Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿԱՆԱՉ ԱՆՏԱՌՆԵՐԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ

Հուլիս 10,2010 00:00

 Այս գիրքը* դեռեւս մեզանից մեկի համար դյութական «ղողանջող զանգերի»
մասին է, որ գալիք սերունդների համար որպես նախազգուշացում է հնչելու, տարածվելու է երկրագնդի երեսին:

\"\"

Այսպես. Խորհրդային Միության փլուզման մոնումենտալ գաղափարների շրջադարձի, հանրապետությունների՝ միմյանց ծուռ ու ֆշշոցով նայելու, իրարից խոտորնակի փախուստի, խառնակ ժամանակաշրջանի հորձանուտի մեջ, զորությունը կորցրած կրոնների օրոք վերստին մեր դեմ քաոսը, արյունն ու սուրն էին բարձրացել: Մեր դարաշրջանում Ռուսաստանը հեռու եւ մոտիկ հնարավոր երկրներից լավագույնն էր, ում շահերը համընկնում էին Հայոց պետականի հետ. արդարամտությունը երկուսի միջեւ իր որոշակի չափն էր պահպանում: Նույկինի գիրքը պատմում է, թե ինչպես իրենք, խղճով եւ գութով առաջնորդվելով, մարդկանց մի խմբով 1991 թվականի փետրվարին Մոսկվա-Երեւան-Ստեփանակերտ թռչելուց հետո, նույն օրը ԽՍՀՄ ներքին գործերի զինված ուժերի ստորաբաժանումների եւ ադրբեջանական ԿԾԿծ-ի համատեղ պատժիչ գործողությունների վկան լինելով՝ իրենք էլ ժողովրդի պես նսեմացվելով, բռնադատվելով, դեռ Ստեփանակերտ չմտած՝ Արցախի օդանավակայանից վտարվեցին քամահրանքով: Ապրածից, տեսածից, լսածից սարսափած՝ Մոսկվայի Գրողների կենտրոնական տանը գործող «Ապրիլ»-ականների հիմքի վրա (Գ. Նույկինա, Թ. Գայդար, Վ. Օսկոցկի, Ա. Նույկին, Յ. Չեռնիչենկո) ստեղծեցին ռուս մտավորականության «Ղարաբաղ» կոմիտեն՝ «Կրիկ»-ը, որին ոչ միայն գիտնականներ, երգահաններ, գրողներ, բժիշկներ, առաջադեմ մտածողներ էին անդամագրվել, այլեւ արտասահմանցի՝ Անգլիայի Լորդերի պալատի փոխխոսնակ Քերոլայն Քոքսը: Նրանց ինտելեկտը ցնցում էր Ռուսաստանը, միջազգային լրատվամիջոցները, հասարակական միտքը: Գրքի հմայքը, ոչ միայն ժամանակակից, այլեւ պատմական փաստերի հանգամանալից ուսումնասիրությունների եւ զուգորդումների, մի դարաշրջանից մյուսը փոխանցված չլուծված խնդիրներին խիզախ եւ համարձակ, նոր պատասխաններ առաջադրելու մեջ է, ինչին իր կյանքի տասնհինգ տարիներից ավելին նվիրաբերեց Անդրեյ Նույկինը: Շարադրանքի հավաստի ոճը, ռիթմը, որոշակի կոմպոզիցիան, իրադարձությունների հաջորդականությանը տիրապետելը հենց առաջին պահից մասնակից է դարձնում խմբի հետ՝ հողից ոչ մի բան չմնացած, հողին ոտք դնելուն՝ ասես դատարկ սեւի մեջ սուզվելուն, ամայի ճանապարհների վրա՝ կիսաձիու, կիսամարդու, կիսատան, ձմերուկի պես կիսված աղջկա, կիսախնձորենու այգիների ու կենդանի ագռավի, ուրվականներին հանդիպելուն:
Ահա մի հաղորդագրություն հենց այդտեղից աշխարհին, 1991թ., մայիս, Շահումյան, «Ղարաբաղի» օգնության խմբի անդամ Ինեսսա Բուրկովա. «…Այսօր՝ առավոտյան ժամը 5-ին, խորհրդային «վոյենշչինան» եւ ադրբեջանական ԿԾԿծ-ը Լեռնային Ղարաբաղում ցեղասպանության են ենթարկում հայերին…»: Միաժամանակ Արցախի տարբեր շրջաններում կապույտ կայծակների նման աջ ու ձախից «գրադներն» էին պատառոտում գյուղերն ու քաղաքները: Ռուս մտավորականության կոմիտեն ելույթներով, հոդվածներով, հրապարակախոսությամբ հեղեղել էր մամուլը, հեռագրեր էր հղում Ելցինին, Բուշին, Գորբաչովին, Եվրախորհրդին, Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպանին, անգամ՝ ադրբեջանցի հայտնի գրող Անարին:
«ԿՐԻԿ»-ը ամբողջ զորությունն օգտագործում էր բարձրաստիճան չինովնիկների հետ բանակցելու եւ հրապարակախոսական ելույթների միջոցով փորձում էր դադարեցնել հայերի զանգվածային կոտորածը:
 Պատերազմը, որպես մի տնից բռնկված բոց, արդեն ծավալվել, հրդեհի նման բարձրացել, թռչում էր Արցախ աշխարհով մեկ: Ժողովուրդն անհավասար պատերազմի շրջապտույտի մեջ էր, նրա կենաց-մահու տնքոցին է միախառնվում ռուս մարդու՝ Նույկինի արդարամտությունը, ասելով. «Այս գրքում քիչ չեն դառը խոսքերը, որ ասել եմ իմ բազմաչարչար Ռուսիայի հասցեին…»: Ընդամենն այս երկու տողերի մեջ հանդիպում ես այն ցավին, ինչ իր ներսում Արցախի համար զգացել է նա:
Այդ օրերին Ռուսաստանում քիչ չէին մարդիկ, որոնց Արցախի ազատագրական պայքարը կայսրության կործանման սկիզբն էր թվում եւ կային այնպիսիք, որ Քրիստոսի պատմուճանի վրա զառ գցողների նման էին. ամեն բանում նպաստում էին ադրբեջանական ԿԾԿծ-ի հաղթանակին (Պոլյանիչկո, Սաֆոնով եւ այլք):
Նույկինը նրանց պատմական փաստաթղթեր է ներկայացնում, որ 1813թ. Արցախը Գյուլիստանի պայմանագրով Պարսկաստանից Ռուսաստանին է հանձնվել «հավերժական ժամանակով» եւ իր այս կարգավիճակից ոչ մի անգամ, որեւէ փաստաթղթով չի էլ հրաժարվել: Պարզապես, 1921թ. կուսակցական մարմինների կողմից ուղղակի ստիպողաբար բռնակցվել է Ադրբեջանին, ինչը չի կարող Արցախի նկատմամբ իրավական ուժ ունենալ՝ այն պարզ պատճառով, որ երբ հեղափոխության արդյունքում Ռուսական կայսրությունը փլուզվեց, եւ 1918-20թթ. Ադրբեջանը ինքնահռչակեց իր անկախությունը, Արցախը նրան չէր բռնակցված, իրավական փաստաթղթերում որպես ինքնավար մարզ չէր էլ հիշատակվում: Հենց իրավական այս պատճառաբանությամբ է Ադրբեջանը զրկվում Արցախի նկատմամբ պահանջատիրությունից: Մյուս կողմից, եթե մեզ հետաքրքրող հարցը աշխարհագրական, տարածաշրջանային, պատմական տեսանկյունով դիտարկենք, ապա ադրբեջանական պետության առաջացումը հիշատակվում է՝ սկսած միայն 1918-20թթ.: Մինչ այդ, որեւէ այլ «Ադրբեջան», բացի Ցարական Ռուսաստանին սահմանակից Պարսկաստանի հյուսիսային գավառից, չի էլ հիշատակվում: Իսկ Արցախը Ռուսաստանի հետ ոչ միայն պայմանագրերով եւ ընդհանուր թշնամու դեմ համատեղ թափած արյամբ, այլեւ ճակատագրով, մշակույթով եւ հոգեբանությամբ է կապված:
Այս գրքի խիզախումը՝ տարեգրությունը եւ իրադարձությունների հաջորդականությունը արխիվային պահոցներին հանձնելը չէ, այլ ժողովրդին արժեւորելը, 1991թ. փետրվարին Ստեփանակերտի օդանավակայանում ամիսներով ադրբեջանական ԿԾԿծ-ով շրջափակված մարդկանց լռության հետ առաջին անգամ հանդիպելը: Ասում է. «Ժողովրդի մեջ նորածինները, մանուկները չէին լացում, ծպտուն չկար»: Տեսել էր վարար, ափեափ կանգնած լռությունը:
«Հազարամյա հոգնություն»:
Նա գնացել էր հազարամյա լռություն պահող Հայ մարդու մոտ, դարերի հերթագայության՝ ծնունդների ու մահերի շրջապտույտի մեջ. պայքարի ինչ ձեւ… լռելով, ազատության ինչ ձգտում, ինքնահաստատման համար ինչ զոհեր, երկրագնդի երեսին դեռեւս պղպջացող ինչ տաք արյուն եւ Արցախ երկրի ինքնահաստատման խոշոր ջանքեր՝ ռուսական, եվրոպական, ամերիկյան, թուրքական գաղափարախոսությունների եւ քաղաքականությունների արանքում: Ի վերջո, ազատությունը Արցախ աշխարհի համար իր ամբողջի, Հայաստանի հետ միանալու նպատակն էր: Մարդկային, ռազմական, տնտեսական ռեսուրսներով գերազանցող հակառակորդի դեմ Արցախն իր գոյությունը պահպանելու համար մեկ անգամ չէ, որ օգտագործել էր դարերով կուտակած խորքային եւ հոգեւոր արժեքներից հունցված հնարավորությունները եւ մեկ անգամ չէ, որ փորձությունների ճանապարհին դրանք պահպանել էին իրեն:
Եվ հանկարծ անգամ լիարժեք պետությունների շարքին չդասվող Ղարաբաղը պատերազմի հաղթողն է: Միանգամից հարաբերական է դառնում մեծաքանակ ժողովրդով ու բանակով հակառակորդի անպարտելիության միֆը՝ փոխելով դարեր շարունակ մեզ հետապնդող, համոզմունքի աստիճանի հասցված վախի համակարգը: Հենց այդ պահից էլ սկսվում է Ադրբեջանի՝ այլ երկրներին դիմելով, իրեն փրկելու օգնության աղաղակը: Հենց նրանց այդ աղաղակից արդեն Արցախն էլ ուրիշ էր դարձել: Չեչենական, թուրքական, մահմեդական երկրներից օգնության եկած վարձկանները հանկարծ նկատեցին՝ Արցախն այլեւս այն փափուկ ազդրը չէ, որ չորս կողմից հափռել ու պատառոտում էին. դարձել էր արմունկների ու ծնկների նման չոր, դիմացկուն եւ ուրիշ: Արցախ պետությունը ձեռք բերվեց ներկաների, սրբերի կարգը դասված բացակաների եւ այսօր տնքացող բերդերում գտնվող ընկերների զորության շնորհիվ: Նրանք՝ ընտրյալները, փոխեցին համակերպվածության ընթացքը, որպեսզի գալիք ժամանակներն ավելի քիչ դառը, անորոշ ու մահաբեր լինեն, բռնապետության պղտոր թանձրությունը չամայացնի սրտերը, չլինի այնպես, քան այն ժամանակները, որ ապրեց Արցախը 1998թ. սկսած եւ դեռ ապրում է: Սրանք են Անդրեյ Նույկինի «Ղարաբաղն իմ ցավն է» գրքում ինտելեկտուալ առաքինությունների իրական, խիզախ օրինակները: Նրա դեմ ոչ միայն ադրբեջանական, այլեւ Ռուսաստանի Դաշնության դատախազությունն էր քրեական գործ հարուցել. «Ազգային եւ ռասայական հավասարության իրավունքները խախտելու» մեղադրանքով: Եվ միայն այդքանը չէր՝ «Իզվեստիա» թերթում տպագրած «Ղարաբաղյան օրագրերի» համար ադրբեջանցիների կողմից օրնիբուն վիրավորանքների, իր եւ ընտանիքի անդամների հետ դաժան հաշվեհարդարի սպառնալիքներով նամակներ եւ հեռագրեր էր ստանում: Այդ ամենին գումարվեց նաեւ Ադրբեջանի Կոմկուսի կենտկոմի երկրորդ քարտուղար, Արցախի արտակարգ դրության շրջանի պարետ Վ. Պոլյանիչկոյի սպանության մեղադրանքը: Ռուսաստանում էլ գտնվեցին մարդիկ, որ մեղքը բարդեցին «ԿՐԻԿ»-ի անդամներ Նույկինի, Եմելյանենկոյի, Գուտիոնտովի, Չեռնիչենկոյի վրա, իբրեւ թե «Պրավդա» թերթում Պոլյանիչկոյի ռեժիմի դեմ գրած հոդվածներով նախապատրաստել էին վրիժառու մարդասպանին: Սակայն նա հակառակորդի եւ այլալեզու թերթերի մեղադրանքներին, երբեմն էլ մեր՝ ընկերոջ նկատմամբ դրսեւորած աննրբանկատ մոռացկոտության, մեծամտության եւ թափթփված անուշադրությանն ի պատասխան, ասում է. «Իմ ամենաարժեքավոր պարգեւը Արցախի մայրերի՝ «Մայրական երախտագիտություն» մեդալն է, քանի որ այն Արցախը ռմբահարող «գրադների» բեկորներից է ձուլված»: Հաստատելով, թե ժողովուրդների հուսահատության ժամանակներում ինչպես են իրադարձությունների զգալի մասը հեռանալով՝ կորչում անցյալի խորքում, իսկ այն, ինչ կարեւոր է, որի համար նվիրյալներն ու խիզախները, դիմացկուն պետությունները համբերել ու պայքարել են, դառնում է տվյալ ազգի պատմությունը, նրա միսն ու արյունը:
Նա վերակառուցման տարիների ամենասուր խնդիրները, նրանց պատճառած ցնցումներն ու նշանակությունը նաեւ պատմափիլիսոփայական տեսանկյունով է դիտարկում, թե ինչպես է մարդը մի կողմից՝ մոլորվել պետությունների եւ ազգերի խճճված հարաբերությունների պատերազմական թնջուկում, մյուս կողմից՝ հայտնվել տարերային աղետների, ահաբեկչական հարձակումների, բանկերի փլուզման եւ անհամաձայնությունների ժամանակներում, որ ամբողջ մարդկության, Երկիր մոլորակի գոյությունն է հարցականի տակ առնվում: Գուցեեւ Անդրեյ Նույկինը ռուս խոշոր մտածող- հումանիստների փաղանգի վերջին հայրենասերներից է՝ ով թափանցելով հեռուները, պիտի հավատա Ռուսաստանի եւ համամարդկային գալիքի հաղթանակին այնպիսի ժամանակներում, երբ Ռուսաստանը քանի գնում, ավելի ծանրաշարժ է դառնում, երբ քաղաքականությունները օր օրի կարծես առեւտրի են վերածվում, մինչ բազմապիսի թշվառությունները, սնանկություններն ու նրանց հարուցած տագնապները ժողովրդին հուսալքում, ճնշում կամ թեւաթափ են անում: Ռուսաստանի համար ամենակարեւոր այս փուլում է, որ Նույկինը ձեռքը է դնում ցավին՝ պատճառների թնջուկը բացելով, երբեմն էլ Ռուսաստանի մտածելակերպից տարբերվող նոր լուծումներով նոր խնդիրներ է առաջադրում Ռուսաստանի ամբողջ ինտելեկտուալ ուժին: Նրա վերջին տարիների գործերը մշակույթի գեղեցկության, բարոյականության եւ նրա դերի մասին են, արվեստաբանական եւ փիլիսոփայական աշխատություններ են:
Այս խոսքի շրջանակներից վեր է՝ խոսել նրա փիլիսոփայական ուղղվածության եւ ըմբռնումների մասին. ինձ համար էլ, փիլիսոփայական մտածելակերպը, որ տարբեր դպրոցների իմացության գիտելիքներ է պահանջում, իր ամբողջ խորությամբ ըմբռնելի չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել