Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երեկ մերժել է ՍԴՀԿ մի թեւի հայցն ընդդեմ Լյուդմիլա Սարգսյանի՝ հիմք ընդունելով վաղեմության ժամկետը: Այդ առիթով Նարեկ Գալստյանը HayNews.am-ին ասել է. «Փաստորեն ստացվում է, որ Հայաստանի արդարադատության մարմիններն ընդունում են այն փաստը, որ Լյուդմիլա Սարգսյանը հանցավոր ճանապարհով է հասել իր աթոռին, պարզապես նրա հանցավորությունն անպատժելի մնաց վաղեմության ժամկետի պատճառով: Այսինքն՝ եթե մենք դատարանին դիմած լինեինք, ասենք, 6 ամիս առաջ, ապա Լյուդմիլա Սարգսյանը վաղուց կհամալրեր տնային տնտեսուհիների շարքերը» Նարեկ Գալստյանը նաեւ նշել է. «Վճիռը ցույց տվեց, որ Լյուդմիլա Սարգսյանի ու նրան սպասարկող անձնակազմի պնդումները, թե մենք իշխանության դաշտում ենք գործում, բացարձակ հիմարություն են»: Նա հայտնել է, որ պատրաստվում են բողոքարկել այս որոշումը:
Հայցի մերժման հետեւանքով ՍԴՀԿ կնիքն ու փաստաթղթերը շարունակում են մնալ Լյուդմիլա Սարգսյանի մոտ:Վերջինս դատարանի որոշումը lragir.am-ին այսպես է մեկնաբանել. «Այնքան անհիմն հայց էր դա, որ իշխանություններն անգամ մեծագույն ցանկության դեպքում չկարողացան դատարանից պահանջել վճիռ կայացնել հօգուտ այդ խմբի: Այնտեղ պարզապես չկային հիմքեր»:
Հիշեցնենք, որ 2009թ. դեկտեմբերին ՍԴՀԿ արտահերթ համագումարը Լյուդմիլա Սարգսյանին եւ իր կողմնակիցներին կուսակցությունից հեռացնելու վերաբերյալ որոշում էր կայացրել՝ նրան մեղադրելով անօրինական կերպով կուսակցություն մտնելու, իրեն ատենապետ հռչակելու, կուսակցության գաղտնիքները հրապարակելու եւ կուսակցությունն այլ քաղաքական ուժերի շահերին ծառայեցնելու համար:Դրան հաջորդել էր Լյուդմիլա Սարգսյանի գլխավորությամբ ՍԴՀԿ հերթական համագումարը, որում անօրինական էին ճանաչվել ՍԴՀԿ արտահերթ համագումարն ու դրա արդյունքները:ՍԴՀԿ «Շիրխանյանական թեւը» դատարան էր դիմել՝ պնդելով, որ Լյուդմիլա Սարգսյանն իրավասու չէ տնօրինելու ՍԴՀԿ կնիքն ու փաստաթղթերը։