Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է աղմկում Նոր Արտամետը

Հուլիս 10,2010 00:00

Հանուն երեւանցիների անվտանգ առօրյայի՝ վտանգվել է նորարտամետցիների առօրյան

Հենց գյուղի «սրտի մեջ» է թափառող շների վնասազերծման «Յունի Գրաֆ- X» ՍՊԸ-ն: Տնօրեն՝ Գագիկ Գեւորգյան։ Վեց տարի առաջ ընկերությունը վարձակալել է Նոր Արտամետում գտնվող հայ-ռուսական համատեղ գիտափորձարարական կենտրոնի (նախկինում՝ կենսաբանական բազա) մասնաշենքերից մեկը: Վերջինս զբաղվում է մակաբույծների ուսումնասիրությամբ եւ նրանց դեմ պայքարի միջոցներով, ինչպես նաեւ մուֆլոնի եւ ընտանի ոչխարների խաչասերմամբ։ Կես դար առաջ, երբ հիմնվում էր կենսաբանական բազան, տարածքն ամայի էր ու անմարդաբնակ։ Սկսած իննսունականներից՝ Հայաստանում Նորվեգական խորհրդի գրասենյակը այդտեղ փախստականների համար կառուցեց նոր թաղամաս։ Գիտափորձարարական կենտրոնը կամա թե ակամա «սեղմվեց» առանձնատների մեջ։ Այնպես որ, «Յունի Գրաֆ-X»-ի այստեղ հայտնվելու պահին տարածքն արդեն բնակելի էր:
Այն հարցին, թե որքանով է նպատակահարմար նման գործունեություն ծավալել թաղամասում, գիտափորձարարական կենտրոնի աշխատակից Գ. Բոյախչյանը պատասխանեց՝ «Ստիպված ենք, քանի որ գիտական կենտրոնի միջոցները սուղ են։ Վերջին տարիներին մեր ձեռքից վերցրին նույնիսկ կերարտադրության նպատակով օգտագործվող չորս հեկտար տարածքը»։
Մայրաքաղաքից բերված թափառող շներին կլինիկայում վեց-յոթ օրվա ընթացքում վնասազերծելուց հետո կրկին հետ են տանում եւ բաց թողնում փողոցներում։ Ինչպես անասնաբույժ Սարիբեկ Իգիթյանն ասաց՝ եթե չլինեն այդ «սանիտարները», ապա աղբակույտերի մեջ վխտացող առնետները մեզ կուտեն:
Գործը, ինչ խոսք, բարի է: Սակայն Նոր Արտամետի պարագայում տեղին չէ «շները մեր բարեկամներն են» հայտնի խոսքը: Երեւանի փողոցներից հավաքված շների անդադար հաչոցներից խախտվել է գյուղի անդորրը։ Ասում են, որ երբեմն կատաղած շները դուրս են ցատկում ոչ այնքան հուսալի ցանկապատից եւ հարձակվում անցորդների վրա: Ավելին, հարեւան բնակավայրերից «հյուր» են գալիս տասնյակ այլ շներ եւ մինչեւ լուսաբաց խմբակային շնահաչը հանգիստ չի տալիս նորարտամետցիներին:
Գյուղում վախի տրամադրություն է: Թեպետ բնակավայրը գրավիչ ու հյուրընկալ է, սակայն շատերը հուսահատ ու ճարահատ ասում են. «Ձեռքներս ճար լինի՝ գլուխներս կառնենք ու կփախչենք»: Ոմանք վաղ առավոտյան կամ ուշ երեկոյան տնից դուրս են գալիս մահակներով զինված, քանի որ գազազած շունը ցանկացած պահի կարող է անկանխատեսելի վարքագիծ դրսեւորել: Համայնքի ղեկավարը փորձում է լուծել խնդիրը, որպեսզի շներով «օկուպացված» բնակավայրը ազատագրի, գյուղի օդը մաքրի սատկած շների գարշահոտությունից:
Կատաղած շներին քնեցնում եւ գցում են 4 մետր լայնություն եւ 9 մետր խորություն ունեցող Պետքար հորում: Բայց արդյո՞ք այդ հորը նախատեսված է դրա համար եւ արդյո՞ք տրամաբանական է բնակավայրի սրտում նման հոր ունենալը: Իսկ ի՞նչ է լինելու տարիներ անց: «Իսկ ի՞նչ է լինում բակերում կառուցված գյուղական արտաքնոցների հետ: Կլցվի՞, նորը կփորենք»,- հարցին հարցով պատասխանեց ընկերության ներկայացուցիչ Գ. Բոյախչյանը: Վերջինս անվերջ փորձում էր համոզել, որ ոչ մի գարշահոտություն չի տարածվում, այնինչ, թե արտամետցիները, թե Արտամետի հյուրերը առաջին բանը որ «ճաշակում» են՝ գարշահոտությունն է:
«Յունի Գրաֆ-X»-ին հովանավորում է Երեւանի քաղաքապետարանը՝ երեւանցիներին շներից փրկելու նպատակով: Իսկ ո՞վ է փրկելու Նոր Արտամետը եւ վերադարձնելու գյուղի երբեմնի անդորրն ու մաքուր մթնոլորտը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել