Լրահոս
Օրվա լրահոսը

Ուխտագնացություն՝ Հաղպատավանք

Հուլիս 13,2010 00:00

Եվ հիշատակի օր՝ նվիրված Սայաթ-Նովային

Հուլիսի 11-ին Հաղպատավանքը բազմամարդ էր: Տոնախմբությունը, որը սկսվեց սուրբ պատարագով, կապված էր ոչ միայն Վարդավառի, այլեւ Սայաթ-Նովայի հիշատակի տոնի հետ: «Լոռվա ձոր» հայրենակցական միության, ՀՀ մշակույթի նախարարության, Լոռու մարզպետարանի եւ Գուգարաց թեմի նախաձեռնությամբ Երեւանից եւ հանրապետության տարբեր մարզերից ուխտագնացություն էր կազմակերպվել դեպի Հաղպատավանք: «Սայաթ-Նովան մեր ժողովրդի կենսափիլիսոփայության անբաժան մասն է: Թիֆլիսում ունենք սայաթնովյան Վարդատոն, որը սկիզբ է առել դեռ անցյալ դարի սկզբին: Այս տոնակատարություններով ուզում ենք եւ պարտավոր ենք Սայաթ-Նովային վերադարձնել Հայաստան, Սայաթ-Նովան հազար թելերով կապված է Հաղպատի հետ»,- ասաց «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը: Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Հենրիկ Բախչինյանի՝ օրերս հրատարակված «Սայաթ-Նովա» գրքում, հեղինակը, մեջբերելով Գ. Աբովից, գրում է, որ կնոջ մահից հետո Սայաթ-Նովան վարդապետ է եղել Հաղպատի վանքում: Կուսակրոնության տարիները բանաստեղծը, երեխաներին թողնելով Թիֆլիսում, գնում է Հաղպատի Սբ. Նշան վանք եւ ձեռնադրվում աբեղա: Հաղպատավանքում Սայաթ-Նովան անցկացրել է շուրջ 20 տարի:
Եկեղեցամերձ հրապարակն այսուհետեւ կկրի աշուղ-բանաստեղծ Սայաթ-Նովայի անունը: Այդ առթիվ տոնախմբության օրը հրապարակում բացվեց հուշաքար: Լոռու մարզպետ Արամ Քոչարյանի խոսքով՝ Լոռու մարզում մշակութային կյանքը եռում է հատկապես վերջին ամիսներին. «Միջոցառումը վկայությունն է, որ դարեր, տասնամյակներ չի խամրել մեր սերը, հարգանքը դեպի մեծ բանաստեղծը»:
Լոռու տարածաշրջանում Քրիստոսի պայծառակերպության տոնը կամ, ինչպես ժողովուրդն է անվանում՝ Վարդավառը, միայն վերջին տարիներին են սկսել քիչ թե շատ տոնել: «Տարիներ առաջ, երբ այստեղ եկեղեցի ու հոգեւորական չկար, ժողովրդական ծեսով էր արվում Վարդավառը՝ հիմնականում հուլիսի վերջին կամ նախավերջին կիրակին, արդեն եկեղեցու գործունեությամբ հոգեւորականները բացատրեցին ժողովրդին, որ ժողովրդական տոնակատարությունը պետք է կապված լինի եկեղեցու ծեսի հետ: Պետք է լինել նախ եկեղեցում, պատարագին մասնակցել, օրվա խորհուրդը հասկանալ եւ հետո միայն միանալ ժողովրդական տոնակատարություններին: Որքանով է ստացվել տարիների բացը լրացնել՝ այլ հարց է, բայց այս բազմությունը վկայում է, որ ժողովուրդը քիչ-քիչ դարձի է գալիս եւ Վարդավառը ոչ միայն ժողովրդական, այլեւ եկեղեցական ծեսով է տոնում»,- «Առավոտի» հետ զրույցում նշեց Ալավերդու հոգեւոր հովիվ տեր Միքայել քահանա Շաղոյանը:
Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը ցանկություն հայտնեց, որ հուլիսի 11-ը Հաղպատի համար հայտարարվի ուխտի օր. «Այս օրերին էր, որ հայ մեծամեծները, իշխանները, թագավորները, վանականները, կաթողիկոսները նույնպես գնում էին ուխտի եւ բարձրանում այն վանքերը, որ մեր ժողովրդի Թաբոր լեռն է: Այսօր ուխտավորներդ բարձրացել եք մեր Թաբոր լեռը՝ Հաղպատավանքի այս բլուրը, եւ վանքի օրհնությունն եք ստանում՝ օրը սկսելով սուրբ եւ անմահ պատարագով»: Տոնակատարությանը հաջորդեց համերգային ծրագիրը, հնչեցին սայաթնովյան կատարումներ, իսկ վերջում կատարվեց մատաղի օրհնության արարողություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել