Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՐԻ ՕԳՆԵԼՈՒ

Հուլիս 13,2010 00:00

Օտար երկրներում ապրող հայ երիտասարդները օգնում են նորոգել հայկական եկեղեցիները

\"\"Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի Եղվարդ գյուղի 1700 թվականին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցում վերականգնման եւ նորոգման աշխատանքներ են ընթանում: 2007 թվականին «Երկիր-մշակույթ» ֆրանսիական բարեգործական կազմակերպությունը հանձն առավ այս ձեռնարկը: Նախ իրականացրեց պեղումներ, հայտնաբերվեցին պատմական արժեք ներկայացնող խաչքարեր: Այնուհետեւ սկսեցին եկեղեցու նորոգումը: Այս տարի նույնպես նորոգման աշխատանքներ են իրականացվում, որին մասնակցում է սփյուռքահայ երիտասարդների մի խումբ: 11 կամավորները Եղվարդում են լինելու հուլիսի 7-27-ը: Այս երիտասարդները Ֆրանսիայից են, Կանադայից, ԱՄՆ-ից, շատերը հայրենի երկրում առաջին անգամ էին եւ կիսվեցին ստացած տպավորություններով: Խմբում է նաեւ աշխարհահռչակ ռեժիսոր Ատոմ Էգոյանի որդին՝ 16-ամյա Արշիլ Էգոյանը: Տղայի ասելով, մոր՝ դերասանուհի Արսինե Խանջյանի խորհրդով է եկել մասնակցելու այս ձեռնարկին: Հայաստան երրորդ անգամ է գալիս, իսկ Կապանում առաջին անգամ է: «Շատ է դուր եկել ինձ Եղվարդ գյուղը, գեղեցիկ բնություն ունի, շատ հետաքրքիր են անցնում մեր օրերը, ամենակարեւորը՝ հայրենիքում եմ: Այցելությանս նպատակը մեկ ամգամ եւս լինել հայրենի հողում, մոտ կանգնել իմ արմատներին ու մասնակից դառնալ եկեղեցական սուրբ գործին»,- ասում է Արշիլը: Արշիլը հայերեն դժվարությամբ էր խոսում, բայց հասկանում էր ու անգլերեն պատասխանում հարցերին: Կամավորականներից շատերը հայերեն ազատ խոսում էին:
«Երկիր-մշակույթ» կազմակերպության վարչության անդամ Նազարեթ Քեւոնյանի խոսքերով, այս տարի Եղվարդի եկեղեցու համար 10 միլիոն դրամ է նախատեսված, որով կնորոգվի եկեղեցու բեմը, ներքին հարդարման աշխատանքներ կիրականացվեն, կտեղադրվի դուռը:
Կազմակերպության ամերիկյան մասնաճյուղի վարչության անդամ Հայկ Մանջյանը շատ է կարեւորում սփյուռքահայ երիտասարդների մասնակցությունը այդ գործում: «Նրանցից յուրաքանչյուրը հպարտ է, որ այստեղ է եւ հայրենասիրական գործ է անում: Տարիներ անց իրենց երեխաներին կպատմեն, որ իրենք նույնպես ներդրում ունեն այս եկեղեցու վերականգնման գործում: Նրանց այստեղ բերելու հիմնական նպատակը դա էր, հնարավորություն տալու ոտք դնել հայրենի հող եւ անձամբ տեսնել այն հայրենիքը, որի պատմությանը քաջ ծանոթ էին, բայց միայն գրքի էջերից»,- նշում է զրուցակիցս:
Բացի Սուրբ Աստվածածին եկեղեցուց, կամավորները բարեկարգման աշխատանքներ են կատարում նաեւ եկեղեցու հարեւանությամբ գտնվող Թորոս իշխանի գերեզմանաքարի շրջակայքում, ինչպես նաեւ՝ գյուղից 1 կմ հյուսիս՝ «Սպիտակ խաչի աղբյուր»՝ 12-13-րդ դարերի գերեզմանատեղիում:
Հուլիսի 27-ին կամավորների այս խումբը կմեկնի, իսկ օգոստոսին գյուղ կայցելի կամավորների նոր խումբ, այս անգամ՝ Եվրոպայից:
Կամավորների կացարանի, սննդի եւ ժամանցի կազմակերպման հարցերը լուծում է գյուղապետարանը: Հիմնականում բնության գրկում ու գյուղի փոքրիկ սրճարանում են սփյուռքահայ երիտասարդները անցկացնում իրենց օրերը, ուր երեկոյան կազմակերպվում է նաեւ դիսկոտեկ: Կամավորների հետ եկեղեցու նորոգման աշխատանքներին մասնակցում են նաեւ գյուղի դպրոցականները:
Եղվարդ գյուղի եկեղեցու վերականգնումը «Երկիր-մշակույթ» կազմակերպության առաջին ձեռնարկը չէ Հայաստանում: Ըստ կազմակերպության հայաստանյան գրասենյակի համակարգող Երեմ Հովհաննիսյանի՝ իրենք աշխատանքներ են իրականացրել Արցախում, Սեւանում, Տաթեւում եւ այլուր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել