Հայերը սովոր են պատի տակ հոգալ իրենց բնական կարիքները
Մայրաքաղաքում հասարակական զուգարանների թիվը գնալով փոքրանում է, միայն շաբաթներ առաջ «Սեկաշ» ՍՊԸ-ի ղեկավարության ներքո գտնվող միանգամից 33 հասարակական զուգարան դադարեց գործել: Այս կազմակերպությունը դեռ երկու տարի առաջ Երեւանի քաղաքապետարանի թույլտվությամբ 35 զուգարան էր Հայաստան ներկրել, իսկ դրանցից հիմա միայն երկուսն է գործում: Ընկերության տնօրեն Գագիկ Կակոսյանի խոսքով, ամբողջ աշխարհում զուգարանային բիզնեսը զարգացած ու շահավետ է, միայն մեր երկրում է, որ չի աշխատում. «Հայաստանում զուգարանից օգտվում է հասարակության չնչին տոկոսը՝ օրական հազիվ 25-30 մարդ, իսկ սպասարկման, աշխատողների վարձերն ու հարկերը ամսական մեծ գումարների են հասնում: Ամեն ամսվա եկամուտը կազմում է 50 հազար, նման եկամուտով ինչպե՞ս վճարենք ամենամսյա ծախսերը»: Պարոն Կակոսյանի խոսքով, 2 տարի առաջ ներկրած մեկ զուգարանի արժեքը կազմել է $1200, իսկ այն Հայաստան հասցնելու համար պահանջվել է եւս $800. «Այս ոլորտի բիզնեսը ողջ աշխարհում այլ կերպ է կազմակերպվում. հիմնական եկամուտը գալիս է զուգարանների վրա գովազդային պաստառներից, մեզ մոտ գովազդի պատվիրատուն չի նախընտրում գովազդը զուգարանների վրա տեղադրել: Ռուսաստանում, եթե շինարարական աշխատանքները մեկ օրից ավելի են տեւում, պետությունը պարտադրում է շինարարական կազմակերպությանը՝ այդ տարածքում զուգարան տեղադրել, իսկ Երեւանի բոլոր փողոցներում ամիսներով շինարարություն է ընթանում, բայց ոչ մի տեղ չես գտնի զուգարան. ով որտեղ հասցնում՝ այնտեղ էլ հոգում է բնական կարիքները»:
«Հայ ժողովուրդը սովոր է պատի տակ միզի ու կեղտոտի, ու եթե զուգարանները նույնիսկ անվճար լինեն, նրանք մեկ ա, էլի կնախընտրեն պատերի տակ անել: Ամեն օր առավոտից իրիկուն էստեղ նստած եմ ու ամեն օր էս քոռացած աչքովս եմ տեսնում, զարմանում եմ, ահել, թե ջահել պատերի տակ են անում: Ծնողներն իրենց երեխաներին մանկուց դրան են սովորեցնում, երբ մեկ էլ կտեսնես, փոքրիկին քաշում են մի անկյուն ու պպզացնում»,- պատմում էր ԵՊՀ-ի ու Տնտեսագիտական համալսարանների հարեւանությամբ գտնվող զուգարանի հսկիչը: Նրա պատմելով, առավոտից իրիկուն զուգարանը հսկելուց բացի, այն մաքրում է ու դրա դիմաց չնչին աշխատավարձ ստանում՝ տոկոսային հարաբերությամբ օրական 500 դրամ. «Ուրիշի կեղտ մաքրելը հեշտ ա՞, էդ ո՞ւմ հաշվին եմ մաքրում՝ քաղաքապետարանի՞, թե՞ շեֆերի, որ փողերն առնում են ու լցնում իրանց գրպանները»: Մետրո «Երիտասարդական» կայարանի գետնանցումի զուգարաններն էլ «Նոր կանչ» ՍՊԸ-ի ղեկավարությամբ են գործում: Ընկերության տնօրեն Օֆիկ Պողոսյանը 22 տարի ե՛ւ տնօրինում է, ե՛ւ հսկում զուգարանների մաքրությունը. «Պատերի տակի խոսակցություններ են, թե հասարակական զուգարաններն այնքան կեղտոտ են, որ քաղաքացիները չեն ցանկանում օգտվել դրանցից, ինչ խոսք, գուցե 100-ավորների մեջ լինեն նաեւ մեկ-երկու հակահիգիենիկ վիճակում գտնվող զուգարաններ, բայց խնդիրն այն է, որ մեր ժողովուրդը սովոր չէ մաքրությանը եւ քաղաքակիրթ լինելուց շատ հեռու է, երիտասարդ աղջիկներ են օգտվում զուգարանից, հետեւից մտնում եմ, տեսնում եմ՝ ալարել են նույնիսկ ջուրը քաշել, էլ ինչ ասեմ… դա էլ ենք նրանց փոխարեն մենք անում»: Տիկին Պողոսյանը մատնացույց արեց զուգարանի հարեւանությամբ գտնվող ծաղկամանը եւ պատմեց. «Այ այստեղ են միզում, սա է մեր հասարակության համար զուգարան դարձել: Ամեն օր գալիս եմ ու տեսնում՝ մեզից օվկիանոս է կապել, հոտից էլ խելագարվել կարելի է, ջրում ենք, որ հոտն անցնի, բայց հաջորդ օրը էլի նույնն է»:
Գոնե մեր այցելած զուգարանները մաքուր էին, թեեւ վերանորոգման խիստ կարիք հաստատ զգացվում էր: Այնուամենայնիվ, քաղաքացիները մեզ հետ զրույցում դժգոհում էին զուգարանների հակահիգիենիկ վիճակից: «Դրսի զուգարաններից օգտվում եմ ծայրահեղ դեպքերում, բայց ինչքան օգտվել եմ, քիթս մեծ-մեծ թղթեր եմ խցկել, որ էդ անտանելի հոտը չառնեմ, էլ չխոսեմ, որ ջուրը քաշում ենք՝ չկա, ասում են՝ էս ժամին չի լինում: Եվ մի բան էլ նշեմ, ողջ աշխարհում խիստ արգելված են նստովի զուգարանակոնքերը, հլը հաշվեք օրական քանի մարդ է դրա վրա նստում, մաշկային հիվանդությունների վարակի բուն է»,- ասում էր Նանե Կարապետյանը: Իսկ այն, որ հայերը համառորեն նախընտրում են փողոցում, օրը ցերեկով հոգալ իրենց բնական կարիքները՝ ականատես ենք ամեն օր: «Միզային» լճեր են գոյացել գրեթե բոլոր գետնանցումներում: