Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՎՐՈՊԱՆ՝ ԱՇԽԱՐՀԻ ՏԱՍՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ

Հուլիս 10,2010 00:00

\"\"ՀԱՀ-ում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունը շատ իրադարձություններով է տարբերվում նախորդ բոլոր 18 մունդիալներից: Առաջին անգամ առաջնությունն անցկացվեց Աֆրիկա մայրցամաքում, առաջին անգամ մրցաշարն անցկացնող երկրի հավաքականը չանցավ փլեյ-օֆ փուլ, առաջին անգամ մունդիալների պատմության ընթացքում երկու եղբայրներ տարբեր հավաքականների կազմում դուրս եկան միմյանց դեմ (Ժերոմ եւ Քեւին-Պրինս Բոատենգ եղբայրները Գերմանիա-Գանա խաղում), առաջին անգամ աշխարհի առաջնությունների պատմության ընթացքում մի հավաքականի կազմում էին ընդգրկված 3 եղբայրներ (Ջոննի, Ջերրի եւ Ուիլսոն Պալասիոսները՝ Հոնդուրասից), առաջին անգամ նախորդ առաջնության եզրափակչի մասնակիցները խմբային փուլում եզրափակեցին իրենց խմբերի մրցաշարային աղյուսակները… Այս շարքը երկար կարելի է շարունակել, սակայն ամենակարեւոր «առաջին անգամ»-ը, թերեւս, ձեւավորված ավանդույթի խախտումն է: Երբեք եվրոպական որեւէ հավաքական չի կարողացել տիրանալ «Հաղթանակի աստվածուհուն»՝ Եվրոպայի սահմաններից դուրս: ՀԱՀ-ում ընթացող աշխարհի առաջնության առաջին կիսաեզրափակչում Ուրուգվայի ընտրանու պարտությունը Հոլանդիայից՝ ֆուտբոլային աշխարհին պարգեւեց արդեն ձեւավորված այդ ավանդույթի խախտումը՝ Հոլանդիա եւ Իսպանիա-Գերմանիա զույգի հաղթող: Միայն թե, դեռ հաշված օրեր առաջ գրեթե անհնար էր համարվում եվրոպական այս եզրափակիչը: Խմբային փուլի ու 1/8 եզրափակիչ խաղերից հետո համատարած խոսվում էր եվրոպական ֆուտբոլի տապալման մասին: Իսկ արդեն քառորդ եզրափակչից Հին աշխարհ-Նոր աշխարհ չորս դեմառդեմ հանդիպումների ընդհանուր հաշիվը 10:4 դարձավ՝ հօգուտ եվրոպացիների:
Ուրուգվայում անցկացված աշխարհի անդրանիկ առաջնությունից մինչ օրս հաղթանակ են տոնել կամ եվրոպական, կամ հարավամերիկյան թիմերը: Ընդ որում՝ երկու աշխարհամասերի ներկայացուցիչների հաղթանակների քանակը հավասար է՝ 9:9: Կիրակի երեկոյան կայանալիք Հոլանդիա-Իսպանիա խաղը Հին աշխարհին կպարգեւի տասներորդ հաղթանակը, իսկ աշխարհին՝ նոր չեմպիոն: Աշխարհի առաջնությունների բոլոր 18 եզրափակիչներում հաջողության էին կարողացել հասնել միայն յոթ երկրների ազգային հավաքականներ՝ Ուրուգվայ (2 անգամ), Իտալիա (4), Գերմանիա (3), Բրազիլիա (5), Անգլիա (1), Արգենտինա (2), Ֆրանսիա (1): Ու եթե Հոլանդիայի ընտրանին մունդիալի եզրափակիչներում խաղալու փորձ ունի, Իսպանիայի հավաքականը հուլիսի 11-ի երեկոյան առաջին անգամ իր պատմության ընթացքում կմասնակցի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել