Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԹԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՈՒ ԹԱՆԿԱՆՈՒՄ

Հուլիս 10,2010 00:00

Ընթացիկ  տարվա հունիսին, մայիսի նկատմամբ, հանրապետությունում արձանագրվել է 0,8% գնանկում: Երեկվա ասուլիսում Ազգային վիճակագրության ծառայության գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանի ներկայացմամբ, ընթացիկ տարվա  5 ամսվա կտրվածքով աճել են  բանջարեղենի ու կարտոֆիլի գները՝ 21,3%-ով, միրգը՝ 17,4%-ով, մսամթերքը՝ 13,2%-ով, կենդանական ու բուսական յուղը՝ 3,9 %-ով, շաքարավազը՝ 6%-ով: Մոտ 10%-ով նվազել են ձվի գները, ոչ ոգելից խմիչքները՝ 0,8%-ով, մսամթերքը՝ 19%-ով: Իսկ հունիսին, մայիսի համեմատությամբ, պարենային ապրանքների գները նվազել են 1,3%-ով, ոչ պարենային ապրանքների գները՝ 0,9%-ով, աճել են  ծառայությունների սակագները՝  0,1%-ով:  Պարոն Մարտիրոսյանի խոսքով, պարենային 13 ապրանքախմբերից 8-ում արձանագրվել է գնանկում 8,5%-ից մինչեւ 0,1%:
Հացամթերքի գնանկումը կազմել է  0,1%, ձկնամթերքը՝ 1,6%, ձուն՝ 8,5%, կաթնամթերքը՝ 0,2%, կենդանական- բուսական յուղը՝  0,7%, մրգերը՝ 6,8%, բանջարեղենն ու կարտոֆիլը՝ 7,4%-ով, շաքարավազը՝ մոտ 5%,  0,2%-ով  աճել են հրուշակեղենի եւ 1,4%-ով մսամթերքի գները: Պարենային 3 ապրանքախմբում արձանագրվել է գնաճ՝ 0,1%-ից հասնելով  մինչեւ 2,4%, եւ 2 ապրանքախմբում գները մնացել են անփոփոխ: Պարոն Մարտիրոսյանը հիմնավորված չի համարում տնտեսագետների այն գնահատականները, որ մայիսից սկսած դրամը արժեւորվել է, իսկ ներկրվող ապրանքների գները հակառակը՝ թանկացել. «Գները փոփոխվում են առաջարկ-պահանջարկ հարաբերակցությամբ, եւ ուզած պահին ուզած ապրանքի գինը կարող է փոփոխվել»:
Պարոն Մարտիրոսյանի տվյալներով, այս տարվա հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է 7,3% գնաճ, պարենային ապրանքների գները բարձրացել են 5,5%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 13,4%-ով, իսկ ծառայությունների սակագները՝ 8,5%-ով: Պարոն Մարտիրոսյանը ներկայացրեց նաեւ ընթացիկ տարվա հինգ ամիսներին եվրոպական երկրներում արձանագրված գնաճի միտումները: Գների բարձր ցուցանիշով առաջատար դիրքերում էր Մալթան՝ 4,9%, Հունգարիան՝ 4%, Հունաստանը՝ 3,7%, Ռումինիան՝ 2,6%, միայն Իռլանդիայում է արձանագրվել գնանկում՝ 0,1%-ով: ԱՊՀ երկրներից Ռուսաստանում գնաճը կազմել է 4,4%, Ղազախստանում՝ 4,4 %, Ուկրաինայում՝ 3,3% եւ Վրաստանում՝ 2%:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել