Բելգիայի տարբեր համալսարանների դասախոսների եւ ուսանողների խմբի հետ հանդիպման ժամանակ ԼՂՀ արտաքին գերատեսչության ղեկավար Գեորգի Պետրոսյանն ասել է. «Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է անկախ լինի: Ղարաբաղի անկախությունը մեր ղեկավարության եւ ժողովրդի ոչ միայն այսօրվա քաղաքական կամքն է: Դա հասկանալու համար պետք է անդրադառնալ պատմությանը: Եթե մենք իրավունք ենք ունեցել մեզ պարտադրված պատերազմը դադարեցնող փաստաթղթեր ստորագրել, ապա, բնականաբար, իրավունք ունենք կառուցել մեր ազատ ապագան: Հենց այս դրույթից ելնելով պետք է դիտարկել շատ քայլեր, որոնք նախաձեռնում է եւ կնախաձեռնի ԼՂՀ-ն»: ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը ընդգծել է նաեւ հետեւյալը. «Մենք խոսում ենք իրավունքի մասին, իսկ Ադրբեջանը` տարածքների մասին: Այդ պատճառով պաշտոնական Բաքուն չի ցանկանում Լեռնային Ղարաբաղի հետ որեւէ շփման գնալ: Դեռ ավելին, Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով սիստեմատիկորեն հայտարարում են զավթողական նկրտումների մասին: Ուստի այսօրվա դրությամբ կողմերի միջեւ դիրքորոշումների ընդհանուր եզրեր չկան, չնայած մենք Ադրբեջանին բազմիցս առաջարկել ենք նստել բանակցային սեղանի շուրջ»: