Լրահոս
Օրվա լրահոսը

«ՕԵԿԱԿԱՆ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ ԽՈՀԵՄ ՈՐՈՇՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ»

Հուլիս 13,2010 00:00

Վստահեցնում է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը

– Քլինթոնը եկավ-գնաց, եւ այցի մասին հիմնականում խոսեցին ՀՀԿ-ն եւ ընդդիմությունը: Ինչո՞ւ Դուք բավականին ակտիվ չխոսեցիք այդ այցի մասին:
– Նախ նշեմ, որ ՕԵԿ-ը բնավ էլ իներտ չէ նման կարեւոր իրադարձությունների նկատմամբ, եւ մենք մեր կարծիքն ու գնահատականները միշտ էլ ժամանակին հայտնում ենք: Իսկ այժմ հարցի մասին՝ ըստ էության. ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը տարածաշրջան շատ կարեւոր էր, քանզի այն նոր որակ հաղորդեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Այցի ամենաուշագրավ հայտարարություններից մեկը թերեւս այն էր, որ ԱՄՆ պետքարտուղարն անթույլատրելի է համարել ղարաբաղյան խնդրի լուծման գործում ուժի կիրառումը՝ միեւնույն ժամանակ նշելով, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք սկզբունքների՝ ուժի չկիրառման, ժողովուրդների ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության հիման վրա: Այս սկզբունքներն են ընդգծել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան այցելությունից հետո՝ հուլիսի 5-ին, Վիեննայում արած իրենց հայտարարությունում, միաժամանակ հույս հայտնելով, որ հուլիսի 16-17-ը Ալմաթիում կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների եւ արտգործնախարարների հանդիպումը: Կարծում եմ՝ ԵԱՀԿ Ալմաթիի ոչ պաշտոնական գագաթաժողովը հանդիսանալու է այն վայրը, որտեղ ի մի կբերվեն ԼՂ հակամարտության շուրջ վերջին մեկամսյա զարգացումները եւ կնախանշվեն հետագա անելիքները:
– Այնուամենայնիվ, Ադրբեջանի կողմից հնչող տարաբնույթ հայտարարությունների մասին եւս գրեթե ոչ մի հակադարձում կոնկրետ «Օրինաց երկրի» կողմից կարծես չարվեց:
– Ընդհակառակը, հակադարձումները եղել են կոշտ, ընդհուպ նաեւ մեր կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի կողմից: Վերջին շրջանում Ալիեւը պետք է ցույց տար ադրբեջանական հասարակությանը, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կա առաջընթաց՝ ի նպաստ Ադրբեջանի, այլապես ինչպե՞ս կարող էր ալիեւյան կլանը բացատրել իր իսկ հասարակությանը, որ իրենց կողմից նավթային գործոնի վրա կատարած խաղադրույքը ցանկալի արդյունքներ չի տալիս, իսկ մյուս կողմից, ընդունելով, այսպես կոչված, մադրիդյան նորացված առաջարկները (իրականում բոլորի համար էլ պարզ է, որ այդպիսիք չկան), Իլհամ Ալիեւը փորձում էր միջազգային հանրությանը ցույց տալ, որ ղարաբաղյան բանակցություններում Ադրբեջանը հանդես է գալիս կառուցողական դիրքերից, իսկ Հայաստանը, ընդհակառակը՝ չի ընդունում Մինսկի խմբի առաջարկները եւ դրանով իսկ տապալում է հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը: Ալիեւը նույնիսկ փորձեց խոսել վերջնագրի լեզվով՝ բազմիցս հայտարարելով, որ Ադրբեջանը վերստին կնստի Հայաստանի հետ բանակցային սեղանի շուրջ, եթե հայկական կողմն ընդունի վերը նշված նորացված սկզբունքները: Սակայն Ադրբեջանի համար «սառը ցնցուղի» էֆեկտ ունեցավ հունիսի 26-ին Կանադայում տեղի ունեցած «Մեծ ութնյակի» գագաթաժողովից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Ֆրանսիայի նախագահներ Բարաք Օբամայի, Դմիտրի Մեդվեդեւի եւ Նիկոլա Սարկոզիի համատեղ հայտարարությունը, որը հիմնված էր մինչ այդ ընդունված Հելսինկյան երեք սկզբունքների՝ ազգերի ինքնորոշման, ուժի չկիրառման եւ տարածքային ամբողջականության վրա:
Իսկ արդեն Ալմաթիի ոչ պաշտոնական գագաթաժողովից առաջ Ալիեւն Ալիեւ չէր լինի, եթե յուրաքանչյուր պատասխանատու հանդիպումից առաջ հանդես չգար բանակցային գործընթացի տապալմանը միտված իրեն բնորոշ ռազմատենչ եւ անհասկանալի հայտարարություններով: Ալիեւյան նմանատիպ վերջին ելույթին ականատես եղանք հուլիսի 7-ին, որտեղ նա կրկին խոսեց, այսպես կոչված՝ «հայկական օկուպացիայի», հայերի՝ Արցախում եկվոր լինելու անհեթեթ տեսակետի, մեկ միլիոն փախստականների, ադրբեջանական «հզոր» բանակի եւ այլնի մասին: Ինչպես ասում են՝ «արջը յոթ երգ գիտի, յոթն էլ՝ մեղրի մասին»:
– Վերջին շրջանում բավականին ակտիվ գործընթաց է սկսվել դեպի ՕԵԿ, շատերի համար՝ անսպասելի ձեր կուսակցության անդամ են դառնում մարդիկ, որոնք, թվում էր, այլեւս ոչ մի գնով չեն կուսակցականացվի: Մամուլում տեղեկություններ կան այն մասին, որ ՕԵԿ-ի վերջին համալրումները պայմանավորված են հանրապետության նախագահից եկող հրահանգով: Արդյո՞ք այդ հրահանգի արդյունքում օեկական դարձան օրինակ՝ Արայիկ Հայրապետյանը եւ Էդուարդ Մադաթյանը:
– Որեւէ կուսակցության անդամագրվելը սկզբունքներով եւ համոզմունքներով պայմանավորված քայլ է: Կյանքում կայացած ու շատ բաների հասած մարդկանց դժվար է ստիպել կամ հրահանգել՝ ընդունել նման լուրջ ու կարեւոր որոշում: «Օրինաց երկիրը» այդպիսի խնդիր չի էլ դրել իր առաջ: Արայիկ Հայրապետյանը, Էդուարդ Մադաթյանը, ինչպես նաեւ հազարավոր այլ մարդիկ անդամագրվում են «Օրինաց երկրին», քանի որ ընդունում են մեր կուսակցության մոտեցումները, մեր սկզբունքները, մեր անցած ճանապարհը եւ այն արժեքները, որոնց դավանում է կուսակցությունը, եւ հավատում են այն մրցունակ եւ իրատեսական ծրագրերի իրականացմանը, որոնք մենք առաջ ենք քաշում: Ի դեպ, «Օրինաց երկրի» շարքերը համալրած մարդիկ, նաեւ Արայիկ Հայրապետյանը եւ Էդուարդ Մադաթյանն արդեն այդ ամենի մասին իրենց մոտեցումները հրապարակավ հայտնել են: Բացի այդ՝ հայտնի է, որ «քաղաքականությունը խոհեմ որոշում ընդունելու արվեստ է»:
Եվ մարդիկ անկասկած՝ խոհեմ որոշում են կայացրել՝ անդամակցելով մի քաղաքական ուժի, որի գործունեության հիմքում հավատն է, անկոտրում ուժը եւ վճռականությունը՝ կառուցելու այնպիսի Հայաստան, որտեղ մարդիկ կապրեն անվտանգ ու բարեկեցիկ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել