Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԱՀԱՑՈՒ ԲԼՈՏ

Հուլիս 13,2010 00:00

\"\"Կիրակի օրը՝ հուլիսի 11-ին, Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում հողին հանձնվեց 16-ամյա Գեւորգ Վարդանյանի դին: Հուլիսի 8-ին Ստեփանավանի ոստիկանները ահազանգ էին ստացել, որ քաղաքի Մեսրոպյան փողոցի 8-րդ տան առաջին հարկի պատշգամբում երեխա է կախված: Հետագա օրերին ողջ քաղաքը քննարկում եւ փորձում էր հասկանալ, թե ինչու տեղի ունեցավ այս ողբերգությունը: Մեզ հետ զրույցներում տեղացիները վստահեցնում էին, որ կատարվածում մեղքի մեծ բաժին ունի նաեւ քաղաքի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցը: 16-ամյա Գեւորգը սովորում էր այս դպրոցում, որտեղ, ի դեպ, աշխարհագրություն է դասավանդում նրա մայրը՝ Գայանե Վարդանյանը: Գեւորգը տան մեծ երեխան էր, ուներ մեկ քույր: Գեւորգի հասակակիցները մեզ հավատացնում էին, որ նա հանգիստ բնավորությամբ սիրված երեխա էր, դասերից չէր բացակայում եւ լավ էր սովորում: Մեսրոպյան փողոցի այն տանը, որտեղ հայտնաբերվել է երեխայի դին, Վարդանյանների ընտանիքն ապրում էր վարձով: Մեզ հայտնի դարձավ, որ դեպքի առթիվ ոստիկանության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօրի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ ինքնասպանության հասցնելը (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը): Նշված արարքի համար նախատեսված է 3 տարի ազատազրկում: Մեր տեղեկություններով, ոստիկանություն են տարել 6-7 անձանց: Բոլորն էլ՝ անչափահաս: Քննչական մարմինը հայտնաբերել է մի տետր, որտեղ գրված են անուններ եւ դրանց դիմաց՝ թվեր: Պարզվել է նաեւ, որ տետրը բլոտ խաղացողների «աշխատանքային» հաշվեմատյանն է, որտեղ «բլոտիստ» անչափահասներն արձանագրել են, թե ով  ինչքան գումար է տանուլ տվել՝ կրվել: Ոստիկանություն տարված նշված 6-7 անձինք, մեր տեղեկություններով, շատերին են փորձել ներքաշել իրենց «ղումարի» մեջ, եւ Գեւորգը ընդամենը նրանց հերթական զոհն է, սակայն՝ միակը, ով կյանքով է հատուցել: Գեւորգը, ըստ ոստիկանության մեր աղբյուրների, պետք է որպես կասկածյալ ձերբակալված 17-ամյա Վլադիմիր Վրույրի Սուքիասյանին «մուծվեր» 3 հազար դրամ: Երեկ քննչական մարմինը արդեն մեղադրանք է առաջադրել Վլադիմիր Սուքիասյանին եւ դիմել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան: Դատարանի որոշմամբ Վ. Սուքիասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել