Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴՀԿ ԱՏԵՆԱՊԵՏԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ

Հուլիս 14,2010 00:00

Երեկ մամուլի ասուլիսում ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն անդրադառնալով «ՍԴՀԿ-ն ընդդեմ ՍԴՀԿ-ի» գործով դատարանի վճռին՝ ասել է, որ դատարանը մերժեց ՍԴՀԿ՝ Գեւորգ Պերկուպերկյանի թեւի հայցն իր դեմ, քանի որ իշխանությունները կորցրեցին իրենց հետաքրքրությունը այդ թեւի նկատմամբ: Լյուդմիլա Սարգսյանը պնդել է, որ կուսակցության ներսում անցած աշուն տեղի ունեցած զարգացումները, որոնց հետեւանքով ՍԴՀԿ-ն բաժանվեց երկու թեւի, իշխանությունների կողմից իրականացված դիվերսիա էր, որի նպատակը հայ ավանդական կուսակցությունը պառակտելն էր ու ՍԴՀԿ-ն Հայ ազգային կոնգրեսի կազմից դուրս բերելը. «Իշխանություններն այսպիսով ցանկանում էին մեկ գնդակով երկու նապաստակ սպանել, նախ՝ ՍԴՀԿ-ն հանել ՀԱԿ-ից, եւ հետո՝ ստեղծել գրպանային ընդդիմություն՝ ի դեմս ՍԴՀԿ-ից դուրս եկած ու Վահան Շիրխանյանի շուրջ համախմբվածների»: Դատարանի վճիռը, սակայն, տիկին Սարգսյանը չի համարում հաղթանակ, քանի որ՝ «երբ ընտանիքում վեճ է լինում, ապա դրանից ոչ ոք չի հաղթում»: ՍԴՀԿ ատենապետը կոչով դիմել է ՍԴՀԿ Կենտրոնական վարչությանը, որը, Սարգսյանի խոսքով, այս ընթացքում ապակողմնորոշված է եղել՝ պաշտպանելով Գեւորգ Պերկուպերկյանի թեւին, եւ առաջարկել է համատեղ միջոցներով առողջացնել կուսակցությունը. «Սակայն մի պայմանով, որ այն քաղաքական գիծը, որը որդեգրել է ՍԴՀԿ հայաստանյան կառույցը, փոփոխման չի ենթարկվելու: Այն է՝ շարունակել ՀԱԿ-ի կազմում պայքարը երկրում սահմանադրական կարգը վերականգնելու ուղղությամբ»: Համագործակցության կոչը նույնպես ոչ բոլորին է վերաբերվում. «Կան մարդիկ, խոսքը հայաստանյան կառույցի անդամ հնչակյանների մասին է, որոնց հետ համագործակցության եզրեր գտնելն անհնար է»,- հայտարարել է տիկինը՝ այդ հնչակյաններին անվանելով «անջատողականներ»:

Հիշեցնենք, որ 2009թ. աշնանը ՍԴՀԿ-ն բաժանվեց երկու թեւի, որոնցից մեկը գլխավորում է ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, իսկ մյուս թեւը՝ Գեւորգ Պերկուպերկյանը, ով ՍԴՀԿ արտակարգ համագումարում ընտրվեց որպես ատենապետ: Դրանից հետո Գեւորգ Պերկուպերկյանի թեւը դիմեց դատարան՝ վիճարկելով Լյուդմիլա Սարգսյանի ատենապետությունը: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը շուրջ 7 ամիս տեւած դատական քննությունից հետո՝ հուլիսի 9-ին մերժեց հայցը՝ վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառաբանությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել