Լրահոս
Օրվա լրահոսը

Վիրահայերն ու ռուսական կրթություն ունեցողները դժգոհ էին

Հուլիս 13,2010 00:00

Լրացուցիչ միասնական քննությունները շարունակվում են

Միասնական քննությունների լրացուցիչ փուլը շարունակվում է: Հուլիսի 10-ին՝ շաբաթ օրը, կայացավ ռուսաց լեզու առարկայի միասնական լրացուցիչ քննությունը: Քննության համար Երեւանում ձեւավորվել էր ընդամենը մեկ կենտրոն՝ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում, եւ եւս մեկը Լեռնային Ղարաբաղում: Ռուսաց լեզու առարկայից քննությանը մասնակցելու համար ԳԹԿ կենտրոն դիմում-հայտ է ներկայացրել 62 դիմորդ, որից 8-ը՝ ԼՂՀ-ից: Ըստ քննական կենտրոնի ղեկավար Ալեքսան Եսայանի, 54 մասնակցից քննությանը չի ներկայացել 6-ը:
Քննությանը մասնակցում էին հիմնական փուլի քննություններին չմասնակցած շրջանավարտները, միասնական քննության ավարտական մասը՝ Ա մակարդակը չհաղթահարած եւ պետական ավարտական քննություններից 2 առարկայից ոչ ավելի անբավարար ստացածները:
Քննությունն անցավ առանց որեւէ միջադեպի: Քննական թեստերը այս անգամ բացեցին ոչ թե առաջին շարքի նստած դիմորդները, այլ մեկը: Խնդիրներ ծագեցին Վրաստանից ժամանած եւ ռուսական կրթություն ունեցող դիմորդների համար, քանի որ նրանք հանձնաժողովի անդամների մեկնաբանությունները՝ թեստերից օգտվելու ձեւի եւ պայմանների  մասին, նախ չէին լսում, հետո էլ հայտարարեցին, որ չեն հասկանում: Այդ հարցով նրանց անձնապես մոտեցավ քննական կենտրոնի ղեկավարն ու առանձին-առանձին թարգմանեց:
ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյանը նշեց, որ քննությունը մեկնարկել է ճիշտ ժամանակին. «Ես, ի սկզբանե, երկրորդ փուլից առանձնապես մեծ սպասելիքներ չունեմ, քանի որ մասնակիցները հիմնականում բանակից զորացրվածներ են, իսկ նրանք երկու տարի շարունակ պարապելու հնարավորություն չեն ունեցել: Փաստորեն, իմ կանխատեսումները ճիշտ դուրս եկան: Դժվար թե նրանց արդյունքները բարձր լինեն»: Ինչպես բոլոր օտար լեզուների քննությունների, այնպես էլ ռուսաց լեզվի համար տրվում է 2,5 ժամ:
Երեկ էլ կայացավ միասնական քննությունների լրացուցիչ փուլի նախավերջին քննությունը՝ հայոց պատմություն եւ քիմիա առարկաներից: ԳԹԿ մամուլի պատասխանատու Գայանե Մանուկյանի փոխանցմամբ, Հայաստանից եւ ԼՂՀ-ից  հայոց պատմություն առարկայից ԳԹԿ-ն ստացել է 250 դիմում-հայտ, քիմիայից` 89: Քննությունը կայացավ կրկին Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում, երեք քննասենյակներում՝ 2-ը հայոց պատմության եւ մեկը քիմիայի համար: Միասնական քննությունների լրացուցիչ փուլը կավարտվի հուլիսի 14-ին՝ օտար լեզուների քննությունով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել