Այդպես է ֆինանսների նախարարությունը որոշել ՀՀ-ում 2010թ.-ին տնտեսական աճ եւ զարգացում ապահովել
Հունիսի 8-ին, 10-ին եւ 11-ին ներկայացրել էինք ՀՀ վարչապետի հրահանգով նախարարությունների կազմած 2010թ. տնտեսական աճ եւ զարգացում ապահովող ծրագրերը: Ապա հարցում էինք ուղղել որոշ գերատեսչությունների՝ իրականացման ի՞նչ փուլում են իրենց իսկ գրած ծրագրերը: ՀՀ ֆինանսների նախարարությունը նույնպես (հիշեցնենք, որ առաջինը մեր հարցմանը պատասխանել էր տրանսպորտի եւ կապի նախարարությունը) «Առավոտի» հարցմանն ի պատասխան՝ տրամադրեց մեր խնդրած տեղեկությունը: Հիշեցնենք, որ այս նախարարությունը բավականին ծավալուն ծրագիր էր գրել, սակայն՝ խորամանկ ձեւով. ծրագրի գրեթե բոլոր կետերը ոչ թե կոնկրետ առարկայական աշխատանքներ էին նախատեսում, այլ՝ «մշակում, ձեւավորում, կարգավորում, կանոնակարգում» եւ այլն: Քիչ թե շատ գործնական կետերից էին «էլեկտրոնային մրցույթների համակարգի ներդրում եւ համապատասխան օրենսդրության բարեփոխում», «արտաքին աուդիտի համակարգի կայացում», «արտաբյուջետային հաշիվների հսկողական համակարգի ներդրում եւ բյուջետավորման գործընթացի վերահսկողություն ԾԻԳ-երի նկատմամբ՝ գանձապետական միասնական համակարգով»:
Համաձայն նախարարության ուղարկած տեղեկանքի 1-ին կետի՝ մշակվել եւ մշակվում են, ձեւավորվում եւ կանոնակարգվում են, սահմանվում եւ հաստատվում են, կարգավորվում եւ ուսումնասիրվում են (մի խոսքով՝ մարդիկ աշխատում են, նույնիսկ կարելի է ասել՝ տքնում են) տարբեր հարցեր: Ներկայացնենք քիչ թե շատ առարկայական պահերը. «Մշակվել է «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ս/թ մարտ ամսին ՀՀ կառավարության կողմից ներկայացվել է ՀՀ ԱԺ-ի քննարկմանը», «մշակվել է ՀՀ պետական ներքին ֆինանսական հսկողության ռազմավարության նախագիծը, որը ս/թ ապրիլ ամսին ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայացվել է ՀՀ կառավարության քննարկմանը», «Հայաստանի գնումների համակարգը Եվրամիության լավագույն փորձին համապատասխանեցնելու նպատակով մշակվել եւ ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել «Գնումների մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծ» (տեղեկացնենք, որ հուլիսի 8-ին կառավարությունը հավանություն տվեց այս նախագծին-Մ.Բ.): Մեկ այլ մշակում էլ վերաբերում է ՊՄԾԾՄ-ին՝ «ՀՀ վարչապետի 2009 թ. դեկտեմբերի 23-ի «ՀՀ 2011 թ. բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 1073-Ն որոշմամբ սկիզբ է դրվել ՀՀ 2011 թ. բյուջետային գործընթացին, որի առաջին փուլը՝ ՀՀ 2011-2013թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակումն է: Վերը նշված որոշմամբ պետական մարմիններին տրվել են համապատասխան հանձնարարականներ եւ սահմանվել են դրանց կատարման ժամկետները: Ներկայումս ՀՀ 2011-2013թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը պատրաստ է եւ ներկայացվել է ՀՀ կառավարության քննարկմանը, որը պետք է հաստատվի մինչեւ ս.թ. հուլիսի 10-ը»:
Ֆիննախի ծրագրով նախատեսվում է նաեւ էլեկտրոնային մրցույթների համակարգի ներդրում: Այդ կապակցությամբ նախարարությունը մի մե՜ծ գործ է արել՝ «Ժամանակակից փորձին համապատասխանող էլեկտրոնային մրցույթների համակարգի ներդրման նպատակով 2010թ. կազմակերպված միջազգային մրցույթի արդյունքներով ընտրվել խորհրդատու, որի հետ հունիս ամսին կնքվել է պայմանագիր: Համակարգի շահագործումը նախատեսվում է սկսել 2011թ.-ից»: Վերանայվել եւ սահմանափակվել են մեկ անձից գնումներ կատարելու պայմանները. «Մասնավորապես նախատեսվել է, որ անհետաձգելիության հիմքով պայմանավորված, մեկ անձից գնման ձեւով գործընթացները պատվիրատուն պետք է կազմակերպի հրապարակային ծանուցման եղանակով: Ընդ որում, վերջինս պետք է ապահովի առնվազն երեք մասնակցի գնային առաջարկների առկայությունը՝ այդ նպատակով գնումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակելով հայտարարություն: Այսինքն՝ հրատապության հիմքով պայմանավորված, մեկ անձից գնման ձեւով գործընթացի կազմակերպումը եւս ըստ էության իրականացվում է մրցակցային եղանակով; Արդյունքում 2010թ. առաջին եռամսյակի արդյունքներով մեկ անձից գնման ձեւով կատարված գնումների ծավալը 2009թ. նույն ժամանակահատվածի համար նվազել է շուրջ 13 անգամ, իսկ տոկոսային արտահայտությամբ նվազել է շուրջ 92%-ով:
Բացի ներքինից, ֆիննախը մշակել է արտաքին աուդիտին առնչվող թղթեր. «ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մշակվել է «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագիծը քննարկվել է շահագրգիռ կողմերի հետ եւ ներկայացվել է ՀԲ-ին եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությանը՝ փորձագիտական եզրակացություն ստանալու նպատակով»:
Ֆինանսների նախարարության կազմած 9 կետանոց ծրագրի 8-րդ կետով նախատեսվում է «արտաբյուջետային հաշիվների հսկողական համակարգի ներդրում եւ բյուջետավորման գործընթացի վերահսկողություն ԾԻԳ-երի նկատմամբ՝ գանձապետական համակարգի մշակում եւ կիրառում»: Դրանով էլ, իր հերթին, նախատեսվում է. «ԾԻԳ-երի հաշիվները ՀՀ գանձապետարան տեղափոխելու նպատակով ՀՀ կառավարության կողմից հաստատվել է ՀՀ գանձապետական համակարգի միջոցով օտարերկրյա պետությունների եւ միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից ՀՀ-ին տրամադրվող վարկային եւ դրամաշնորհային միջոցների շրջանառման կարգը: Նշված որոշմամբ սահմանվում է վարկային եւ դրամաշնորհային միջոցների՝ ՀՀ գանձապետական համակարգով շրջանառելու գործընթացը եւ կանոնակարգվում է այդ գործընթացի հետ կապված հիմնական հարաբերությունները: Ներկայումս նախատեսվում է փորձնական ծրագրի իրականացում՝ ընտրված թվով երկու ԾԻԳ-երի հաշիվների վարում գանձապետական համակարգի միջոցով, որի արդյունքում կիրականացվեն միջոցառումներ՝ բացահայտված հնարավոր ռիսկերի նվազեցման եւ 2011թ. հունվարի 1-ից սկսած բոլոր ԾԻԳ-երի հաշիվները ՀՀ գանձապետարան տեղափոխելու ուղղությամբ»:
Եվ վերջապես, ՀՀ ֆինանսների նախարարության ծրագրի վերջին կետը ամենահետաքրքիրն էր. «ներգրավված ռուսական վարկային միջոցների ընթացիկ սպասարկում, հատուկ հաշվառման ապահովում, վարկի մայր գումարի ուղղում տնտեսության զարգացմանը»: «Առավոտին» ուղարկված տեղեկանքի մեջ ֆինանսների նախարարությունը «բացել» է փակագծերը. «ՌԴ-ից ստացված միջպետական վարկի շրջանակում իրականացվել է տնտեսության վարկավորման ծրագիր, որի շրջանակում ռեսուրսներն ուղղվել են տնտեսության խթանմանը՝ նպաստելով ընդլայնողական քաղաքականությանը, ինչը նշանակում էր պետական ռեսուրսների ներարկում տնտեսության մեջ: Միեւնույն ժամանակ գումարներ են հատկացվել աղետի գոտու վերականգնման նպատակով: (Այս ռեսուրսների հաշվին բյուջետային ընթացիկ ծախսեր չեն կատարվել): 2009-2010թթ. ընթացքում ռուսական վարկի (185 մլրդ դրամ) միջոցներից, ըստ համապատասխան որոշումների, բաշխվել է 162.9 մլրդ դրամ, որից ընդհանուր առմամբ տեղաբաշխվել է ավելի քան 138.9 մլրդ դրամը: Մասնավոր հատվածին տրամադրված վարկերի մարումից ստացված գումարը այս պահի դրությամբ կազմում է 16,914.0 մլն դրամ: Վարկի սպասարկման գծով 2009-ին փաստացի վճարվել է 3,284.5 մլն դրամ, «ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված է վճարել 9,659.9 մլն դրամ»:
Նախարարությունը կից ներկայացրել է նաեւ տեղեկանք ՌԴ-ի կողմից $500 մլն արժողությամբ պետական վարկի միջոցների օգտագործման վերաբերյալ, որին մենք կանդրադառնանք «Առավոտի» հետագա համարներից մեկում: