Լրահոս
Օրվա լրահոսը

Թագավորական հարստության ճգնաժամը

Հուլիս 10,2010 00:00

Forbes հանդեսը հրապարակել է ամենահարուստ միապետների վարկանիշային ցուցակը՝ տեղեկանում ենք ռուսական տարբեր կայքերից: Ցուցակը գլխավորում է Թաիլանդի թագավորը, որը $30 մլրդ կարողությամբ 67 անգամ ավելի հարուստ է Մեծ Բրիտանիայի Ելիզավետա 2-րդ թագուհուց: 
Ընդհանուր առմամբ, մոլորակի ամենահարուստ թագակիր անձինք մեկ տարվա ընթացքում աղքատացել են $10 մլրդ-ով, որը տոկոսային հարաբերությամբ կազմում է գրեթե 9%: Նրանց բոլորի հարստությունը միասին այժմ կազմում է ընդամենը $99 մլրդ:
Երկրորդ տեղում է հայտնվել Բրունեյի սուլթան Հասանալ Բոլկիախը, որի կարողությունը գնահատվում է 20 մլրդ դոլար: Այս երկրի եւ նրա սուլթանի հիմնական հարստությունը նավթի պաշարներից է, որոնք, ըստ որոշ տվյալների, կսպառվեն ընդամենը 25 տարուց: Սակայն առայժմ Հասանալ Բոլկիախը կարողացել է պահպանել իր եւ իր սուլթանության հարստությունը, որը նախորդ տարվա համեմատությամբ գրեթե չի պակասել: Երրորդ տեղը գրավել է Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլահ իբն Աբդել Ազիզը, որը համաշխարհային ճգնաժամի պայմաններում կարողացել է նույնիսկ 1 միլիարդով ավելացնել իր կարողությունը՝ հասցնելով այն $17 մլրդ-ից մինչեւ $18 մլրդ, իսկ նրա երկրի տնտեսությունը ցուցաբերել է տնտեսական 4%-ի աճ: Չորրորդ հորիզոնականում է հայտնվել նախորդ տարվա «բրոնզակիր», Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավար շեյխ Խալիֆ բեն Զաիդ ան Նահայան, որի կապիտալը տարվա ընթացքում $18 միլիարդից նվազել է մինչեւ $15 մլրդ: Լավագույն հնգյակը եզրափակում է Դուբայի շեյխ Մուհամմադ բեն Ռաշիդ Մակտումը, որը ստացել է տարվա գլխավոր անհաջողակի տիտղոսը, քանի որ «հաջողացրել» է իր հարստությունը մեկ տարվա ընթացքում կրճատել միանգամից 60%-ով՝ $12 միլիարդից հասցնելով ընդամենը $4,5 միլիարդի: Ի դեպ, բավական չէ, որ խեղճն այս տարի կորցրել է 7,5 մլրդ դոլար, հիշեցնենք, որ անցյալ տարի էլ նա  կորցրել էր  6 միլիարդ: Արեւելքի շեյխերին ու սուլթաններին զգալիորեն զիջում են նրանց եվրոպացի «գործընկերները»: Լիխտենշտեյնի իշխան Հանս-Ադամ 2-րդը պահպանել է իր 3,5 միլիարդը՝ զբաղեցնելով ընդամենը 5-րդ տեղը: 6-րդ տեղում է Մարոկկոյի թագավոր Մուհամմադ 4-րդը՝ իր անփոփոխ մնացած $2,5 մլրդ կարողությամբ: Քաթարի շեյխ Համադ բեն Խալիֆ Ատ-Թանին տարվա ընթացքում կարողացել է ավելացնել իր կարողությունը՝ $2 միլիարդից մինչեւ $2,4 մլրդ: Միլիարդատերեր թագակիրների վարկանիշային ցուցակը եզրափակում է Մոնակոյի արքայազն Ալբերտ 2-րդը՝ անփոփոխ $1 մլրդ կարողությամբ:
Աշխարհի տասներորդ ամենահարուստ միապետը արքայազն Քարիմ ալ Հուսեյն Աղա Խանն է, որը միակն է այս ցուցակում, որ ոչ թե ինչ-որ կոնկրետ աշխարհագրական տարածքի միապետն է, այլ մուսուլման-իսմաիլիթների հոգեւոր առաջնորդն է: Նրա կարողությունը կազմում է $800 մլն: Աղա Խանին հաջորդում է Օմանի սուլթան Քաբուս բեն Սաիդը՝ $700 մլն կարողությամբ, Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա 2-րդը՝ $450 մլն, Քուվեյթի շեյխ Սաբահ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր Ալ Սաբահը՝ իր $350 միլիոնով: Ի դեպ, սա միակ «նավթային միապետն է», որ, ի տարբերություն մյուս շեյխերի ու սուլթանների՝ նավթային հարստության բաժնետեր չէ, բավարարվում է միայն երկրից ստացած թոշակով: Այս համեստ շեյխին հաջորդում է Նիդեռլանդների թագուհի Բեատրիքս Վիլհելմինա Արմգրադը՝ $200 մլն: Եվ վերջապես հարուստ միապետերի ցուցակը եզրափակում է այդ ցուցակի ամենաերիտասարդ անդամը՝ Սվազիլենդի թագավոր Մսվաթի 3-րդը՝ $100 մլն կարողությամբ: Զարմանալի է, որ այս արքան տարին փակել է առանց կորուստների, չէ՞ որ անցած տարի մեծ սկանդալ առաջացավ այն բանից հետո, երբ անցած ամռանը նրա 13 կանանցից մի քանիսը գնումների ժամանակ ծախսեց միանգամից $6 մլն: Եվ դա այն դեպքում, երբ աֆրիկյան այդ երկրի բնակչության 69%-ն ապրում է աղքատության սահմանագծից անդին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել