Լրահոս
Օրվա լրահոսը

Կոկտեյլ՝ ԶԼՄ-ների համար

Հուլիս 14,2010 00:00

«Մանթաշյան» նոր ասպետներ եւ անգամ սեւամորթ հայրենակիցներ

\"\"
Պլատինե «Մանթաշյան ասպետ» շքանշանակիր Ռ. Յիրիկյանն ու Հ. Խաչատրյանը պարգեւատրում են Գ. Նուշիկյանին:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները երեկ մամուլի ներկայացուցիչների համար «Գոլդեն Թյուլիպ» հյուրանոցում կոկտեյլ էին կազմակերպել, որին ներկա էին նաեւ փառատոնի մասնակիցներն ու հյուրերը: Սովորաբար նման միջոցառումները հնարավորություն են ընձեռում ավելի մոտիկից շփվել համաշխարհային կինոյի ներկայացուցիչների հետ:

«Առավոտը» զրուցեց Հյուզ երկվորյակ եղբայրներից Ալենի հետ: Նա մի քանի «առանձնահատկություն» ունի՝ հոլիվուդյան կինոռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր է, մայրը պարսկահայուհի է (Աիդա Մկրտչյան), հայրը՝ աֆրոամերիկացի: Հյուզ եղբայրները հայ հանդիսատեսին են ներկայացել իրենց «Իլայի գիրքը» ֆիլմով: Քանի որ Ալենն առաջին անգամ էր Հայաստանում, բնականաբար հետաքրքրվեցինք տպավորություններով: «Այսպիսի բարկ արեւ կա նաեւ Կալիֆոռնիայում, սակայն նման փոքր տարածքում այսքան գեղեցիկ մարդկանց երբեք չեմ տեսել»,- մեզ հետ զրույցում ասաց նա: «Առավոտի» հարցին՝ արդյո՞ք հայկական հողի վրա իրեն հայ է զգում եւ եռո՞ւմ է երակներում հայկական արյունը, մեր սեւամորթ հայրենակիցը ոգեւորվեց՝ իհարկե: Ափսոսաց, որ հայերեն միայն մեկ բառ գիտի՝ «չէ», մեկ էլ ֆրանսերենից ներմուծված «մերսին»:

Կինոգետ Արծվի Բախչինյանի կարծիքով, այս տարի փառատոնի մրցութային ծրագրում գրեթե թույլ ֆիլմ չկա՝ համատարած արթհաուս է ու բարձրարվեստ կինոարտադրանք: Դիտարկմանը, որ կինոփառատոնը նաեւ լայն հանրության համար է, իսկ լայն հանրությունը չի կարող ընկալել արթհաուս կոչվածը, Ա. Բախչինյանը պատասխանեց. «Արթհաուսով, բարձրարվեստ ստեղծագործություններով պետք է խեղդել նման դեգրադացված ժողովրդին, որի բոլոր, այդ թվում՝ մշակութային չափանիշները խախտվել են»:

«Ոսկե ծիրանի» հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը գոհ է արդեն 7-րդ անգամ անցկացվող կինոփառատոնի ընթացքից: Նա նշեց, որ «պրեսս կոկտեյլի» մաս է կազմում փառատոնի կողքին կանգնած անձանց «Մանթաշյան ասպետներ» շքանշանով պարգեւատրելը. «Մեկ-երկու տարի առաջ «ՎիվաՍելլ-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի եւ մշակույթի նախարարի հետ միասին հիմնեցինք «Մանթաշյան ասպետներ» ակումբը, որն ամեն տարի համալրվում է նոր անդամներով»: Այս տարի նրանց թվում էին «Նուշիկյան» ասոցիացիայի նախագահ Գարեգին Նուշիկյանը, «Դոլմամա» ռեստորանի տնօրեն Ժիրայր Ավանյանը եւ «Մոսկվա» կինոթատրոնի տնօրեն Մարտին Ադոյանը:

Ռալֆ Յիրիկյանը փաստեց, որ որքան շատ լինեն «Մանթաշյան ակումբին» միացողներն ու կանգնեն արդեն հանրահայտ կինոփառատոնի կողքին, այնքան՝ լավ. «Մենք տարեցտարի ավելի ենք համոզվում, թե ինչ դեր ունի Հայաստանի մշակութային կյանքում «Ոսկե ծիրանը» եւ ինչքան կարեւոր է այն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031