Հուլիսի 9-ին «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը եւ ԱՄԱՓ մշակութային հ/կ-ն հայտարարեցին «Ճանաչեք hայկական հուշարձանները»՝ 2010թ. ծրագրում ընդգրկված հերթական պատմամշակութային ժառանգության վայրում՝ Լոռու մարզի Սանահինի վանքում տեղադրված բացօթյա բազմալեզու տեղեկատվական վահանակների մասին: «Տեւական ժամանակ կյանքի կոչվող այս ծրագրի հիմքում մեր արմատներին մոտ լինելու եւ հայի անցած ուղին ճանաչելու ձգտումն է: Համոզված ենք, որ այս վահանակները այցելուներին հնարավորություն կտան զգալ Բագրատունիների շունչը կամ առավել լիարժեք պատկերացում կազմել Գրիգոր Մագիստրոսի իմաստնության մասին»,- կարծում է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Սանահինի վանքը Լոռու մարզում գտնվող Հաղպատ վանքի հետ միասին գրանցված է Համաշխարհային ժառանգության ցանկում եւ ճանաչված է որպես բացառիկ համընդգրկուն արժեք: Այս հիասքանչ համալիրը առանձնանում է ճեմարանով, ձեռագրատնով, ինչպես նաեւ բազմաթիվ եկեղեցիներով, մատուռներով եւ դամբարաններով: Սանահինի հիմնադրման ճշգրիտ տարեթիվը հայտնի չէ: Ըստ ավանդության, վանքը հիմնարկվել է 4-րդ դարում, երբ կանգնեցվել է Սբ. Նշանը՝ խաչը: «Սանահին» անվանումը բացատրվում է «սա նրանից հին է» արտահայտությամբ. ըստ ավանդության՝ Սանահին է կոչվել Հաղպատից ավելի հին վանքը: Հետագայում, հանդիսանալով Կյուրիկյան թագավորների վարչական կենտրոնը եւ նախարարական տան տոհմական դամբարանատեղին (մինչեւ 12-րդ դ. կեսը), Կյուրիկյան թագավորության եկեղեցական թեմի աթոռանիստը (մինչեւ 11-րդ դ. կեսը), վանքը կառուցապատվել է բազմաթիվ կրոնական եւ քաղաքացիական շինություններով: Երկու վանքերում էլ, եւ հատկապես Սանահինում, դասավանդվում էին հումանիտար գիտություններ, երաժշտություն եւ բժշկություն, գրվում էին գիտական աշխատանքներ (քննախոսություններ). այստեղ էին ստեղծագործում ժամանակի նշանավոր գրիչները, ծաղկողներն ու մանրանկարիչները:
Սանահինի վանական համալիրը բաղկացած է հինգ եկեղեցիներից, երկու գավիթներից, ակադեմիայից, գրատնից, զանգակատնից, տոհմական դամբարաններից եւ երբեմնի ամուր պարսպապատով շրջափակված այլ շինություններից: Հիմնական կառույցները խմբավորված են գլխավոր եկեղեցու շուրջը՝ կազմելով մեկ միասնական ամբողջություն: