Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում ընթացող ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության օրերին, բացի ֆուտբոլային թոհուբոհից, ֆուտբոլասերների ուշադրության կենտրոնում է Պաուլ անունով ութոտնուկը, որը մինչեւ այժմ եզրափակիչ փուլի գրեթե բոլոր խաղերի հաղթող թիմերին ճիշտ է գուշակել:
Սա հաշվի առնելով՝ մենք Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Սահակ Աբովյանից հետաքրքրվեցինք, իրենց մոտ չունե՞ն այնպիսի կենդանի, որը ինչ- որ կերպ կարողանում է գուշակել ֆուտբոլային խաղերի հաղթող թիմերին կամ հետաքրքրված է որեւէ սպորտով ընդհանրապես: Նա պատասխանեց, որ չեն փորձել իրենց կենդանիներին ներգրավել գուշակության մեջ. «Այդ ֆուտբոլասերներն ուղղակի պարապ են մնացել եւ զբաղվում են ութոտնուկին փորձելով»: Մեր այն հարցին՝ իսկ ինչո՞վ են զբաղվում մեր Կենդանաբանական այգու կենդանիները, նա պատասխանեց. «Կերել են եւ հով տեղում ման են գալիս, որ հանգստանան»:
Նկատենք, որ եթե մեր երկրում էլ Պաուլի պես որեւէ կենդանի կարողանար գուշակել սպորտային խաղերի հաղթողներին, ապա Կենդանաբանական այգու հաճախորդները կտրուկ կավելանային, իսկ այնտեղի աշխատակիցներն էլ բուքմեյքերական գրասենյակներից տուն չէին գնա:
Իսկ մինչ այդ, Պաուլ ութոտնուկն արդեն հավակնում է դառնալ ֆուտբոլի խորհրդանիշ: Նշենք, որ Պաուլը հաղթող թիմերին որոշում է նրանց ազգային դրոշներով՝ նրա առջեւ դնում են 2 հավաքականների դրոշները, նա էլ ընտրում է նրանցից որեւէ մեկը: Գերմանիա-Իսպանիա կիսաեզրափակիչ խաղի ժամանակ նա նախապատվությունը տվել էր Իսպանիայի հավաքականին: Հունիսի 11-ին կայանալիք եզրափակիչ փուլի հաղթողն էլ, ըստ նրա, լինելու է Հոլանդիան:
Նկատենք, որ այս ութոտնուկի կանխատեսումները որեւէ ազդեցություն չեն ունենում բուքմեյքերական գրասենյակների սահմանած գործակիցների վրա: Բոլոր միջազգային բուքմեյքերական գրասենյակների սահմանած գործակիցներով՝ եզրափակչի ֆավորիտն է Իսպանիայի հավաքականը: