Վրաստանը մտադրություն ունի վաճառել Հայաստան-Վրաստան գազամուղը: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ փորձագետ Վահե Սարգսյանը մտահոգություն հայտնեց, թե շատ հնարավոր է վրացական կողմը այն վաճառի թուրք-ադրբեջանական ճամբարի երկրներին, ինչը մեզ համար վտանգի մեծ ռիսկեր է պարունակում: Նա նաեւ կարծիք հայտնեց, թե գազամուղի հավանական գնորդներ են նաեւ ռուսական «Գազպրոմ» եւ ղազախական «Կազտրանսգազ» ընկերությունները: Փորձագետը հիշեցրեց, որ Վրաստանը գազամուղի վաճառքի հայտ էր ներկայացրել դեռեւս 2000-ի սկզբներին, ինչը ժամանակավորապես կասեցվեց 2005-ին՝ ԱՄՆ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում 300 միլիոն դրամաշնորհով գազամուղը նորոգելու պատճառով. «Վրաստանը դրա դիմաց պարտավորություն վերցրեց, որ մինչեւ 2011-ի ապրիլն այն վաճառքի չհանի, պարտավորության ժամանակը լրանում է, թեեւ Վրաստանի վարչապետը վերջերս հայտարարեց, թե իրենք մտադրություն չունեն գազամուղը վաճառել, բայց փաստ է, որ կա վաճառքը չարգելող օրենսդրական նախաձեռնություն եւ նրանց նման հայտարարությունը փորձ է պարզապես երեւույթից ուշադրությունը շեղել»: Պարոն Սարգսյանը նշեց, որ վրացական կողմը այս հարցում հաշվի պետք է նստեր նաեւ Հայաստանի հետ, բայց նույնիսկ հայկական կողմի կարծիքը նրան չի հետաքրքրում. «Հուսով ենք, որ այս գազատարի վաճառքը քաղաքական դրդապատճառներ չի ունենա»: Բայց եթե, այնուամենայնիվ, գազատարի նոր սեփականատերը լինի թուրք-ադրբեջանական ճամբարի երկիր, ապա, փորձագետի կարծիքով, Հայաստանը լիարժեք իրավունք ունի գազամուղի հատվածում ռազմական միջամտության դիմել, որ կարողանա կանխել ադրբեջանական սանձարձակությունները: