Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ո՛Չ «ՓՈՓԿՈՌՆՅԱՆ» ԿԻՆՈՅԻՆ

Հուլիս 13,2010 00:00

«Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում Հայաստանում է ռուս կինոռեժիսոր, ՌԴ Պետդումայի պատգամավոր Ստանիսլավ Գովորուխինը երեկ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում վարպետության դաս անցկացրեց, սակայն հրաժարվեց անվանել հանդիպումը վարպետության դաս. «Վարպետության դաս արտահայտությունը ուռճացված խոսք է…Դուք ակնկալում եք այստեղ տեսնել վարպետ, իսկ ես վարպետ չեմ…»:
Նա ասաց, որ ժամանակին երբեք ռեժիսուրայի մասին չի մտածել. «Սովորելով կենսաբանական ֆակուլտետում՝ երբեք մտքիս ծայրով էլ չի անցել ռեժիսորի աշխատանքը: Մի անգամ այնպես պատահեց, որ հայտնվեցի նկարահանման հրապարակում: Աժիոտաժի մեջ հանկարծ աչքս ընկավ մեկի վրա, որն իր համար հանգիստ, լուռ՝ աթոռին նստած էր, իրեն սուրճ էին բերում, թեյ, նա իր համար աշխարհից կտրված ծխում էր, ժամանակ առ ժամանակ մոտենում էին, ինչ-ինչ բաներ փսփսում ականջին, նա էլ գլխով էր անում: Կողքիս կանգնածին հարցրի՝ սա ո՞վ է, ասաց՝ ամենագլխավորն այստեղի՝ ռեժիսորը: Այդ օրվանից սիրահարվեցի այս գործին, որոշեցի, որ ես էլ պետք է նստեմ աթոռին եւ ինձ սուրճ բերեն, թեյ եւ ժամանակ առ ժամանակ գլխով անեմ…»:
Տասնյակ ֆիլմերի ռեժիսոր Ս. Գովորուխինը խոստովանում է, որ իրեն մեծ հաջողություն է բերել «Այդպես չի կարելի ապրել» ֆիլմը. «Այդ նկարով ես մեծ համբավ ձեռք բերեցի: Ներկայիս հանդիսատեսի շարքում իմ հանդիսատեսը չկա: Կինոթատրոններում նստած է «փոփկոռնյան» հանդիսատես, եւ նրա ցանկությունն է տեսնել «փոփկոռնյան» կինո: Երբեմն մտածում եմ՝ ինչո՞ւ եմ շարունակում նկարել: Այն մարդիկ, որոնց համար ես նկարում եմ եւ որոնք կհասկանան իմ ասելիքը, ընդամենը դահլիճի 30-40 տոկոսն են կազմում, մյուսներին հետաքրքրում են անտրամաբանական, ասենք՝ ամերիկյան ֆիլմերը: Մեծամասնությունը էկրանին միայն «action» է ցանկանում տեսնել ու այդ ընթացքում էլ «փոփկոռն» ուտել, վազել գարեջրի ետեւից, խոսել բջջայիններով: Բայց դեռ շարունակում եմ նկարել, թե ինչո՞ւ, ես էլ չգիտեմ: Երեւի նրա համար, որ ռեժիսուրան հաճույք է, ոչ թե աշխատանք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել