Կոալիցիոն նախկին գործընկերներին հիշեցնում է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը
– Տեղեկություն հրապարակվեց, որ Դուք էլ եք ցանկացել ԵԽԽՎ-ում հանդես գալ ընդդեմ Մեւլութ Չավուշօղլուի՝ մասնավորապես այն փաստի կապակցությամբ, որ նա Երեւանում չայցելեց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր, սակայն Ձեզ չի ընձեռվել այդ հնարավորությունը:
– Այո, ես հերթագրվել էի ելույթ ունենալու հունիսի 21-ին՝ ԵԽԽՎ բյուրոյի եւ մշտական հանձնաժողովի հաշվետվության քննարկման ժամանակ, եւ ցանկանում էի ներկայացնել մեր մոտեցումները՝ կապված Չավուշօղլուի՝ Ծիծեռնակաբերդ չայցելելու վերաբերյալ: Այժմ իմ այդ ելույթը որպես հավելված առանձին կցված է այդ նիստի արձանագրությանը:
– ԵԽԽՎ կայքում նայել ենք նիստի արձանագրության հավելվածները՝ այդ հարցի վերաբերյալ Ադրբեջանի պատվիրակության անդամ Գանիրա Փաշաեւայի ելույթը կա, իսկ Ձեր ելույթը չկա:
– Ուրեմն՝ շատ վատ է, եթե կայքում չեն դրել: Այստեղ էլ երեւի միտում կա:
Ամեն նստաշրջան սկսելուց ամենակարեւոր հարցն անցած ընթացքում Վեհաժողովի բյուրոյի հաշվետվության քննարկումն է: Իսկ Չավուշօղլուն բյուրոյի նախագահն է, ու նրա կատարած այդ այցելության գնահատումն անելու ճիշտ տեղը հենց դա էր: Բայց այդ կարեւոր հարցի՝ հաշվետվության քննարկումը նախ նախատեսեցին օրվա վերջում, իսկ ելույթների համար էլ հատկացրին ընդամենը 13 րոպե, որի ընթացքում հազիվ հասցրին ելույթ ունենալ 5 խմբերի ներկայացուցիչները: Եվ քննարկումը դադարեցրին՝ հենց հասավ ելույթ ունենալու իմ հերթը: Կարծում եմ՝ այս ամենում միտում կար: Պրն Չավուշօղլուն շատ լավ գիտի՝ ով ինչ պիտի խոսի: Եվ բնականաբար՝ այնպես էին արել, որ չհասնի հերթը նրան, ով կարող է տհաճ բաներ ասել: Բայց ես անձամբ Չավուշօղլուին փոխանցել եմ, ասել եմ՝ հավելվածում կա ելույթիս տեքստը, կարող ես կարդալ ամբողջական գնահատականս՝ քո այցի հետ կապված:
– ՀՅԴ-ն դժգոհեց ԵԽԽՎ նախագահից, որ չայցելեց Ծիծեռնակաբերդ, բայց դժգոհեց նաեւ ԱՄՆ պետքարտուղարից, որն այցելեց, թեեւ՝ ինչպես ԱՄՆ դեսպանատունը նշեց՝ մասնավոր այցով: Ի դեպ, Հիլարի Քլինթոնից այս կապակցությամբ մեկ ՀՅԴ-ն էր դժգոհ, մեկ էլ՝ Թուրքիան, որի ԱԳ նախարարն այդ առիթով իր մտահոգությունները հայտնել է Սպիտակ տանը:
– Թուրքերն ընդհանրապես այդ փաստից էին դժգոհ, թե ինչու էր այցելել: Իսկ մենք ասում ենք՝ ի՞նչ է նշանակում մասնավոր այց:
Ինքնին կարեւոր էր այդ քայլը, որը կատարվել է Քլինթոնի կողմից: Մենք այն համարում ենք անհրաժեշտ, բայց ոչ բավարար: Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ անգամ նշված էլ չէ, թե նա այցելել է Ցեղասպանության զոհերի հուշարձան: Նրանք նշել են՝ «Պետքարտուղարը նաեւ մասնավոր այցով եղավ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ իր հարգանքի տուրքը մատուցելու 1.5 միլիոն հայերին, որ իրենց կյանքը կորցրեցին 1915թ.»: Այդ հուշահամալիրն իր անո՛ւնն ունի: Գոնե անունը գրեին, բայց քանի որ Ցեղասպանություն բառը պիտի հիշատակեին՝ չեն ցանկացել հիշատակել: Սա՛ է մեզ վրդովեցնողը, որ համառորեն չեն ուզում օգտագործել «ցեղասպանություն» բառը:
– Ուշադրություն դարձրե՞լ եք, թե վերջին օրերին ինչպես են կոալիցիայի պատգամավորները, մեկը մյուսին հերթ չտալով, զանազան վիրավորական որակումներ տալիս Ադրբեջանի նախագահին: Ինչպե՞ս եք գնահատում ներքին լսարանի համար արվող նման խրոխտ հայտարարությունները: Գուցե գտնում եք, թե հայտարարությունները վաղո՞ւց պիտի կոշտացվեին:
– Այո՛, հայտարարությունները չպիտի պահի ազդեցությամբ կոշտացվեն: Եվ ոչ միայն հայտարարությունները պիտի կոշտացվեն, այլեւ հայկական կողմի դիրքորոշումը եւ կեցվածքը: Ու դա միայն այսպես հոխորտանքներով չի կոշտացվում: Խնդիրը բանակցություններում համապատասխան պահվածք ունենալն է եւ հետեւողական քաղաքականություն, կոշտ մարտավարություն իրականացնելը, քանի որ Ադրբեջանը դրա հնարավորությունը լիուլի տալիս է: Մենք դրան համապատասխան այնտեղ չենք պահում, բայց դուրս ենք գալիս ու «կռվից հետո բռունցքներ թափ տալիս»: Բայց կռիվն այնտե՛ղ է՝ այդ ամեն ինչն այնտե՛ղ ասեք՝ մեր պահանջը դա է: Իլհամ Ալիեւն այդպես չէր խոսի, եթե չզգար, որ իր ասածները լա՜վ էլ անցնում են: Եվ այդ պատճառով էլ նրանք, բնականաբար, դառնում են շատ ավելի սանձարձակ: Ադրբեջանի նախագահն իր ելույթներում օր օրի դառնում է շատ ավելի ռազմատենչ: Փաստորեն՝ վերջնագիր է ներկայացրել ամբողջ աշխարհի առջեւ, որ եթե իր ուզած ձեւով չլուծվի այս խնդիրը՝ իրավունք ունի դադարեցնել խաղաղ բանակցությունները եւ հարցերը լուծել ուժի միջոցով:
Եվ սա է վատը, որ այս գիտակցությունն արդեն Եվրոպայի խորհրդում էլ է արմատավորվում, ու Չավուշօղլուի հիմնական դերակատարությունը, կարծում եմ, այդ իմաստով մեզ համար շատ մտահոգող պետք է լինի: ԼՂ հարցում միջնորդությունը ԵԽԽՎ նախագահի պաշտոնո՞վ է իրականացվելու, թե՞ որպես թուրք պաշտոնյա: Մինչեւ հիմա տեսնում ենք, որ ինքն իրեն լա՜վ էլ իբրեւ թուրք պաշտոնյա է պահում: Ուրեմն նրա «միջնորդությունը» մեզ համար շատ վտանգավոր է, քանի որ չի էլ թաքցնում, թե գործելու է իբրեւ իր կուսակցության ներկայացուցիչ եւ ունի սեփական մոտեցումները: Այսինքն՝ նա չի վարվում որպես ԵԽԽՎ նախագահ, ու արդե՛ն սա մեզ պետք է մտահոգի: Բայց փոխանակ մերոնք անեն այդ շեշտադրումները՝ ինչ-որ մարդիկ են դրա մասին հայտարարություններ անում, որոնք ուղղակի ազդեցություն չունեն տվյալ գործընթացի վրա: Ովքեր որ մասնակցում են այդ գործընթացին՝ թող նրա՛նք այդպես խոսեն: