Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԻՆՉ Է ՔՆՆԱՐԿՎԵԼՈՒ ԱԼՄԱԹԻՈՒՄ

Հուլիս 10,2010 00:00

Ըստ Մամեդյարովի, Քելբաջարն ու Լաչինը հանձնելու հարցը, ըստ Շավարշ Քոչարյանի՝ Ղարաբաղի կարգավիճակը

\"\"\"\"

Հաջորդ շաբաթ Ալմաթիում ԵԱՀԿ-ի նախարարների նիստի շրջանակներում նախատեսվող հանդիպմանը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները քննարկելու են առաջին փուլում Քելբաջարը եւ Լաչինը ազատելու հարցը, ըստ «Ազատություն» ռ/կ-ի, ադրբեջանցի լրագրողների հետ զրույցում ուրբաթ օրը հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը. «Երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը տեղի կունենա հուլիսի 16-ին կամ 17-ին, (ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի), համանախագահները դեռ կոնկրետ ժամկետներ չեն նշել»,- ասել է նա՝ հավելելով, թե հայկական կողմի հետ բանակցությունները շարունակվում են նորացված մադրիդյան սկզբունքների հիման վրա:
«Այդ սկզբունքներից մի քանիսը մենք քննարկել ենք վերջին 6 տարիների ընթացքում, եւ այժմ իմաստ չունի վերադառնալ դրանց»,- նշել է Մամեդյարովը:
Նրա խոսքերով, բանակցություններում ուշադրությունը գլխավորապես կենտրոնացվելու է 5 շրջանների հետ նաեւ Քելբաջարի եւ Լաչինի ձեւաչափով վերադարձի հարցի վրա: «Պատմականորեն Քելբաջարն ու Լաչինը երբեք Լեռնային Ղարաբաղի կազմում չեն եղել: Այժմ խոսքը այդ երկու շրջանները վերադարձնելու ժամկետների մասին է»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը եւ վստահեցրել, թե մյուս 5 շրջանների վերադարձի հարցը արդեն լուծված է եւ այլեւս չի քննարկվում:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցին՝ Մամեդյարովը նշել է, որ հայկական կողմը հանդես է գալիս հանրաքվեի անցկացման օգտին, բայց Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ «քվեարկությանը հայերի հետ պետք է մասնակցի նաեւ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը»: Մամեդյարովի խոսքերով, կողմերի միջեւ այսօր քննարկվող սկզբունքների համաձայն՝ ստեղծվելու է Հայաստանի, Ադրբեջանի, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչներից բաղկացած հատուկ կոմիտե, որը պետք է զբաղվի հանրաքվեի հարցերով: «Սակայն դա հնարավոր է միայն ադրբեջանցի փախստականների՝ Ղարաբաղ վերադառնալուց հետո»,- հավելել է Ադրբեջանի արտգործնախարարը:
Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, անդրադառնալով Մամեդյարովի այս հայտարարություններին, tert.am-ին ասաց. «Ադրբեջանի արտգործնախարարը Սանկտ Պետերբուրգում նախագահական մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների մասին խոսելու փոխարեն շարունակում է իր անհիմն ցանկությունները իրականության տեղ մատուցել»՝ մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությունը, թե հուլիսի 16-ին կամ 17-ին Ալմաթիում կայանալու է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում, որի քննարկման գլխավոր առարկան է լինելու Լաչինից եւ Քելբաջարից զորքերի դուրսբերումը: «Որեւիցե տարածքից ղարաբաղյան ուժերի դուրսբերման մասին խոսք չի կարող լինել, քանի դեռ Ադրբեջանը չի համաձայնել ընդունել Ղարաբաղի կարգավիճակը՝ համաձայն ԼՂ ժողովրդի կամարտահայտության արդյունքների, եւ պատրաստակամություն չի հայտնել դուրս բերելու իր զինված ուժերը ԼՂՀ օկուպացված տարածքներից»,– ասաց Շավարշ Քոչարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել