Շիրակի մարզի այս գյուղում կարանտին է
Երազգավորսի բնակիչները բողոքում են. խմելու ու ոռոգման ջրից զուրկ գյուղում եկամտի միակ աղբյուրը խոզապահությունն է, սակայն արդեն 20 օր է՝ ստիպված են հարկադիր մորթի ենթարկել կենդանիներին, պահեստավորել սառնարանում ու անձամբ օգտագործել միսը: Տուժածներից մեկը՝ Սամվել Այվազյանը, մեզ հրավիրելով իրենց տուն՝ բացեց սառնարանը ու ցույց տվեց, որ իր ընտանիքը առանց վախի օգտվում է այդ մսից: Երազգավորսցիներից շատերն էլ խուսափում էին բարձաձայնել այս մասին: Գյուղամիջում նարդի խաղացողները անկեղծացան, որ խոզի միսը հանվում է Երազգավորսից եւ վաճառվում՝ լռության պատճառը հենց սա է: «Վրաստանից բերեցին՝ թունավոր կերը ջաններս կապեցին, մենք էլ գնեցինք ու էս վիճակին հասանք, եթե մի տնից 40 հատ խոզ սատկած լինի, ի՞նչ կլինի մեր վիճակը, դե հաշվեք ու գնացեք: Երեւանից եկան՝ պրոֆեսոր էր, թե դոցենտ, չգիտեմ, բայց հայտնեցին, որ աֆրիկյան ժանտախտ է, անբուժելի է: Իսկ վնասի փոխհատուցման մասին չենք էլ երազում, երեւի մենք իրենց վնասի փոխհատուցում տանք ու իրենք չտան»,- ասաց գյուղացիներից մեկը: Մեկ ուրիշն էլ, ով, ըստ իր հաշվարկների, 4500 դոլարի վնաս է կրել՝ սատկել էին նրա 12 խոզերը, այդ թվում՝ չորս հղի մայրացուները, ասաց. «Խոզերիս ջերմությունը չէր իջնում, փայծաղները երկարացել, սեւացել ու ուռել էին, բայց չգիտեմ՝ իրոք աֆրիկյան ժանտա՞խտ է, թե՞ կերից է»: Գյուղացիներից մեկն էլ դժգոհեց, որ լսելով փոխհատուցում չլինելու մասին, վախից ստիպված է եղել մորթել իր երկու մայրացու խոզերին եւ անկեղծորեն ասաց, որ կենդանիների միսը վաճառել է, քանի որ, իր համոզմամբ, առողջ են եղել: Գյուղացիների ասելով, հիվանդ խոզերին տարել ու հատուկ փորված փոսում հորել են: Գյուղի 50 տոկոսը տուժել է, մոտ 2000 խոզ է սպանդի ենթարկվել: Իսկ թե քանի գլուխ խոզ է հիվանդացել, գյուղի անասնաբույժ Համլետ Այվազյանը դժվարացավ հստակ նշել, քանի որ անասնատերերից ոչ բոլորն են կենդանիներին մորթի ենթարկելիս իրեն տեղյակ պահում: Անասնաբույժի ասելով, պաշտոնապես երեք ընտանիքներին պատկանող 11 գլուխ խոզերի մոտ է հաստատվել աֆրիկյան ժանտախտը, ընդ որում՝ հարկադիր սպանդի ենթարկելիս: «11 գլխից 3 խոճկորներին ուղարկել ենք լաբորատորիա, չենք թողել մյուսները հիվանդանան, դրա համար էլ սպանդի ենք ենթարկել: Հիմա ամեն գյուղացու խոսքին հավատա՞մ, որ էսքան անկում է գրանցվել: Ոչ, ես չեմ հավատում, եթե սպանդի են ենթարկում իրենց կարիքների համար, ինձ պետք է տեղյակ պահեն, ես էլ պետք է զննեմ, կան մարդիկ, որոնք տեղյակ են պահում, կան մարդիկ էլ, որոնք մտածում են՝ խոզը հիվանդացել է՝ իրենք կբուժեն, բոլոր անասնատերերը դարձել են բժիշկ»,- նկատեց անասնաբույժը՝ վստահեցնելով, որ գյուղում վիճակը վերահսկելի է: Այդ դեպքում ինչո՞ւ են գյուղում կարանտին հայտարարել, մուտքի մոտ ախտահանիչ գորգ փռել մեր հարցին անասնաբույժը պատասխանեց, որ պատճառը ինֆեկցիայի մուտքը դեպի դուրս ամեն կերպ կանխելն է: Իսկ ինչպես հասկանալ, որ թեեւ մսի վաճառքը արգելվում է, բայց գյուղացիները մորթելուն պես այն օգտագործում են: Համլետ Այվազյանը վստահեցրեց, որ գյուղացիներն օգտագործում են սպանդի ենթարկված, բայց չվարակված միսը, ընդ որում՝ բարձր ջերմաստիճանի տակ եփելուց հետո: Ըստ նրա, սրանից հետո վեց ամիս Երազգավորսը չպետք է խոզապահությամբ զբաղվի՝ մինչեւ վտանգը անցնի:
Մեր՝ գյուղում լինելու պահին երազգավորսցիները ավելի շատ վրդովված էին մեկ այլ անտանելի փաստից. գյուղում 25 օր շարունակ ջուր չկա: Գյուղի մի հատվածում ջուրը հազիվ գալիս էր, իսկ մյուսն ընդհանրապես ջրազուրկ էր: Նույնիսկ տարեց կանայք, ծանր դույլերը ձեռքներին, գյուղի մի ծայրից մյուսն էին հասնում ջուր տանելու համար: Նրանք ամենավերջին անեծքն էին հնչեցնում «Շիրակ ջրմուղկոյուղու» հասցեին, ովքեր, ըստ նրանց, գյուղացու գրպանն են մտել, ակտիվ են միայն ջրի վարձ թանկացնելիս: «Մի քանի օրից կտեսնեք, թե ժանտախտն ինչ է, հիմա ի՞նչ է եղել, խոզերն են վարակվել, բայց վաղը մյուս օր ջուր չլինելու պատճառով կվարակվեն այս գյուղի մարդիկ», բողոքում էին մի բաժակ ջրի կարոտ երազգավորսցիները: Գյուղացիներից ոմանք ստիպված արտեզյան ջուր էին օգտագործում, որը կասկածելի, անդուր որակի ու համի է: