Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՈՆ ԵՎ ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հուլիս 10,2010 00:00

Օրերս Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում կայացավ Սայաթ-Նովային նվիրված 2 գրքերի շնորհանդես, որը «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախաձեռնությամբ էր տպագրվել: Աշուղի, բանաստեղծի կյանքն ու ստեղծագործական գործունեությունն այս անգամ ներկայացնում է Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Հենրիկ Բախչինյանը, իսկ «Խաղեր. ընտրանի» ժողովածուի մեջ, որը նույնպես կազմել է Հ. Բախչինյանը, ընդգրկված են Սայաթ-Նովայի լավագույն ստեղծագործությունները: Աշուղի կենսագրությունը վկայում է, որ Լոռվա հետ նրա առնչությունները սկսվել են մորից՝ Սառայից, ով ծնունդով Սանահինից էր, իսկ կինը՝ Մարմարը, Լոռու Այգեհատ կամ Իքահատ գյուղից էր: Հայտնի է, որ կնոջ մահից հետո Սայաթ-Նովան կուսակրոն հոգեւորական է դառնում եւ գալիս Հաղպատի վանք, ուր անց է կացնում իր կյանքի ավելի քան 20 տարին: Երկու գրքերի հրատարակություններով այդուհետեւ սկիզբ է դրվում Հաղպատավանքի եւ Սայաթ-Նովայի հիշատակի օրերը նշելուն: «Մենք փորձում ենք ժողովրդի մեծ զավակներին արժանին մատուցել, իսկ գրքերով Սայաթ-Նովան հատկապես մատաղ սերնդին ավելի մոտ կլինի: Վարդավառի օրը Երեւանից, Վանաձորից եւ հանրապետության այլ վայրերից ուխտագնացություն կլինի դեպի Հաղպատ»,- նշեց «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Ս. Երիցյանը: Հուլիսի 11-ին՝ Վարդավառի օրը, Հաղպատավանքում պատարագով կսկսվի տոնակատարությունը, եկեղեցամերձ հրապարակում էլ կբացվի Սայաթ-Նովայի հուշաքարը, իսկ հրապարակն այսուհետեւ կկրի Սայաթ-Նովայի անունը: Համերգային ծրագրով հանդես կգան Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի եւ Հայաստանի գուսանական պետական անսամբլները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել