա» ՖԱ-ի տղաների թիմը:

Ընդհանրապես, Օսլոյի այս ֆուտբոլային փառատոնին մասնակցելը ֆինանսական լուրջ ծախսերի հետ է կապված: Սակայն այդ ծանր բեռը մեր աղջիկների պարագայում որպես կանոն իր վրա վերցնում է նորվեգական կողմը: Եվ այս ամենի «մեղավորը» Օսլոյի քաղաքապետարանի պատասխանատու պաշտոնյա, Նորվեգիայում եւ սկանդինավյան երկրներում ՀԱՕԿ-ի ներկայացուցիչ Ջիմի Վարթիվանյանն է, որի անձնական կապերի շնորհիվ են Նորվեգիայի կառավարությունն ու «Norway Cup»-ի կազմկոմիտեն հոգում ինչպես ճանապարհածախսը, այնպես էլ՝ տեղում բնակվելու հոգսերը: Պարոն Վարթիվանյանն անցած տարվա աշնանը Երեւանում գտնվելու ժամանակ Առեւտրի եւ սպասարկման պետական քոլեջի տնօրեն, աղջիկների ֆուտբոլի նվիրյալ Հրաչյա Գրիգորյանի հետ միասին հանդիպել է «Միկա» ՖԱ-ի սեփականատեր Միխայիլ Բաղդասարովին: Վերջինս էլ դեռ այն ժամանակ խոստացել է աղջիկների թիմն ընդգրկել իր ակումբ՝ դրանով նպաստելով, ինչպես «Միկայում», այնպես էլ՝ Հայաստանում կանանց ֆուտբոլի պահպանմանն ու զարգացմանը: Մանավանդ որ, մեր թիմը կայացած է եւ արդեն մեկ անգամ հասցրել է «Norway Cup»-ում բրոնզե գավաթ նվաճել, իսկ դրանից մի քանի օր անց Նորվեգիայի մեկ այլ քաղաքում առաջին անգամ կազմակերպված մրցաշարում բարձրանալ հաղթողի պատվանդանին: «Միկայի» եւ քոլեջի միջեւ համատեղ արդյունավետ համագործակցության նախադրյալները, կարծես, առկա են: Սակայն առայսօր ինչ-ինչ պատճառներով այն գործնական հիմքերի վրա դնելը ձգձգվում է: Մանավանդ որ, Օսլո մեկնելուն հաշված օրեր են մնում, իսկ աղջիկների թիմը, մեր ունեցած տեղեկություններով, այս պահին ֆինանսական որոշակի դժվարությունների առջեւ է կանգնած:

«Norway Cup 2010»-ը այս անգամ էականորեն տարբերվելու է նախորդներից: Մանկապատանեկան ֆուտբոլի այս մեծ փառատոնի կազմակերպիչները՝ Օսլոյի քաղաքապետարանը եւ մրցաշարի կազմկոմիտեն, որոնց մեծապես աջակցում են նաեւ այդ երկրի կառավարությունն ու ԱԳՆ-ն, առաջին անգամ որոշել են ֆուտբոլային մրցակցությանը զուգադրել նաեւ միջմշակութային հաղորդակցությունը: Այդ նպատակով ընտրվել է հինգ երկիր՝ Նորվեգիան, Հայաստանը, Ալբանիան, Ռումինիան եւ Բելառուսը, որոնց մարզիկները ֆուտբոլային խաղադաշտերում պայքարելուց բացի՝ մասնակիցներին պետք է ներկայացնեն իրենց ազգային երգը, պարը, խաղերն ու խոհանոցը: Ու այստեղ էլ Հայաստանի ընտրության գործում մեծ դերակատարություն է ունեցել Ջիմի Վարթիվանյանը: Այդ հաճելի պարտականությունը վստահվել է մեր աղջիկներին: Դեռ մայիսին քոլեջի՝ դաստիարակության գծով փոխտնօրեն Թերեզա Վարդանյանը եւ անգլերենի դասախոս Լիանա Ամիրաղյանը մեկնել էին Նորվեգիա եւ մյուս չորս երկրների հետ քննարկել անելիքները, կազմել գործունեության համատեղ ծրագիր:

Քոլեջի տնօրեն Հրաչյա Գրիգորյանից հետաքրքրվեցինք, թե արդեն որոշե՞լ են, թե Օսլոյում ինչ են ներկայացնելու: «Արարողությունը կատարվելու է քաղաքապետարանի այն սրահում, որտեղ Նոբելյան մրցանակներ են հանձնվում: Այս առումով մեզ վրա լուրջ պարտականություն է դրված: Արդեն որոշ բաներ ընտրել ենք: Օրինակ, ներկայացնելու ենք Կոմիտասի երգերից, ազգային պարը ուզում ենք կատարել «Միասնության» շուրջպարի հնչյունների ներքո, որը կավարտվի մեր ավանդական Վեր-վերիով: Հայկական ճաշատեսակներից մեր աղջիկները կպատրաստեն ամառային տոլման: Այ, ազգային խաղի հարցում դեռ չենք կողմնորոշվել: Բայց փույթ չէ, ժամանակ դեռ կա ու աղջիկները, որոնց հետ հիմա պարապում են երգի եւ պարի մասնագետներ, կհասցնեն նաեւ խաղն ընտրել եւ դրա կանոնները յուրացնել»,- ասում է պարոն Գրիգորյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել