Շիրակի մարզպետն իր «շքախմբով» Մարալիկում էր
Անիի տարածաշրջանի պրոբլեմներին լուծում փնտրելու, հատկապես վերջին շրջանում մեծ աղմուկ հանած հարցերից մեկը՝ Մարալիկի հիվանդանոցի փակվել-չփակվելը մեկ անգամ եւս քննարկելու ու հստակեցնելու նպատակով Շիրակի նորանշանակ մարզպետ Աշոտ Գիզիրյանը երեկ խորհրդակցություն էր հրավիրել Մարալիկի քաղաքապետարանում: Մարալիկի քաղաքապետ Արտակ Գեւորգյանի միջոցով ներկա-բացակա անելուց ու համոզվելուց հետո, որ Անիի տարածաշրջանի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները՝ դատախազը, Ազգային անվտանգության ծառայության պետը եւ մյուսները այդտեղ են, Շիրակի մարզպետը հանկարծ դուրս հրավիրեց Անիի տարածաշրջանի ոստիկանության պետի տեղակալներին: Նա հետաքրքրվեց, թե ինչու ոստիկանապետ Համբարձում Տոնոյանը հարկ չի համարել անձամբ ներկայանալ, ու անհիմն պատճառաբանություն լսելով՝ հրամայեց. «Դուք հիմա դուրս գնացեք ու ոստիկանապետին փոխանցեք՝ տասը րոպեից այստեղ լինի»: Իսկ ոստիկանապետի ժամանելուց հետո ակնարկեց, որ այդ թեմային անպայման կանդրադառնա, միայն թե խորհրդակցությունից դուրս: Մարալիկում խորհրդակցությունն անցավ նույն սցենարով, ինչպես որ նախորդ շաբաթ Գիզիրյանի հայրենի քաղաքում՝ Արթիկում էր: Միայն թե այստեղ փոքր-ինչ ձանձրալի էր, ելույթները՝ երկար, ավագանին ոչ մի հարց չուներ՝ ուղղված մարզպետին, եւ հիմնական զեկուցողը Մարալիկի երիտասարդ քաղաքապետ Արտակ Գեւորգյանն էր: Վերջինս խոսեց քաղաքի բյուջեից, սեփական եկամուտների կատարումից, քաղաքի սանիտարական վիճակից եւ այլն: Քաղաքապետն այնքան մանրամասնորեն էր պատրաստվել, որ նրա ելույթից հետո մարզպետը, դիմելով ներկաներին, ասաց. «Երեւի թե պարոն քաղաքապետը մեր համբերությունն է փորձում, տեսնի, թե ինչքան կդիմանանք այս շոգին, բայց բոլոր դեպքերում մանրակրկիտ, հանգամանորեն ելույթի համար շնորհակալություն, դուք հաշվետվություն ներկայացրիք, նորմալ ա, թեեւ իմ այցը ավելի շատ ճանաչողական է, մենք պիտի տեսնենք, թե ինչ կարող ենք անել Անիի տարածաշրջանի համար, ինչ է կախված մեզանից»: Նշենք, որ մի այդպիսի հանգամանալից՝ թղթի վրա գրված զեկույց էր պատրաստել նաեւ Սոցիալական ծառայության Մարալիկի տարածքային գործակալության տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը, որին, սակայն, հենց սկզբում ընդհատեց պարոն Գիզիրյանը՝ խնդրելով թուղթը մի կողմ թողնել, խոսել ըստ էության եւ բանավոր:
Այս խորհրդակցության ամենաիմաստալից մասը Մարալիկի առողջության կենտրոնի ստացիոնար բաժանմունքի փակվել-չփակվելու հարցի քննարկումն էր: Հիշեցնենք, որ կառավարության որոշման համաձայն, հուլիսի 1-ից փակվել է Անիի տարածաշրջանի 17 համայնքներին սպասարկող միակ հիվանդանոցը, որն էլ հարուցել է բնակիչների դժգոհությունը: Հարցին լուծում տալու նպատակով Շիրակի մարզպետը Մարալիկ էր հրավիրել առողջապահության նախարարության մասնագետներին: Վերջիններս, արդարացնելով կառավարության որոշումը, պնդում էին, որ հիվանդանոցը վնասով է աշխատում, պարտքեր է կուտակում, ամեն մի բաժանմունքում երկու հիվանդ կա, մինչդեռ դրա համար աշխատողներ են պահում, բացի այդ, մի բուժքույրը սպասարկում է թե ինֆեկցիոն, թե մանկական եւ թե վիրաբուժական դեպքերը, որն անընդունելի է, հիվանդանոցի սանիտարահիգիենիկ վիճակն ահավոր է: Խորհրդակցությունից հետո մարզպետը եղավ հիվանդանոցում՝ շրջեց բոլոր սենյակները, ապշեց սանիտարահիգիենիկ վիճակից ու դրա համար մի լավ շշպռեց մարզպետարանի առողջապահության վարչության պետ Սամվել Ղազարյանին: «Ղազարյան, քեզ մի շաբաթ ժամանակ, կշրջես մարզի բոլոր հիվանդանոցները, եթե որեւէ տեղ նման վիճակ եղավ, գլխովդ պատասխան կտաս, հասկացա՞ր»,- հանձնարարեց Աշոտ Գիզիրյանը: Իսկ վերջում մարզպետը թեթեւակի շշպռեց նաեւ առողջապահության նախարարության մասնագետներին. «Մեր ու ձեր մի տարանջատեք, հիվանդանոցի այս վիճակի համար պատասխանատու եք նաեւ դուք»: Իսկ վերջում որոշվեց կասեցված ծառայությունները վերականգնել հիվանդանոցը նորմալ սանիտարահիգիենիկ նորմերի բերելուց հետո: Տեղեկացնենք, որ Շիրակի մարզպետը վարչապետի հետ բանակցել է այս հիվանդանոցի վերանորոգումը մտցնել 2011թ.-ի պետական բյուջեի մեջ: