Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉԵ՜Ր ԱՆՑԱՆ-ԴԱՐՁԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՑ ՀԵՏՈ

Հուլիս 14,2010 00:00

\"\"Նախկինները կրկին մեղադրեցին, ներկաները դարձյալ չընդունեցին այդ մեղադրանքները

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը համագումարում հայտարարել էր, որ կուսակցությունից հեռացված այն անձինք, «ովքեր իրենց այս ընթացքում կոռեկտ են պահել», կարող են դիմել վարչություն ու իրենց գործունեությունը շարունակել կուսակցությունում: Համագումարից անմիջապես հետո կուսակցությունից հեռացված Մովսես Արիստակեսյանը եւ Զոյա Թադեւոսյանը արձագանքեցին այս առաջարկին: Մովսես Արիստակեսյանը հայտարարեց («news.am-12.07.2010), թե առնվազն կոռեկտ չէ Րաֆֆի Հովհաննիսյանի այդ առաջարկը. «Դա անգրագիտություն է, որը թույլ է տալիս նա, որովհետեւ կուսակցության առաջնորդը պիտի իմանա, որ կուսակցության վարչության անդամին հեռացնելու իրավասություն ունի միայն համագումարը: Մի շատ կարեւոր հանգամանք. երբ մեր նախկին կուսակիցները վարչության ապօրինի նիստում մեզ հեռացրին ոչ միայն վարչությունից, այլ նաեւ կուսակցությունից, մենք դիմեցինք կուսակցության խորհրդին, որն, ըստ վերադասության, վարչությունից հետո հաջորդ մարմինն է, որպեսզի կանոնադրության համապատասխան կետերի համաձայն՝ խորհրդի նիստ անցկացնի եւ հրավիրի արտահերթ համագումար: Անգամ մեր այդ դիմումը նրանք չլսեցին: Այդ ժամանակ՝ 2009 թ. հոկտեմբերի 1-ին, Րաֆֆի Հովհաննիսյանը, ով կոռեկտությունից է խոսում, անկոռեկտությամբ հայտարարեց, որ կլինի արտահերթ համագումար: Հուսով էինք, որ այդ համագումարը կլիներ մինչեւ դեկտեմբեր՝ երեք ամսվա ընթացքում, քանի որ դա է կանոնադրության պահանջը: Սակայն անկոռեկտներն ու անխոհեմներն այդպես էլ չհրավիրեցին համագումար: Եթե որեւէ մեկը կա, ով կարող է կրկին դիմում տալ ու ետ գնալ կեղծիքի ու ահաբեկչության կուսակցություն, խնդրեմ, թող գնա»: «Ժառանգություն» կուսակցության վարչության արդեն նախկին նախագահ Արմեն Մարտիրոսյանին հարցրինք՝ ի՞նչ է մտածում իր նախկին կուսակցի այս հայտարարությունների կապակցությամբ: Ի պատասխան՝ պարոն Մարտիրոսյանն ասաց. «Կարծում եմ՝ այդ հարցի պատասխանը ճիշտ կլինի ստանաք Րաֆֆի Հովհաննիսյանից, բայց ինքը իր խոսքը այսպես ձեւակերպեց՝ այն անձինք, որոնք հանիրավի հեռացված են, կարող են ետ գալ, իսկ ուղղակի կամովին հեռացածները ցանկացած պահի կարող են դիմել»: Նախկին կուսակից ընկերների՝ կանոնադրական խախտումների եւ այլնի մասին մեղադրանքների մասով էլ նկատեց, որ ինքը նմանատիպ զրպարտանքներին չի ցանկանում անդրադառնալ, քանի որ. «Ժառանգությունը» եզակի կուսակցություններից է, որտեղ առաջնորդը կարող է լինել փոքրամասնության մեջ, չպարտադրի վարչությանը այս կամ այն որոշումը, եւ վարչությունն ազատ լինի որոշումներ ընդունելու մեջ»: Սա, ըստ Արմեն Մարտիրոսյանի, կուսակցության ամենակարեւոր ավանդույթն է, եւ այս ավանդույթը իրենք փորձում են ներդնել նաեւ հասարակության մեջ:

«Ժառանգություն» կուսակցության վարչության նորացված կազմում չկա նախկին վարչության անդամներից ոչ մեկը, եւ, ըստ էության, վարչության կազմն ամբողջովին է փոխվել: Միակ «հինը» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն է, եւ նրա անդամությունն էլ զուտ կանոնադրական պահանջ է: Արմեն Մարտիրոսյանը սա նորմալ է համարում. «Դեռեւս նախորդ համագումարի ժամանակ մեզ մոտ ցանկություն կար վարչությունը անջատել խմբակցությունից եւ ոչ միայն խմբակցությունից, այլեւ «Ժառանգության» այն անդամներից, որոնք հետաքրքրություն կունենան որեւէ պետական պաշտոնի: Մենք կարծում ենք, որ այդ տարանջատումը, շահերի բախման սկզբունքի բացառումը հնարավորություն կտա, որ փորձենք այդ սկզբունքը ներդնել նաեւ մեր պետության ներսում»:

«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ դարձան երկու նորընծա ժառանգականներ՝ Ռուբեն Հակոբյանը եւ Կարինե Հակոբյանը: Մեր հարցին՝ այդ ինչպե՞ս եղավ, որ ընդամենը մեկ-երկու ամիս առաջ կուսակցության շարքերն անցածները վայելեցին կուսակիցների վստահությունը, մի՞թե հին ժառանգականների մեջ չկային արժանիները, եւ արդյոք սա նշանակո՞ւմ է, որ այս նորերը ավելի շատ են ժառանգություն, քան բոլոր մյուս հին կուսակցականները: Առավել քան զարմանալի է՝ այս երկու նորելուկները միանգամից դարձան մեկը՝ վարչության փոխնախագահ, եւ մյուսը՝ քարտուղար: Ի դեպ, նրանք անդամակցելով «Ժառանգությանը»՝ հայտարարել էին, թե որեւէ նկրտում չունեն կուսակցական պաշտոններ ստանալու: Բայց՝ ստացան: Արմեն Մարտիրոսյանի մեկնաբանությամբ, «Ժառանգությունում» չկան շատ կամ նվազ անդամներ, կան ուղղակի «Ժառանգության» անդամներ. «Սա այս պահին նշանակում է, որ կուսակցության անդամները վստահել են վարչության այդ կազմին, իսկ մեր կանոնադրության համաձայն՝ վարչությունն է որոշում, թե ով է լինելու նախագահ եւ ով է լինելու փոխնախագահ կամ քարտուղար: Այս դեպքում խոսք չի կարող լինել նվազ կամ ավելի ժառանգական լինելու մասին»:

Համագումարից առաջ եւ հետո էլ տարածվեցին տեղեկություններ, վերլուծություններ այն մասին, որ հետհամագումարյան «Ժառանգությունը» դառնալու է ավելի կառավարելի եւ փորձելու է իրականացնել «Օրինաց երկրի» երբեմնի դերակատարումը: Արմեն Մարտիրոսյանը, իհարկե, համամիտ չէր եւ նկատեց. «Հերթական զրպարտանքներն են «Ժառանգության» հասցեին, որին, ցավով եմ նշում, բայց կարծես արդեն սովորել ենք: Չէի ցանկանա այդպես լիներ: Դա ընդամենը զրպարտանք է: Նմանատիպ զրպարտանքներ նախկինում էլի են եղել, բայց ցանկացած վիճակում «Ժառանգությունը» փաստերով ապացուցեց, որ ինքը ընդդիմություն է: Ոչ թե այլ ուժերի նման ընդամենը խոսքերով հանդես եկանք, այլ գործնական առումով «Ժառանգությունը» հստակ ապացուցել է, որ ընդդիմադիր, կայուն արժեքների կուսակցություն է»:

ՀՀԿ մամուլի խոսնակը երեկ մեր թերթին ասել էր, որ ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» վերջին հայտարարությունները վկայում են, որ այս ուժերը փորձոււմ են իրար հետ մրցել՝ «ո՞վ է ավելի ընդդիմադիր» թեմայով: Պարոն Շարմազանովը նաեւ իր անհամաձայնությունն էր հայտնել իշխանության հասցեին համագումարում հնչած որոշ գնահատականների՝ առաջարկելով դիմել դատարան. «Եթե իրենց հայտնի են օրենքի խախտման դեպքեր, թող դիմեն դատարան, դա կլինի ժոովրդավարական ճանապարհ»,- ասել էր ՀՀԿ մամուլի խոսնակը: Արմեն Մարտիրոսյանը ի պատասխան հարցրեց. «Ո՞ր դատարանին դիմենք, որը կառավարվում է Բաղրամյան պողոտայի՞ց, ա՞յդ դատարան դիմեմ: Նմանատիպ բազմաթիվ դատեր արդեն տեսել ենք, եւ, կարծում եմ, դատարան դիմելու խնդիր չկա: Եթե դատախազությունը, իրավապահ մարմիններն ակնհայտ փաստերը չեն տեսնում, ապա ի՞նչ իմաստ ունի դիմել: Այնպես որ, չեմ կարծում՝ ամբողջ արդարադատության համակարգը նստած սպասում է, որ ակնհայտ փաստերից մեկն ու մեկը «Ժառանգությունը» ներկայացնի, որպեսզի արդարադատություն իրականացնեն»:  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել