Երեկ վերջապես շահագործման հանձնվեցին «Գլենդել Հիլզի» կառուցած շենքերը
22 տարի փտած տնակներում տարբեր հիվանդություններ ձեռք բերելուց հետո երեկ վերջապես գյումրեցի մի խումբ անօթեւաններ ստացան իրենց բնակարանների բանալիները: Հիշեցնենք, որ նրանց համար բազմաբնակարան շենքեր կառուցվում էին Գյումրու ծայրամասային թաղամասերից մեկում՝ Մուշ 2-ում, եւ եթե անօթեւաններից շատերը սկզբում չէին ցանկանում տեղափոխվել այնտեղ՝ քաղաքից կտրված լինելու պատճառաբանությամբ, ապա երեկ ուրախությունից եւ հուզմունքից ոմանց աչքերին նույնիսկ արցունքներ էին հայտնվել: Թաղամասի կարմիր ժապավենը կտրելու պատիվը վերապահված էր քաղաքաշինության նախարարին եւ Շիրակի մարզպետին: Բայց այդ արարողությանը ներկա էր նաեւ հանրապետության նախագահը: Նա հսկա շքախմբով եկավ, ժապավենը կտրեց, հատ-հատ մտավ շահագործման հանձնված բնակարանները, ստուգեց շինաշխատանքների որակը, հետո նոր միայն շահառուներին հանձնվեցին բնակարանների բանալիները: Նախագահը, չգիտես ինչու, եւ արդեն որերորդ անգամ, գյումրեցիներին ոչինչ ասելու ցանկություն չուներ, սակայն փոխարենը բոցաշունչ խոսք ուներ Գյումրու քաղաքապետը, ով այնպես ոգեւորվեց, որ նույնիսկ ցանկություն հայտնեց շինարարություն սկսել հայոց պատմական հողերում, օրինակ՝ քաղաքամայր Անիում: «Ուզում եմ փառք տալ Բարձրյալն Աստծուն, որ էս պահին բոլորս միասին հավաքված ուրախանում ենք Աստծո ողորմությամբ: Ես ամբողջ գյումրեցիների անունից ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել եւ իմ անունից, եւ էն ննջեցյալների անունից, որոնք 22 տարի առաջ ննջեցին, բայց իրենց հոգիները մեզ հետ են, Հայաստանի Հանրապետության նախագահին, որ էս ծանր պայմաններում ամբողջ աշխարհը, էդ հզոր պետությունները «կրիզիսի» անունի տակ կքած են, բայց էսօր նմանատիպ հսկայական գումարներ ներդրվեց Գյումրու անօթեւանների համար: Այո, սա ավելցուկից չէր, սա վերջինն էր, երբ մեր Գյումրին կամ Շիրակը, որ համարվում էր Հայաստանի Հանրապետության Բագրատունիների բնօրրանը (Բագրատունիների ժամանակ Հայաստանը, բնականաբար, հանրապետություն չէր-խմբ.), եւ Հայաստանի հինգ մայրաքաղաքները գտնվում էին Շիրակի աշխարհում, էստեղ Մուշ թաղամասը, որը մեր հին Մուշն է, վերականգնվեց, կողքը մեր Անին է, Անի թաղամասը նորից վերականգնվեց, եւ ես ցանկանում եմ, որ մենք ընդհանրապես չտեսնենք նմանատիպ երկրաշարժեր, եւ եթե նորից նմանատիպ շենք-շինություններ պիտի կառուցվի, թող կառուցվի մեր Անի քաղաքում, որովհետեւ Աստվածաշունչը եւ մեր Սահակ Պարթեւ կաթողիկոսն ասում են՝ աշխարհի վերջին օրերին հայերը տիրելու են իրենց հողերին, եւ մենք էլ աղոթելու ենք ՀՀ նախագահի համար, որ կարողանա էդ դրսի պայմաններում հաղթանակած հետ վերադառնա»,- ասաց վերջերս պատմաբան դարձած քաղաքապետը: Այնուհետեւ հաշվետվությամբ հանդես եկավ քաղաքաշինության ԲՀԿ-ական նախարար Վարդան Վարդանյանը: Վերջինս եւս իր խոսքը սկսելով զգացմունքային նոտաներով, մասնավորապես ասաց, որ լավ է հասկանում այն գյումրեցիներին, որոնք երեխաներ ծնեցին, ծնունդ, կնունք ու հարսանիք տոնեցին վագոն-տնակներում: Ապա նախարարը սկսեց գովերգել նախագահին՝ կրկնելով Գյումրու քաղաքապետի այն հանճարեղ միտքը, որ նույնիսկ հզոր երկրները ճգնաժամի պատճառով կրճատեցին իրենց սոցիալական ծախսերը, սակայն Սերժ Սարգսյանը գտավ միջոցներ: Նախարարը նաեւ շեշտեց, որ նորակառույց բնակարանները հարմարավետ են ապրելու համար, ապահովված են թե՛ սանիտարատեխնիկական հարմարանքներով, թե՛ գազօջախներով ու ջեռուցման սարքերով: «Միայն Գյումրիում շենքերի կառուցմանը ընդգրկված է ավելի քան 1100 շինարար, միջինը՝ 150 000 դրամ աշխատավարձով, եւ գերակշիռ մասը Գյումրիի բնակիչներ են, մատակարար 20 ընկերությունները նույնպես մարզից են, այս ամբողջը թույլ է տալիս լուծում տալ սոցիալական շատ խնդիրների, նույն սկզբունքը կիրառվում է նաեւ Սպիտակում: Գյումրիի Անի եւ Մուշ թաղամասերում ընդհանուր հաշվով մինչեւ 2011թ. նախատեսվում է կառուցել 59 շենք՝ 3030 բնակարանով, դրանցից 22-ը՝ 1056 բնակարանով արդեն հանձնվեց շահագործման, մնացած 37-ի շինարարությունը ընթանում է, 32-ը կկառուցվի Մուշ եւ 5 շենք Անի թաղամասերում, ընդամենը 1974 բնակարանով»,- զեկուցեց նախարարը:
Նշենք, որ այցի վերջում նախագահ Սերժ Սարգսյանը եղավ նաեւ Անի թաղամասում, որտեղ եւս ընթանում են շինարարական աշխատանքներ, իսկ ճանապարհին կանգնեց ու անձամբ լսեց գյումրեցի բողոքավորներից մեկին՝ Տեքստիլագործների թիվ 2 հանրակացարանում հացադուլ հայտարարած Հարությունյանների անօթեւան ընտանիքին, որոնց աստիճանավանդակները ԴԱՀԿ-ն ապամոնտաժել է՝ զրկելով ելումուտ անելու իրավունքից: Իսկ մյուս բողոքավորները փոշմանած ու հիասթափված հետ դարձան, քանի որ թիկնապահները, վիճաբանության մեջ մտնելով, չթողեցին անգամ մոտենալ երկրի նախագահին: