Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՐԱՄԱՅԱԿԱՆ Է, ՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽՎԻ»

Հուլիս 13,2010 00:00

Հունիսի 10-ին «Ժառանգության» արտահերթ համագումարում հայտարարեց կուսակցության վարչության նախագահ ընտրված Րաֆֆի Հովհաննիսյանը:

\"\"
Լուսանկարը՝ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ

Ներկուսակցական հարցեր
«Ժառանգության» 6-րդ համագումարում ներկայացնելով կուսակցության վարչության հաշվետվությունը՝ Արմեն Մարտիրոսյանն ասաց, թե դժվար է եղել գործելը մի կուսակցության համար, որը «ներքին ժողովրդավարություն ունի եւ Հայաստանի ժողովրդավարության համար առաջադրում է բարձրագույն նշաձող, երբեք բանսարկություններով չի զբաղվել, կուսակցություններ չի պառակտել», ու շարունակեց այս ակնհայտ հասցեատեր ունեցող ակնարկները. «Բախտորոշ իրավիճակներում ու պահերին չի ճողոպրել կամ հրաժարվել պատասխանատվությունից, համաժողովրդական եւ ազգային իրավունքների պաշտպանության ճակատից, ինքնագոհության ախտով չի տառապել եւ լռելյայն իրականացրել է իր հանձնառությունը, սեփական սխալների ու ձախողումների համար արդարացումներ չի փնտրել ու անհաջողությունների մեղքը չի բարդել ուրիշների վրա, քաղաքական պայքարում չի խախտել ազնիվ մրցակցության կանոնները եւ փորձել է իր գործողություններով ուժեղացնել գործընկերներին, այլ ոչ թե թուլացնել նրանց, բազմիցս է նախաձեռնել քաղաքական երկխոսության քայլեր ու միացել այլ նախաձեռնությունների՝ փոխարենն անպատասխան մնալով կամ չստանալով առնվազն ըմբռնում մյուս կողմից»:
Արմեն Մարտիրոսյանը նաեւ անդրադարձավ 2009թ. սեպտեմբերի 9-ին վարչության կայացրած որոշմանը՝ շարքերից 6 կուսակցականների հեռացնելու վերաբերյալ, եւ այն անվանեց «պրագմատիզմի եւ իրավիճակայնության դաշտում կայացված» որոշում: Սակայն այն «Ժառանգության» համար «խորթ քայլ» անվանեց ոչ միայն սեպտեմբերի 9-ին հրաժարական ներկայացրած վարչության նախագահ Անահիտ Բախշյանը, այլ նաեւ քննադատեց Րաֆֆի Հովհաննիսյանը, որի պահանջով էլ հրավիրվել էր այս արտահերթ համագումարը: «Մեր նախորդ համագումարում եւ դրանից առաջ ու դրանից հետո ընկած ժամանակահատվածում «Ժառանգությունը», թեկուզ ժամանակավոր՝ արձանագրեց նահանջ, շեղում ժամանակի քննությունը բռնած իր արժեքներից ու չափանիշներից: Հերթապահ որոշումների շարանով զիջեցինք մեր ինքնությունը եւ մեր տեղը քաղաքական դաշտում»,- նախ արձանագրեց կուսակցության հիմնադիրը: Իսկ անդրադառնալով վարչության վերոհիշյալ որոշմանը՝ նշեց. «Հեռացումները, որքան էլ կարելի է բանականորեն ներկայացնել կամ անգամ սադրանքի արդյունք համարել, սխալ էին եւ հակադիր էին ամբողջ այդ արժեհամակարգին, որ ներկայացնում ու որի համար պայքարում է «Ժառանգությունը»: Շատ ակնհայտ է, որ եթե եղել են անհաղթահարելի խնդիրներ, տարաձայնություններ՝ այդ հարցը պետք է բերվեր այստեղ, այս համագումարին»:
Առանց անուններ նշելու՝ նա պատասխանեց նաեւ ԿԸՀ անդամ Զոյա Թադեւոսյանի եւ «Ժառանգությունից» հեռացված այլ անձանց ստեղծած «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնության վերջերս տարածած հայտարարությանը, որում պահանջ կար խորհրդարանական ընդդիմությանը՝ վայր դնել մանդատները. «Նրանց, ովքեր տարիներ շարունակ դեմ էին արտահայտվում մեր մանդատների վայր դրմանը, իսկ այսօր հորդորում են, որ «Ժառանգությունը» մանդատները վայր դնի՝ ես պարզապես խնդրում եմ, որ իրենք մեզ ճանապարհ ցույց տան եւ ընտրական հանձնաժողովներում իրենց մանդատները վայր դնելով՝ ցույց տան, թե ինչպես պետք է առաջնորդվի քաղաքացիական հասարակությանը նվիրված «Ժառանգությունը»:
Ի դեպ, ավելի ուշ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը հաշվետվություն ներկայացնելով՝ ասաց. «Եթե հաշվենք, թե այս 3 տարիների ընթացքում պատգամավորներից յուրաքանչյուրը որքան ժամեր է անցկացրել ոստիկանատներում, մեկուսարաններում, դատարաններում՝ հալածվող ու հետապնդվող մարդկանց պաշտպանության համար, եւ գումարենք, ապա դա առնվազն մի քանի ամիս կկազմի: Սա ոչ թե ուրախացնող, այլ տխրեցնող ցուցանիշ է, քանի որ մեր ջանքերը, ռեսուրսները եւ ժամանակը, որ կարող էինք ներդնել շատ այլ խնդիրների լուծման վրա, մասնատվել են»: Այսուհանդերձ, նաեւ հիշեցրեց, որ 3 տարի շարունակ մի քանի տասնյակ հասարակական կազմակերպություններ գնահատում են, թե օրենսդիր աշխատանքում կուսակցությունները որքանո՞վ են հավատարիմ իրենց ծրագրային խոստումներին. «Դիտազննման ամեն մի զեկույցի հրապարակումից հետո, այո, հպարտություն ենք ապրում, երբ լսում ենք, որ միակ կուսակցությունը, որը քվեարկությունների ժամանակ կամ տեսակետ հայտնելիս չի շեղվել իր հռչակածից, պատկերավոր ասած՝ խոսքն ու գործը համընկել են՝ «Ժառանգությունն» է»:
Արմեն Մարտիրոսյանն առաջարկեց վարչության գործունեությունը համարել բավարար, եւ համագումարի 350 պատվիրակներից դրան ձեռնպահ քվեարկեցին միայն 9 հոգի, դեմ՝ 5-ը, որոնցից մեկն էլ Անահիտ Բախշյանն էր: «Դեմ քվեարկեցի, որովհետեւ ինքս հրաժարական եմ տվել,- «Առավոտին» ասաց տիկին Բախշյանը:- Ինքս իմ գործունեությունն անբավարար գնահատեցի»:

Ներքաղաքական հարցեր
«Մարտի 1-ի բացահայտման, քաղբանտարկյալների ազատ արձակման ու քաղաքացիական իրավունքների պաշտպանության հարցերում համագործակցել ենք ՀԱԿ-ի հետ, իսկ հայ-թուրքական արձանագրությունների դեմ՝ ՀՅԴ-ի հետ»,- հաշվետվության ընթացքում արձանագրեց Արմեն Մարտիրոսյանը: Նաեւ մանրամասնեց, որ գաղափարական ու հայեցակարգային անհստակությունն էր պատճառը, որ «Ժառանգությունը» ժամանակին ձեռնպահ մնաց ՀԱԿ-ում ընդգրկվելուց. «Եթե համակարգափոխության հայեցակարգը, գաղափարախոսական հենքն ու ծրագիրը հստակեցված չեն, իսկ համագործակցության շրջանակն էլ մեծ չէ, ապա որեւէ պայքարում ակտիվորեն ներգրավվելու հարցում չես համոզի ոչ մյուս քաղաքական ուժերին, ոչ էլ առավել եւս՝ հասարակությանը»: Շարունակելով քննադատությունը ընդդիմության եւ որոշ ԶԼՄ-ների հասցեին՝ Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Անբարո է, երբ ինչ-որ մեկն իշխանություններին մեղադրում է վախեր սփռելու, ահաբեկչական հոգեբանության մեթոդներով կամ շանտաժով երկիրն ու հասարակությանը կառավարելու մեջ, բայցեւ ինքն է նույնպիսի ճղճիմ զինանոց կիրառում դիմացինի կամ գործընկերոջ հանդեպ՝ իրեն ցանկալի որոշում կորզելու համար»:
Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ կեսժամանոց ելույթում եւս չկար քննադատության պակաս. «Իհարկե, պատասխանատվությունը մարտի 1-ի եւ շատ ու շատ այլ ողբերգությունների, կեղծված ընտրությունների, կոռուպցիայի, հանրային ծառայության ու մասնավոր շահի միջեւ շահերի բախման համաճարակի համար կիսում ենք բոլորս, բայց առաջին հերթին՝ ՀՀ երեք նախագահները՝ տարբեր չափաբաժիններով: Եվ ինչպե՞ս կարող ենք շիտակ նստել եւ շիտակ չխոսել առ այն, որ ինչպե՞ս հասնենք ամբողջ ճշմարտությանը՝ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Հայաստանի քաղաքացու, եթե մինչեւ հիմա չեն հարցաքննվել կամ վկայություն չեն տվել Հայաստանի Հանրապետության երկրորդ, ապա եւ՝ երրորդ, ապա եւ՝ առաջին նախագահները»:
Ծափերով ընդմիջվեց նրա հետեւյալ արտահայտությունը՝ «Ազգային շահ, քաղաքացու իրավունք, կուրծք ծեծող հայրենասիրություն… Արեք: Կամ էլ մենք պիտի անենք»: Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ նկատեց. «Այսօրվա իշխանությունը՝ չհաշվելով պարբերաբար հնչող, մեկ-մեկ՝ գեղեցիկ ելույթների ձեւակերպումները, նորարար առաջարկները, որոնք մենք արժանվույնս գնահատում ենք՝ չի կարող իրացնել այս հիմնախնդիրները Հայաստանի եւ հայ ժողովրդի համար: Չկա համապատասխան հանրային մանդատը, իրավականությունը, ներուժը եւ քաղաքական, քաղաքացիական, բարոյական կամքը: Ուստի հրամայական է, որ իշխանությունը փոխվի՝ փոխվի ամբողջովին եւ անմիջապես՝ թե՛ քվեատուփերի մոտ, թե՛ ընդհանրապես»: Հաջորդ ծափերին արժանացավ նրա այն պնդումը, թե մտել ենք մի շրջափուլ, որի ամեն երանգը կոչվում է արտահերթ. «Հայ ժողովուրդը պահանջում է փոփոխություն: Այդ փոփոխությունը սոսկ ընտրական շրջանի փոփոխություն չէ: Այդ փոփոխությունն անմիջական, համակարգային, քաղաքացու առօրյա կյանքի վերաբերող փոփոխություն պետք է լինի»: Հավելեց, թե այդ խնդիրը լուծելու համար պետք է իրենց մեջ ուժ գտնեն՝ հաղթահարելով ներքին խնդիրները, ընդունելով սխալները եւ համագործակցության նոր բանաձեւեր ընտրելով քաղաքական ու քաղաքացիական դաշտում:
Կուսակցության նոր վարչության համար նա հրամայական դիտեց հասարակական, քաղաքացիական տարատեսակ շարժումները մի շղթայի մեջ միավորել, ավելի ստույգ՝ համակարգել փորձելը: Եվ պատասխանելով լրագրողների հարցին՝ ՀԱԿ-ի հետ դաշինքի հնարավորության մասին, Րաֆֆի Հովհաննիսյանն էլի ասաց. «Կարծում եմ, որ պետք է քաղաքացիական, քաղաքական ծիածնային նոր դաշինք, կոալիցիա ստեղծվի: Եթե ՀԱԿ-ը համաձայն է դիտարկել այդ համագործակցությունն այդ ավելի լայն ծիրի մեջ՝ ես չեմ բացառում»: Հնարավոր համարեց նաեւ համազգային որոշ խնդիրների շուրջ համագործակցությունն իշխանությունների հետ՝ «մեր էական տարաձայնությունները պահպանելով հանդերձ», եւ բացառելով ընտրական համագործակցությունը:

Հ. Գ. Համագումարն ընտրեց 11 հոգանոց նոր վարչություն, որն էլ իր առաջին նիստում Րաֆֆի Հովհաննիսյանին ընտրեց նախագահ, Ռուբեն Հակոբյանին՝ փոխնախագահ, Կարինե Հակոբյանին՝ քարտուղար: Ի դեպ, նախկին դաշնակցական Ռուբեն Հակոբյանի ելույթը միակն էր, որի ընթացքում դահլիճից ռեպլիկ հնչեց: Երբ նա ասաց. «Ես վստահ եմ, որ 2008 թվականի մարտի 1-ի դիպուկահարները ծնվել են 1995-1996 թվականներին: Ես տեսել եմ այդ դիպուկահարների ծնունդը 1995 թվականի հուլիսին՝ Ազատության հրապարակում», Գրիզելդա Ղազարյանը տեղից բացականչեց. «Իսկ մարտի 1-ից հետո էլ դուք իշխանության մեջ էիք ու ճշմարտությունը չէիք տեսնում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել