ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը երեկ ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Չանչունին:
Չինաստանի դեսպանը, փոխանցելով Հայաստանի արդարադատության նախարարին ուղղված իրենց երկրի արդարադատության նախարարի հրավերը, ընդգծեց, որ իրենք իրատեսական են համարում մոտ ժամանակներում իրավական համագործակցության համաձայնագրի ստորագրումը: Մինչ այդ, նպատակահարմար համարվեց երկու նախարարների միջեւ համագործակցության հուշագրի ստորագրումը:
Չինական կողմը ներկա փուլում առավել օգտակար է համարել քրեակատարողական համակարգը ժամանակակից տեխնիկայով վերազինելը, այդ համակարգում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելը, ինչպես նաեւ թմրանյութերի ապօրինի շրջանառությունը կանխելը: Ընդ որում, նպատակահարմար գտնվեց հիշյալ հարցերի առնչությամբ առավել ամբողջական պատկերացում կազմելու նկատառումով՝ փոխադարձության սկզբունքով, այցելություններ կազմակերպել երկու երկրների քրեակատարողական համակարգեր:
Կողմերը պայմանավորվեցին նաեւ քրեակատարողական համակարգում զբաղվածության խնդրի լուծման ուղղությամբ համատեղ ուսումնասիրություններ կատարելու եւ ընդունելի լուծումներ գտնելու հարցերում: