Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՐՈ՞ՐԴ ԼՈՒՐՋ ԿՈՐՈՒՍՏԸ

Հուլիս 13,2010 00:00

\"\"«Առավոտն» օրերս տեղեկացրել էր, որ  աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը մարզումների ժամանակ վնասել է ոտքը եւ չի մասնակցի սեպտեմբերին Անթալիայում կայանալիք ծանրամարտի աշխարհի առաջնությանը, որը 2012 թ. օլիմպիական խաղերի առաջին վարկանիշային մրցաշարն է: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, Նազիկը մոտ վեց ամիս հետո կկարողանա մարզումների ժամանակ որոշակի ծանրաբեռնվածությունների տակ մտնել:
Այս կորուստը մեր ազգային հավաքականի համար, կարծես, քիչ էր: Այս տարի ձախորդությունները շարունակում են հետապնդել մեր աստղային ընտրանիներին: Երեկ մարզաձեւի Հայաստանի գավաթի առաջնությունում, որի արդյունքներով որոշվելու են այն մարզիկները, ովքեր մեկնելու են Անթալիա եւ պայքարելու Լոնդոնում առավելագույն մասնակցություն ապահովելու համար, Եվրոպայի չեմպիոն Առաքել Միրզոյանը պոկում վարժությունում 161 կիլոգրամին մոտեցման ժամանակ վնասել է աջ ձեռքի հոդը եւ տեղափոխվել հիվանդանոց: Թե որքանո՞վ է լուրջ այդ վնասվածքը եւ Առաքելը կհասցնի՞ արագ ապաքինվել, նրա հայրը՝ օլիմպիական չեմպիոն Հոկսեն Միրզոյանը, որը նաեւ որդու անձնական մարզիչն է, երեկ մեզ ասաց, որ բժիշկները դեռ պարզում էին: Իսկ «Առավոտի» հարցին, թե հավաքականը Թուրքիա մեկնելիս վերջնական ի՞նչ կազմ կունենա, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը պատասխանեց. «Ձախորդությունները սկսել են հետապնդել մեզ: Ու մարզական առումով ամենավատն այն է, որ վնասվածք ստանում են մեր գլխավոր հարվածային ուժերը, ովքեր պետք է օլիմպիական առավելագույն վարկանիշային միավորներ բերեն Հայաստանին: Առայժմ կոնկրետ ոչինչ ասել չեմ կարող: Հնարավոր է, որ ֆեդերացիան հարկադրված լինի որոշակի «արտակարգ» փոփոխություններ կատարել հավաքականի վերջնական կազմն ընտրելիս: Իսկ մինչ այդ, հայկական սպորտի այս երկու առաջատար մարզիկների բուժման եւ ապաքինման խնդիրներն իր անմիջական հսկողության ներքո է վերցրել ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով, վստահ ենք, կանի հնարավոր ամեն բան: Ինչ վերաբերում է հավաքականի վերջնական կազմին, պատասխանը, կարծում եմ, կունենանք մոտ օրերս՝ պարոն Ծառուկյանի հետ համապատասխան քննարկումներից հետո միայն: Սակայն մի բան հաստատ կարող եմ ասել. ո՞վ էլ փոխարինի առաջին համարներին, պատրաստ է լինելու պայքարին ու աշխարհի առաջնությունում անելու է առավելագույնը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել