Ադրբեջանական լրատվամիջոցները՝ իրենց ոճի մեջ
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ղեկավար Ժոաո Սոարեշը, BBC-ի ադրբեջանական ծառայության մատուցմամբ, ասել է, թե Ադրբեջանի նախագահը կամք եւ հեղինակություն ունի ԼՂ խնդրի կարգավորման համար, սակայն չի կարծում, թե Հայաստանի նախագահը բավարար հեղինակություն ունի՝ համոզելու իր երկրի քաղաքական ուժերին:Նա նշել է, որ խաղաղ կարգավորման խոչընդոտի պատճառը տեսնում է Հայաստանում:Սոարեշն ասել է, թե կարող է այս մասին ազատ խոսել, քանի որ շուտով թողնելու է իր պաշտոնը:«Ադրբեջանի ղեկավարությունը խաղաղության հասնելու համար ե՛ւ կամք, ե՛ւ ուժ ունի:Հայաստանի նախագահը նույնպես խաղաղության հասնելու ցանկությունը ունի, Հայաստանի նախագահն իր ընտրվելու պահից շատ բան է արել դրա համար:Սակայն չեմ կարող ասել, թե իր երկրի քաղաքական ուժերի շրջանում Հայաստանի նախագահը բավարար հեղինակություն ունի:Եթե հայկական կողմը ճիշտ քայլեր նախաձեռնի, ապա դա իր համար Թուրքիայի հետ սահմանի բացում կնշանակի»,- ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ասել է ԵԱՀԿ ԽՎ նախագահը:
Այդ հայտարարությանը արդեն հասցրել էին պատասխանել ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամներ Լարիսա Ալավերդյանը եւ Վահան Հովհաննիսյանը: Սակայն բավականին արագ պարզվել է, որ ադրբեջանական BBC-ն խեղաթյուրել է Սոարեշի ասածները: ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Կլաս Բերգմանը henaran.am-ի թղթակցի հետ ունեցած հեռախոսազրույցում հերքեց ադրբեջանական 1news.az լրատվական կայքի տարածած այն տեղեկատվությունը, թե իբր ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշն ասել է, որ ղարաբաղյան հարցի կարգավորման ձգձգման մեղավորը Հայաստանն է, եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը բավարար հեղինակություն չունի երկրի քաղաքական ուժերի մոտ, որպեսզի կարողանա լուծել ղարաբաղյան հարցը: 1news.az-ը, հղում անելով Սոարեշին, հաղորդել էր, որ հակառակ ՀՀ նախագահի, Իլհամ Ալիեւը բավականաչափ դիրք եւ հեղինակություն ունի իր երկրում: Կ. Բերգմանը մասնավորապես ասաց. «Ադրբեջանական լրատվամիջոցը նենգափոխել է պրն Սոարեշի խոսքը՝ հօգուտ իր երկրի ներկայացնելով դրա բովանդակությունը»:
Ավելի ուշ ինքը՝ Սոարեշը, հանդես է եկել հայտարարությամբ, որում կոչ է արել ուշադիր լսել, թե ինչ է նա ասել: Սոարեշը մասնավորապես շեշտեց, որ իր հարցազրույցում նա չի մեղադրել ոչ Հայաստանի, ոչ էլ Ադրբեջանի նախագահներին, որ ԼՂ խնդիրն առայժմ չի լուծվել: