Լրահոս
Օրվա լրահոսը

Լորդերի պալատ ը փոխանակեց Շվեյցարիայի տան հետ

Հուլիս 10,2010 00:00

Բրիտանացի ճարտարապետ Նորման Ֆոսթերը հրաժարվել է Լորդերի պալատում իր տեղից: Նա կպահպանի լորդի տիտղոսը, սակայն այլեւս չի կարողանա ներկա լինել նիստերին եւ մասնակցել նոր օրենքների քվեարկություններին: Այդ մասին տեղեկացրել է AFP ընկերությունը՝ հղում անելով հուլիսի 8-ին բրիտանական պառլամենտի ներկայացուցչի հայտարարությանը: Նորման Ֆոսթերը Լորդերի պալատի այն հինգ անդամներից մեկն է, որոնք հրաժարվել են իրենց տեղերից այդ ներկայացուցչական մարմնում: Նման որոշման առիթ է հանդիսացել նոր օրենքը, որը պետք է հեշտացնի հարկահավաքության ոլորտում վերահսկողությունը: Համաձայն այդ փաստաթղթի՝ պառլամենտի բոլոր անդամները պարտավոր են մշտապես բնակվել Մեծ Բրիտանիայում: Այդ օրենքի ընդունումից հետո Լորդերի պալատի (որը ոչ ընտրովի մարմին է) բոլոր անդամներին երեք ամիս տրվեց ընտրության համար: Օրենսդրության մեջ նման դրույթ է մտել Մեծ Բրիտանիայի ներկայիս վարչապետի ղեկավարած Պահպանողական կուսակցության փոխնախագահ լորդ Մայքլ Էշկրոֆթի հետ կապված սկանդալից հետո: Նրա հարկային կարգավիճակը անորոշ էր, իսկ ինքը՝ Էշկրոֆթը երկար ժամանակ չէր բացահայտում՝ վճարո՞ւմ է ինքը հարկեր արտասահմանում վաստակած գումարներից, թե՞ ոչ:
Ճարտարապետության ոլորտում ամենահեղինակավոր Պրիտցկերովյան մրցանակի դափնեկիր Նորման Ֆոսթերը Լոնդոնի Մերի-Էքս երկնաքերի, Հոնկոնգի եւ Պեկինի օդանավակայանների տերմինալների, ինչպես նաեւ աշխարհի շատ քաղաքների տարբեր շինությունների հեղինակն է, այդ թվում՝ «Մոսկվա-սիթի» գործարար կենտրոնում տեղադրված «Ռուսաստան աշտարակի»: Ֆոսթերը Լորդերի պալատի անդամ է 1999 թվականից: Մի քանի տարի առաջ նա ընտանիքով տեղափոխվել եւ բնակություն է հաստատել Շվեյցարիայում: 
Բացի Ֆոսթերից՝ Լորդերի պալատը լքել են նաեւ Լոնդոնի մետաղների բորսայի նախկին նախագահ Ռաջ Բագրին, Էլիսթեր Մաք-Էլփայնը, Իրվին Լեյդլոն եւ Լիդիա Դանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել