Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, նախորդ օրը սկսվեց եւ երեկ շարունակվեց ՀՀ ՆԳՆ ներքին զորքերի հատուկ նշանակության թիվ 1041 զորամասի հրամանատարի տեղակալ Գագիկ Մաթեւոսյանի (հայտնի է «Մուսկուլ Գագո» մականունով), Ռաֆայել Մասումյանի, գիտությունների թեկնածու Արտակ Ղուկասյանի, արցախյան պատերազմի մասնակից Վազգեն Կարապետյանի, հրամանատարի տեղակալներ Արայիկ Ոսկանյանի, Գրիգոր Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Մեղադրող Հովսեփ Սարգսյանը հրապարակեց մեղադրական եզրակացությունը:
Զինված խումբը մեղադրվում է ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության պետ Շահեն Հովասափյանի սպանության դրվագով, «Դովիլ» սրճարանի տեր Զեմֆիրա Մամիկոնի Միրիջանյանի՝ Երեւանի Այգեձորում գտնվող առանձնատնից գումարի հափշտակության, ՀՀ նախագահի աշխատակազմի գործերի կառավարչի տեղակալ Վարուժան Ռաֆիկի Գրիգորյանի եւ նրա դստեր՝ «Փեթակ» տոնավաճառի սեփականատեր Լուսինե Գրիգորյանի՝ Երեւանի Նորքի առանձնատան դեմ ծրագրված ավազակային հարձակման, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի 1-ին տեղակալ, «Մետրոշինվերանորոգում» ՓԲ ընկերության հիմնադիր Հրանտ Գրիգորի Բեգլարյանի սպանության նախապատրաստման համար: