«Հայաստանը պետք է դառնա իրապես ժողովրդավար եւ ինքնիշխան երկիր, որտեղ տիրում է օրենքի գերակայությունը, անցկացվում են արդար ընտրություններ, իսկ իշխանության ներկայացուցիչները, ովքեր իրենց ունեցվածքը, ձեռնարկությունները դիզել են մարդկային կյանքերի գնով, պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ, պետք է օրենքի առջեւ պատասխան տան օրենքի ամբողջ խստությամբ»,- նշված է «Ժառանգություն» կուսակցության 6-րդ համագումարի ընդունած բանաձեւում: Ի պատասխան այս մեղադրանքների, ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը «Առավոտին» ասաց. «Ժառանգությունը» զբաղվում է պոպուլիստական, դեկլարատիվ հայտարարություններով՝ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում իր 5 տոկոս տեղն ապահովելու համար: Սա բոլորն են հասկանում, իսկ եթե իրենց հայտնի են օրենքի խախտման ու հանցագործությունների կոնկրետ դեպքեր, ապա թող դիմեն համապատասխան մարմիններին եւ ոչ թե ամբոխահաճո հայտարարություններ անեն, որովհետեւ ժողովրդավարական երկրում ենթադրվում է, որ եթե քաղաքացին տեղյակ է ինչ-որ հանցագործությունից, ապա պետք է գնա ու պատկան մարմնին ներկայացնի վկայություն: Այ, այդ ժամանակ մենք իսկապես ժողովրդավարական երկիր կդառնանք, եւ դրան կնպաստի նաեւ «Ժառանգությունը»:
Էդուարդ Շարմազանովը վստահ է, որ այս պահին պայքար է գնում ընդդիմադիր ուժերի մեջ՝ «Ով ավելի ընդդիմադիր» կոչման համար. «Դեռ ամիսներ առաջ ձեզ հետ զրույցում ասել եմ եւ այժմ էլ ավելի եմ համոզվում, որ երեք ընդդիմադիր ուժերի՝ Դաշնակցության, «Ժառանգության» եւ Հայ ազգային կոնգրեսի միջեւ պայքար է ընթանում, թե ով ավելի շատ ընդդիմադիր հայտարարություն կանի, որպեսզի գոնե այդպիսով կարողանա շահել ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները: Արդեն իսկ ակնհայտ զգացվում է, որ 2012 թվականի ընտրություններում 5 տոկոս շեմը հաղթահարելու բարդույթն իրենց հանգիստ չի տալիս»:
ՀՀԿ խմբակցության քարտուղարը «Ժառանգություն» կուսակցության իր գործընկերներին մեր թերթի միջոցով նաեւ խորհուրդ տվեց զբաղվել իրական գործով եւ գտնել սեփական տեղն ու դերը քաղաքական դաշտում: