Արդեն մեկ շաբաթ է, ինչ Նորքի 6-րդ զանգվածի 4-րդ շենքի բնակիչները ամբողջ գիշեր չեն քնում՝ խմելու ջուր են հավաքում: Չնայած նրան, որ այս հասցեում, ըստ «Երեւան-ջրի», շուրջօրյա ջրամատակարարում է, ցերեկային ժամերին ջուրը կտրվում է: «Առավոտի» հետ զրույցում 4-րդ շենքի բնակիչ Ռուզաննա Հակոբյանն ասաց, որ բազմիցս դիմել է 1-85 ծառայությանը, սակայն ամեն անգամ օպերատորի փոխարեն ինքնապատասխանիչն է միացել. «Հաղորդագրություն եմ թողել, բայց՝ անօգուտ: Այդպես էլ ոչ մի փոփոխություն չի եղել: Էլի գիշերվա 3-ից մինչեւ առավոտյան 8-9-ն է ջուրը գալիս, այն էլ կաթիլ-կաթիլ»: Բնակիչները «Երեւան-ջրից» ոչ մի պատասխան չստանալով, ստիպված դիմել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որի միջնորդությունից հետո, երեկ առավոտյան մի փոքր բարելավվել է վիճակը: Այս առնչությամբ «Երեւան-ջուր» ընկերությունից «Առավոտին» հայտնեցին, որ իսկապես ամռանը Նորքի զանգվածներում խնդիրներ են ծագում: Բանն այն է, որ մինչեւ Կաթնաղբյուրից խմելու ջուրը հասնում է Երեւան, գլխավոր մագիստրալից բազմաթիվ գյուղական համայնքներ ապօրինի ջրատարներ են միացրել եւ ջուրն օգտագործում են իրենց այգիները ջրելու համար. «Մենք պայքարում ենք այս ամենի դեմ, նույնիսկ 2 կիլոմետրանոց խողովակ ենք անցկացրել, որպեսզի գյուղացիները ջրաչափ դնեն ու օգտվեն: Այդպես նրանք իրենց անհրաժեշտ քանակության ջուրը կօգտագործեն, այլ ոչ թե օրերով միացրած կթողնեն ջուրը: Բայց շատ դժվար է նրանց օրինական դաշտ բերել: Փորձում ենք կարգավորել խնդիրը, որպեսզի գյուղացիք իրենց ջուրն ունենան, Նորքի բնակիչներն էլ՝ իրենցը: Այսպես ասած՝ աստծունը՝ աստծուն, կեսարինը՝ կեսարին»: