«Սուրբ ծառայություն» մատուցելու ավանդույթները վերացե՞լ են
Եթե մի պահ մտածենք, թե աշխարհի ո՞ր ազգերն են ավելի շատ հարուստ սեքսուալ հին ավանդույթներով, ապա շատերը կշեշտեն հնդիկներին, ճապոնացիներին, հույներին:
Բայց պետք է ասել, որ հայերն էլ հնագույն ժամանակներում պակաս «չարաճճի» ավանդույթներ չեն ունեցել: Մեր նախնիները սեռական հարաբերություններում շատ ավելի անկաշկանդ են եղել, քան ժամանակակից հայերը: Սեքսը նրանք ընդունել են որպես Աստծո տված մի բան եւ նույնիսկ զոհաբերություններ արել սիրո աստվածուհուն:
Հեթանոսության շրջանում հայուհիներն իրենց կուսությունն են զոհաբերել Անահիտ դիցուհուն: Այն ժամանակ ավանդույթ կար, աղջիկները Անահիտի տաճարում իրենց մարմնով էին ծառայում դիցուհուն: Կուսությունը զոհաբերելուց հետո, նրանք որոշ ժամանակ ապրում էին այդ տաճարում եւ տրվում հիմնականում օտարերկրացիներին: Ընդ որում, օտարերկրացիները անվճար չէին վայելում հայուհիներին: Նրանք որոշակի գումար էին մատուցում կանանց, որոնք էլ այդ գումարը նվիրաբերում էին տաճարին: Մինչ օտարերկրացիների ձեռքն ընկնելը, հայուհիները նախ տրվում էին իրենց սիրեցյալին կամ քրմին: Մինչ օրս մասնագետները տարակուսում են՝ արդյո՞ք մենք նման ավանդույթ ունեցել ենք: «Առավոտի» հետ զրույցում ազգագրագետ Ա. Կ.-ն (մեր զրուցակցի խնդրանքով իր անուն-ազգանունն ամբողջությամբ չենք գրում) վստահեցրեց, որ հին հայերի, այսպես ասած, «պիղծ ծեսերի» մասին գրել են նաեւ մեր պատմիչները: Իսկ նման ավանդույթ միջերկրածովյան գրեթե բոլոր ազգերի մոտ է եղել: Մասնագետները Անահիտին ծառայելու նման ավանդույթն անվանում են «սրբազան պոռնկություն»: Այս ավանդույթը, բացի հին մարդկանց՝ սեքսի նկատմամբ ունեցած վերաբերմունքից, նաեւ բնությանն ավելի մոտ կանգնած լինելու ու այն պաշտելու մասին է խոսում: Ինչ բնական է՝ դա բարոյական է: Ընդ որում, տաճարում չէր կարող հայտնվել ցանկացած կույս: Անահիտին ծառայելու բացառիկ իրավունք ունեին միայն ազնվատոհմ ընտանիքների աղջիկները, իսկ ծառայություն մատուցելու ժամկետը որոշում էին ծնողները: Ասում են՝ Անահիտին նման ծառայություն մատուցելուց հետո, այդ կանայք փեսացուների շատ թեկնածուներ էին ունենում եւ, որպես կանոն, հաջողությամբ էին ամուսնանում: Ավանդույթի իմաստը՝ ոչ միայն ում հետ պատահեր սեռական հարաբերություն ունենալն էր, այլ այն, որ տաճարում նրանք յուրօրինակ սեռական դաստիարակություն էին ստանում, որպեսզի հետագայում անփոխարինելի կին լինեին իրենց ամուսինների համար: Ավելի ուշ, սեքսով զոհողություններ անելու ավանդույթը փոխարինվեց տաճարում ինչ-որ թանկարժեք իր կամ մազերի հյուսքից մի մաս այնտեղ թողնելով:
Սիրո աստվածուհիներին ծառայելու ավանդույթներ կային նաեւ հին Հունաստանում եւ Հռոմում: Հենց այստեղ էլ հիմք է դրվել հետերա կանանց գոյությունը: Հետերաներին մեր օրերում անվանում են մարմնավաճառներ: Սակայն Հին Հունաստանում հետերա կոչվելու բախտն ամեն կնոջ չէր վիճակված: Նախ այդ կանայք պետք է օժտված լինեին ստեղծագործելու ունակությամբ: Եվ բացի սեքսուալ հմտություններ սովորելուց, այդ կանայք պետք է կարողանային գեղեցիկ երգել կամ պարել, նույնիսկ երաժշտություն ու բանաստեղծություններ ստեղծել: Այսինքն՝ բազմակողմանի զարգացած լինեին, որպեսզի տղամարդուն ամեն կերպ զվարճացնեին ու գոհացնեին: Վենետիկում այս դերը վերապահված էր կուրտիզանուհիներին, իսկ Ճապոնիայում՝ գեյշաներին:
Վերադառնանք Հայաստան. քրիստոնեությունն ընդունելուց հետո սեռական ճանապարհով «սուրբ ծառայություն» մատուցելու ավանդույթը, իհարկե, վերացավ: Սակայն վաղ քրիստոնեության շրջանում դեռեւս որոշ սովորույթներ կային, որոնք շատ ավելի հարիր էին հեթանոս հայերին: Օրինակ՝ անպտղաբերության դեպքում կար մի սովորույթ, որ չբեր կանայք շատ կարճ ժամանակով հեռանում էին տնից եւ «մերձենում» պորտաքարերի հետ: Իսկ ավելի կոնկրետ, նրանք իրենց պորտը քսում էին այդ քարերին, ինչից հետո, ըստ միամիտ տղամարդկանց, իրենց կանայք հղիանում էին: Սակայն մեզ հետ զրույցում ազգագրագետը նշեց, որ միայն քարերին «քսմրտվելով» անհնար է հղիանալ: Ուստի ենթադրվում է, որ չբեր կանայք առիթից օգտվում էին եւ համագյուղացիների աչքից հեռու ուղղակի տրվում ճամփորդներին:
Ի տարբերություն Եվրոպայի՝ հին հայերը, կարելի է ասել, ավելի առաջադեմ են եղել: Եթե միջնադարյան Եվրոպայում դեռ գոյություն ուներ ազգակցական ամուսնությունը, ապա հայերը շատ շուտ գլխի ընկան, որ քույր ու եղբոր ամուսնություններից աննորմալ երեխաներ են ծնվում: Ուստի դեռեւս 4-րդ դարում օրենք ընդունվեց, որով թույլատրելի էր միայն 7 պորտ հեռավորության ամուսնությունը: Ճիշտ է, գյուղերում 7 պորտը պահպանելը դժվար էր, քանի որ բոլորը իրար ազգական էին, բայց աշխատում էին գոնե 5 պորտը պահպանել:
Թեեւ հեթանոսական Հայաստանում գոյություն ուներ խառն ամուսնություն, այսինքն՝ ով ում հետ ուզեր սեքս կաներ, բայց աստիճանաբար ընտանիքի ինստիտուտի ձեւավորման արդյունքում ստեղծվեց մենամուսնությունը: Չնայած մեզ հարեւան Պարսկաստանում բազմակնությունն ընդունված էր, բայց անգամ հեթանոս հայերը չեն տարվել այդ ավանդույթով: