Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մութ ամպե՞ր «Երկիր մեդիայի» եւ «Կենտրոնի» վրա

Հուլիս 10,2010 00:00

Եթե ընդունվի ՄԻՊ-ի առաջարկը՝ կվտանգվեն փոքրիշատե բազմակարծություն ապահովող այս հեռուստաընկերությունները:

Մարդու իրավունքների պաշտպանի «Խոսքի ազատության իրավունքը Հայաստանի Հանրապետությունում» արտահերթ զեկույցը մշակած փորձագիտական խումբը երեկ կազմակերպել էր այդ զեկույցի քննարկումը: Ակնհայտ դարձավ, որ զեկույցի մասնավորապես այն հատվածի, որտեղ վերլուծված է խոսքի ազատության ոլորտում ՀՀ օրենսդրությունը, հեղինակը փորձագիտական խմբի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու Հրայր Թովմասյանն է: Հիշեցնենք՝ զեկույցում արձանագրված է, որ թեեւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքով կուսակցությունները չեն կարող լինել մաuնավոր հեռուuտառադիոընկերությունների հիմնադիրներ՝ «գործնականում եզակի չեն այն դեպքերը, երբ այս կամ այն հեռուստաընկերությունն ասոցացվում է կոնկրետ կուսակցության հետ»: Եվ անհրաժեշտ են համարվել օրենքում այնպիսի փոփոխությունները, որոնք ՀՌԱՀ-ին լիազորություն կվերապահեն ստուգել «հեռուստատեսության ու կուսակցության փոխհարաբերությունները՝ փաստացի կուսակցության հեռուստաընկերություն ունենալու դեպքերը բացառելու նկատառումով»:
Հրայր Թովմասյանը երեկվա քննարկման ընթացքում հիմնավորում էր այս առաջարկը. «Հասարակական ընկալման մեջ կամ անզեն աչքով էլ, կամ ուղղակի հեռուստատեսության ալիքները փոխելով՝ կարող ես եզրակացնել, թե նրանցից ով ինչ քաղաքական ուղղվածություն ունի կամ ինչ կուսակցության է սպասարկում: Այս հանգամանքը միջազգային պրակտիկայում արգելված է ու անթույլատրելի»: «Առավոտը» համաձայնելով, թե տեսականորեն այս դատողությունները ճիշտ են՝ առաջարկեց անդրադառնալ, թե գործնականում՝ մեր պայմաններում ինչ կլինի, եթե կենսագործվի զեկույցում պարունակվող այդ առաջարկը: Հայկական եթերում՝ մյուս ալիքների համեմատ, փոքրիշատե բազմակարծության սաղմեր են պարունակվում հենց այն հեռուստաընկերություններում՝ «Երկիր մեդիա» եւ «Կենտրոն», որոնց հետեւում կան կուսակցություններ: Մեր ենթադրությանը, որ եթե այս առաջարկն իրականացվի՝ զրկվելու ենք նաեւ բազմակարծության այդ փոքրիկ դրսեւորումներից, Հրայր Թովմասյանը մասնավորապես այսպես պատասխանեց. «Այսօրվա վիճակով կարող եմ համաձայնել ձեզ հետ, որ նրանք, որպես քաղաքական ուժ՝ որոշակի ինքնուրույնություն ունեն եւ դրա արդյունքում կարող են այդ բազմազանությունը ապահովել: Բայց ես ասում եմ՝ դա՛ չէ ճանապարհը, քանի որ այդ դեպքում տասնյակ այլ խնդիրների առջեւ ենք կանգնելու»: Նաեւ նշեց, թե որեւէ երաշխիք չկա, որ ընտրությունների ժամանակ այդ կուսակցական հեռուստաընկերությունները կապահովեն անաչառություն ու բազմակարծություն: Կարող ենք հավելել, որ ոչ միայն երաշխիք չկա, այլեւ այդպես էլ եղել է՝ չեն ապահովել:
Հրայր Թովմասյանն անդրադարձավ նաեւ այն հանգամանքին, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի նոր խմբագրությամբ անտեսվեց «Ա1+»-ի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը՝ այն է, որ արտոնագիր տրամադրելը մերժելու մասին ՀՌԱՀ որոշումները պետք է հիմնավորվեն. «Եվրոպական դատարանը, եթե ուշադիր նայենք, այդ որոշմամբ չի էլ ասում, թե ճիշտ եք արել կամ սխալ եք արել: Այդ որոշմամբ ասում է՝ դուք պարզապես պետք է հիմնավորեք, թե ինչի եք սա ընդունել կամ սա չեք ընդունել: Եվ անկեղծ ասած՝ ինձ համար, չասեմ՝ անհասկանալի է, չասեմ՝ ընկալելի չի, բայց սրանից հետո օրենքի նախագիծ է մշակվում եւ ամենաբարձր մակարդակով հայտարարվում է, թե գիտե՞ք՝ հեռուստաընկերություններին եթեր տրամադրելու մրցույթը գեղեցկության մրցույթի պես ինչ-որ մի բան է, ու չես կարող ասել՝ ով է լավ, ով է վատ, պարզապես քվեարկում ես, ու մարդը գեղեցկուհի է դառնում: Եվ երբ որ լրագրողն ասում է` գիտեք ինչ, դուք սրա համար 2-րդ անգամն եք պարտվելու, ասում են` դե ոչինչ: Նման երեւույթները չեն կարող մտահոգիչ չլինել»:
Փորձագիտական խմբի անդամը մտահոգիչ է համարում նաեւ հետեւյալ երեւույթը. թեեւ օրենքով արգելված է, որ մեկ իրավաբանական անձն ունենա մեկից ավելի հեռարձակման արտոնագիր, բայց իրականում հայտնի է՝ ՀՀ-ում կան հեռուստաընկերություններ, որոնց աշխատակազմը եւ տարածքը նույնական են, նույն սյուժեն ցուցադրվում է տարբեր ալիքներով: Հրայր Թովմասյանը նշեց, թե բարդ է լինելու մեխանիզմ սահմանել ալիքների նման մենաշնորհման դեմ, սակայն դա անհրաժեշտ է:
Նա նաեւ անդրադարձավ զրպարտության եւ վիրավորանքի համար նախատեսված պատիժների ապաքրեականացմանը՝ նկատելով. «Ապաքրեականացնելով՝ այնպիսի տուգանքներ ենք սահմանել, որոնք, ինչ ասեմ, եթե անգամ գումարային առումով հաշվես, թե եվրոպական մասշտաբներով ինչքան է՝ կտրո՛ւկ, մի քանի անգամ բարձր է, ինչը հենց նրանց զարմանքն է առաջացնում, ու խնդիր է հարուցում հենց համաչափության տեսակետից, թե որքա՞ն է դրա հասարակական վտանգավորությունը եւ դրան համարժեք՝ ինչպիսի՞ պատասխանատվություն ենք մենք սահմանում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել