Օրերս մանկապարտեզի մի քանի դաստիարակներ «Առավոտին» տեղեկացրել էին, որ Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչությունն ուզում է մանկապարտեզներում, այսպես ասած, «dress code» մտցնել: Դաստիարակների պատմելով՝ իրենց զգուշացրել են երեխաներին ներկայանալ պատշաճ տեսքով՝ տափակ կրունկներով կոշիկ չհագնել, ուսերը բաց ամառային բլուզներ չկրել եւ այլն: «Առավոտին» դիմած դաստիարակները հասկանալի պատճառներով չէին ուզում իրենց անունները հրապարակել: Նրանց ասելով՝ իրենց տնօրենը բոլորին կանչել է ու հայտնել, որ կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը հրահանգել է հետեւել դաստիարակների հագուկապին ու թույլ չտալ, որ հողաթափերով, բաց շապիկներով գան աշխատանքի, մինչդեռ, ըստ մանկապարտեզի աշխատակիցների, իրենք ի վիճակի չեն այդքան փոքր երեխաների հետեւից ամբողջ օրը վազել՝ բարձրակրունկ կոշիկներով ու ինչ-որ անհարմար հագուստով. «Մենք կարող է երակների խնդիր ունենք, ողջ օրը ոտքի վրա ենք, մեզ ինչպե՞ս կարող են պարտադրել, որ իրենց ուզածը հագնենք, եւ հետո մեզ այնքան բարձր աշխատավարձ չեն տալիս, որ ստիպեն այս կամ այն կերպ հագնվենք, ինչ ունենք՝ դա ենք հագնում»: Այս առնչությամբ մենք պարզաբանումներ խնդրեցինք Գայանե Սողոմոնյանից: Երբ փոխանցեցինք դաստիարակների դժգոհությունը, նա մի քանի րոպե չէր կարողանում զսպել ծիծաղը. «Ես դա առաջին անգամ ձեզանից եմ լսում, ինչպե՞ս կարող եմ նման հրահանգ տալ: Ես ինքս էլ ծնող եմ, գիտեմ՝ ինչ բան է երեխա մեծացնել եւ պարզապես չէի կարող պարտադրել, որ բարձրակրունկ կոշիկներով դաստիարակները գնան աշխատանքի: Նրանք 30 երեխայի հետեւից առավոտյան 8-ից վազվզում են, ինչպե՞ս կարող են անհարմար կրունկներով կոշիկ կրել: Իմ ասածն այլ է եղել: Ես կարող է ասել եմ, որ քաղաքապետարան հողաթափերով մի՛ եկեք, դա էթիկա է: Ես ինքս էլ գիտեմ որտեղ ինչ հագնել, պարզ է, որ հանդիպումների ժամանակ այլ կերպ ես հագնվում, ընթացիկ աշխատանքային օրերին՝ այլ կերպ: Մանկապարտեզների աշխատակիցները պետք է հարմարավետ հագնվեն, կարող է ասեմ՝ կոկի՛կ եղեք, թափթփված մի՛ եկեք, բայց կրունկների չափսը մատնանշել չեմ կարող: Դա ծիծաղելի է»: Մեր այն դիտարկմանը, որ եթե «dress code» պետք է մտցնեք, սկսեք մանկապարտեզների այն տնօրեններից, որոնք, մեղմ ասած, դիմակահանդեսային կերպարանքով են գնում աշխատանքի ու երբեմն նույնիսկ իրենց շպարով ու հագուկապով վախեցնում երեխաներին՝ տիկին Սողոմոնյանը պատասխանեց. «Համաձայն եմ, բայց եթե այդպես լինի, պետք է փողոցից սկսած՝ «dress code» մտցվի, որովհետեւ այսօր փողոցում մարդիկ լողազգեստով ու տկլոր են ման գալիս՝ բացարձակ չհասկանալով, թե որտեղ ինչ պետք է հագնել»: